ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 13, 2013 14:57

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 13-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի հետ:

ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի դեսպանը քննարկեցին Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ընթացքին առնչվող հարցեր: Մասնավորապես Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների համար շատ կարեւոր է ընտրությունների ժողովրդավարական լինելն ու միջազգային չափանիշներին համապատասխանելը: Նրա գնահատմամբ՝ նախընտրական պայքարը մրցակցային է եւ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ հիմնականում ընթանում է ծրագրային ու գաղափարական հենքի վրա, գրեթե բացակայում է անձնական վիրավորանքն ու քաղաքական նիհիլիզմը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Հայաստանի համար մեծ հնարավորություն է ստեղծված` անշրջելի դարձնելու ժողովրդավարական ընտրությունները, եւ այս առումով կարեւորեց պատկան մարմինների՝ խախտումների վերաբերյալ օպերատիվ ու օբյեկտիվ արձագանքը:

Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի գնահատմամբ՝ այս ընտրությունները նման են մի կայանի, որտեղ հստակ կդառնան Հայաստանի ժողովրդավարական արժեքները: Նրա համոզմամբ՝ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու՝ իշխանությունների կատարած քայլերը ճիշտ են եղել եւ ավելի լավը, քան նախորդները: Ինչ վերաբերում է բողոքներին, դրանք լուրջ չեն եւ չեն կարող ազդել ո՛չ ընտրությունների ընթացքի եւ ո՛չ էլ արդյունքների վրա: Նա միաժամանակ նկատեց, որ աշխարհի բոլոր երկրներում էլ նախընտրական շրջանում բողոքներ լինում են. կարեւոր է, որ իրավասու մարմինները արագ արձագանքեն դրանց` կանխելու հնարավոր խախտումները: Դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանն այս ընտրություններով մեկ անգամ եւս կապացուցի, որ իր ստանձնած բարեփոխումները ճիշտ ուղու վրա են:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հունաստանի դեսպանը Էդուարդ Շարմազանովին հանձնեց Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների նամակը, որում նրանք տեղեկացնում են, որ սիրով են ընդունում ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ Հայաստան այցելելու հրավերը եւ բարեկամական խմբերի համատեղ նիստեր անցկացնելու առաջարկը:

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply