Անդրե Դիրելը գոհ է իր մրցելույթից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 1, 2010 14:21

ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքի մարզապալատում Super Six մրցաշարի շրջանակում կայացած միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի (Գերմանիա) և Անդրե Դիրելի (ԱՄՆ) մրցամարտից հետո Դիրելը հայտնել է, որ ինքը գոհ է իր մրցելույթից: Ինչպես հայտնի է, այս բռնցքամարտիկների մրցամարտի 11-րդ ռաունդում Արթուրին որակազրկել էին` ընկած մրցակցին հարվածելու համար և հաղթանակը շնորհել էին ամերիկացուն: Վերջինս, հայտնվելով ռինգի հատակին, կարծել է, որ պարտվել է նոկաուտով: «Հասկանում էի, որ պառկած եմ անկյունում, բայց չէի գիտակցում, որ դրանից առաջ ծնկած եմ եղել: Հիշում եմ, որ բժիշկն ինձ հարցնում էր, թե ես որտեղ եմ գտնվում, բայց  չէի մտաբերում, որ թեկուզ մեկ հարված եմ ստացել: Ու թվում էր, որ հարված եմ բաց թողել և հայտնվել եմ նոկաուտում: Գլուխս ուժեղ ցավում էր և կենտրոնանալը դժվար էր: Ես հատակին էի, հանդիսականները բղավում էին, և այդ է պատճառը, որ  կարծում էի նոկաուտում եմ»,-ասել է Դիրելը: Բայց մարտավկաների թվում գտնվող նրա եղբայրը հայտնել է Դիրելին, որ նա հաղթել է, քանի որ մրցակիցը որակազրկվել է: Այժմ, երբ կրքերը հանդարտվել են ամերիկացին դիտել է հանդիպման տեսագրությունը և շատ գոհ է մնացել իր մրցելույթից: «Ամբողջ հանդիպման ժամանակ ես ինձ հրաշալի էի պահում, օգտագործում իմ ողջ վարպետությունը, նորույթներ կիրառում, որոնք չէր կարողանում հաղթահարել մրցակիցս: Ես հստակ գիտեի, թե ինչ պետք է անեմ և իմ ծրագիրն ուղղակի գերազանց կատարեցի: Դա փայլուն օրինակ է, թե ինչպես բռնցքամարտիկը պետք է հաղթի կռվարարին: Նույնիսկ զարմացած եմ իմ մրցելույթից: Ես չէի կառչում մրցակցից, նաև չէի փախչում նրանից, պարզապես ճիշտ էի օգտագործում ռինգի տարածքը: Մինչև որակազրկման պահը դա օրինակելի մրցամարտ էր»,- պարզաբանել է Դիրելը: Այսուհանդերձ, նա դժգոհ է, որ այդպիսի վերջաբանն իրեն հնարավորություն չի տվել մրցամարտից հետո վայելել հաղթանակի բերկրանքը: Եվ այդ առումով ասել է. «Վստահ եմ, որ մրցակիցս գողացավ իմ փառքի պահը: Ես մրցամարտից հետո հարցազրույցի չտվեցի, չմասնակցեցի մամուլի ասուլիսի»:

Դիտվել է 1749 անգամ:
Print Friendly

Leave a Reply