Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 14, 2013 14:52

        ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին: Ընթացակարգին մասնակցելու հրավեր է ուղարկվել գրանցված 70 կազմակերպության, որոնցից միայն 15-ն է գնային առաջարկ ներկայացրել: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Գնահատող հանձնաժողովը գնահատումն իրականացրել է թե՛ նախահաշվային և թե՛ շուկայի ուսումնասիրության արդյունքում հաստատված գներով և հաղթող ճանաչել նախահաշվային և շուկայական միջին գներից նվազագույնին` հավասար կամ ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցներին:

Սահմանված կարգով գնային առաջարկների նվազեցման վերաբերյալ բանակցություններ են վարվել 16 չափաբաժնի համար: Բանակցության հրավեր է ուղարկվել մրցույթին մասնակցած 15 կազմակերպության։ 7-ն ընդունել է հրավերը և մասնակցել բանակցություններին, որի արդյունքում 3 կազմակերպություն նվազեցրել են ներկայացրած գները:

Այսպիսով, «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացարկարգի արդյունքում 30 չափաբաժնով 9 մատակարարի հետ կնքվել է գնման պայմանագիր՝ 675 մլն դրամ գումարի չափով, իսկ 14 չափաբաժնի համար գնահատող հանձնաժողովի կողմից ընդունվել է որոշում մրցույթը չկայացած հայտարարելու մասին:

2013թ. հունվարի 30-ին կայացել է «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-11/4-13/2» ծածկագրով դեղերի գնման ընթացակարգ` նախորդ գնման ընթացարկարգի չկայացած 14 չափաբաժնի համար: Հրավեր ուղարկված 84 կազմակերպությունից գնային առաջարկ է ներկայացրել 8-ը: Գնահատող հանձնաժողովը 2 չափաբաժնի համար կայացրել է որոշում մրցույթը չկայացած հայտարարելու մասին:

«ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-11/4-13/2» ծածկագրով գնման ընթացարկարգի արդյունքում 12 չափաբաժնի համար 6 մատակարարի հետ կնքվել է պայմանագրեր մոտ 510 մլն դրամ գումարի չափով:

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար իրականացված գնման ընթացակարգերի արդյունքում ձեռք են բերվել 652 մլն դրամի հակադիաբետիկ դեղեր, 278 մլն դրամի քրոնիկ երիկամային անբավարարության դեղեր, 154 մլն դրամի հոգեմետ դեղեր, 59 մլն դրամի հակաուռուցքային դեղեր, 44 մլն դրամի այլ հիվանդությունների դեղեր։ Ընդամենը ձեռք են բերվել շուրջ 1,2 մլրդ դրամի դեղեր:

Այսպիսով, վեց ամսվա կտրվածքով դեղերի գնման ընթացակարգերի արդյունքում 2012թ. պայմանագրային գումարների հետ համեմատած տնտեսվել է 283.950.930 դրամ, 2013թ. նախահաշվային գների համեմատ` 226.236.540 դրամ, իսկ 2013թ. շուկայական միջին գների համեմատ` 1.403.798.860 դրամ:

 

Դիտվել է 2139 անգամ:
Print Friendly

Leave a Reply