Կառավարությունը ձևաչափ է փնտրում Carrefour-ը հայաստանյան շուկա ներգրավելու համար. Տիգրան Դավթյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 14, 2013 14:47

Հայաստանը շահագրգռված է, որ ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցը մեր երկրում հնարավորին շուտ ներկայացված լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ավելացնելով, որ շատ կարևոր է օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Անդրադառնալով Carrefour-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու խոչընդոտների վերաբերյալ ԶԼՄ-ների լուրերին՝ նախարարը նշեց, որ նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում բիզնեսի մեջ օրական հարյուրավոր անգամ: «Սա սովորական երևույթ է: Պետությունը շատ չի փորձում միջամտել այդ գործընթացներին: Խնդիրը երկու սուբյեկտների միջև պայմանների ճշգրտման մեջ է»,- ասաց Տիգրան Դավթյանը:

Նախարարի խոսքով Carrefour-ի նման ընկերության՝ Հայաստանում ներկայացվածությունը թույլ կտա ձևավորել մրցակցային դաշտ, մատչելիություն և հնարավոր կլինի օգտվել ապրանքների այն շարքից, որ կարող է տրամադրել այդ ընկերությունը:

Դավթյանը վստահեցրեց, որ գործադիրը փորձում է ձևաչափ գտնել, որպեսզի Carrefour-ը և նրա նման ընկերությունները Հայաստանում ավելի լայն կերպով ներգրավված լինեն:

 

Դիտվել է 1596 անգամ:
Print Friendly

Leave a Reply