«Հնարավոր չէ պահպանել բնությունը միայն արգելման մեթոդներով»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 1, 2010 16:22

2010-ը ՄԱԿ-ը հայտարարել է կենսաբազմազանության պահպանության տարի: Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը և այս տարի այդ ոլորտում պետք է մի շարք քայլեր ձեռնարկի:

Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանն ասում է, որ անցած տարվա համեմատ` պետության կողմից պահպանվող տարածքների վիճակը բարելավվել է: Ստեղծվել են նաև «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերը, «Զանգեզուր» պետական արգելավայրը:

Աղասյանն ասում է, որ պահպանվող տարածքներում էկոհամակարգին վնաս պատճառող խախտումներ սովորաբար չեն գրանցում. խախտումները հիմնականում վերաբերում են որսագողությանը և ծառահատումներին: Ըստ Աղասյանի` աստիճանաբար նվազում է նաև այս տիպի խախտումների թիվը: «Խոսրովի պետական արգելոցում վերջին 2-3 տարվա ընթացքում որևէ անտառախախտման դեպք չի արձանագրվել, միայն` որսագողության 3-4 դեպք: «Շիկահող» պետական արգելոցում 2008-ին արձանագրվել է 6 չորացած ծառի հատման դեպք»,- ասում է Աղասյանը:

Արձանագրված խախտումների նվազումն Աղասյանը պայմանավորում է նաև այն հանգամանքով, որ 2000-ից ի վեր անտառապահների և տեսուչների աշխատավարձերը հնգապատկվել են` 10-15 հազարից հասնելով 50-60 հազարի: Բացի այդ, պահպանվող տարածքների ամեն տեղամաս ունի իր տեսուչը և որսորդական հսկողական խմբերը, որոնք շրջում են տարածքում և վերահսկում իրավիճակը:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նույնպես նշում է, որ Բնության համաշխարհային հիմնադրամի մասնագետները, որոնք ամեն ամիս մոնիթորինգ են իրականացնում պահպանվող տարածքներում, որսագողության դեպքեր չեն արձանագրել: «Տարածքները շատ մեծ են և բնապահպանական պետական տեսչությունը համապատասխան մարդկային և տեխնիկական ռեսուրսներ չունի, որ 100-տոկոսանոց պահպանություն իրականացնի: Այդ իսկ պատճառով, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի տեսչություններին առաջիկայում կտրամադրվեն նոր մեքենաներ և համապատասխան վառելանյութ` արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար»,- ասում է Մանվելյանը:

Անդրադառնալով օտարերկրացիների համար էկզոտիկ կենդանիների որս խոստացող էլեկտրոնային կայքերին ու գովազդներին` Մանվելյանն ասում է, որ մշակվել է որսագողերին բռնելու նոր համակարգ. «Թող գան, բռնվեն և համապատասխան տուգանքն էլ վճարեն: Մի քանի անգամ բռնվելուց հետո այլևս Հայաստան որսի համար չեն գա: Այդ կայքերն էլ կփակվեն: Թե չէ կայքերի դեմ պայքարն իրականում շատ դժվար է»:
Ներկայումս Հայաստանում կա 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 230 բնության հուշարձան: Չնայած միջազգային չափանիշներով հատուկ պահպանվող տարածքները 6-7 կարգավիճակ պետք է ունենան, սակայն Հայաստանում դրանք 4 խմբի են դասակարգվում:

Աղասյանն ասում է, որ այժմ քարտեզագրման աշխատանքներ են իրականացվում` պահպանվող բոլոր տարածքներում կարգավիճակային համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Պետք է հիմնավորվի` այդ տարածքներում կա՞ արդյոք առանձնահատուկ կենսաբազմազանություն, վերացման վտանգի տակ գտնվող հատուկենտ տեսակներ, որոնց համար արժե սահմանափակել դրանք: «Չպիտի մոռանանք, որ մենք ապրում ենք շատ սահմանափակ տարածքում, որտեղ կան նաև բազմաթիվ սոցիալ- տնտեսական խնդիրներ: Միայն արգելման մեթոդներով հնարավոր չէ պահպանել բնությունը»,- ասում է Աղասյանը:

Մանվելյանն էլ պահպանվող տարածքի կարգավիճակից ավելի կարևորում է կառավարման համակարգի արդյունավետությունը: «Պահպանվող տարածք ստեղծելն ինքնանպատակ չէ»,- ասում է Մանվելյանը` հավելելով, որ կենսաբազմազանության պահպանումից բացի, պետք է իրականացվեն նաև այդ տարածքի համայնքների զարգացմանը նպաստող ծրագրեր: Նրա խոսքով` 2000-2002 թթ. Շիկահողի արգելոցի նկատմամբ հարակից բնակավայրերի բնակիչները բացասական վերաբերմունք ունեին, մինչդեռ այսօր վերաբերմունքը փոխվել է շնորհիվ համայնքի զարգացման ուղղությամբ կատարված ծրագրերի: «Բնակիչները հիմա ձգտում են աշխատել արգելոցում, քանի որ բարձր աշխատավարձ է ապահովվում»,- ասում է Մանվելյանը: Առաջիկայում նաև «Արփի լիճ» ազգային պարկում կատարված ներդումների մոտ կեսը տրամադրվելու է համայնքների զարգացման ծրագրին:

Դիտվել է 3163 անգամ:
Print Friendly

Leave a Reply