Թուրքական ավիաուղիների բորտ անձնակազմի նոր համազգեստը խիստ քննադատության է արժանացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2013 14:23

Օրերս թուրքական ավիաուղիները՝ THY-ը ներկայացրել էր իր բորտ  անձնակազմի նոր համազգեստը, որը սոցիալական մեդիայում լայն քննարկման առարկա է դարձել: Թուրք հայտնի դիզայներ Դիլեք Հանիֆի հեղինակած բորտ-ուղեկիցների և ուղեկցորդուհիների համար նախատեսված նոր համազգեստները իրենց վրա կրում են իսլամական ակնհայտ ազդեցություն՝ և ընտրված ոճի, և օգտագործված կտորների ու նախշերի տեսանկյունից: Բանն այն է, որ համազգեստը մեղմ ասած բավական փակ է, իսկ ուղեկցորդուհիների շրջազգեստները մուսուլմանական ավանդական հագուստ են հիշեցնում:

Թուքական «Radikal»–ը գրում է, որ թուրքական ավիաուղիների բորտ անձնակազմի նոր համազգեստը բոլորովին էլ դուր չի եկել հանրությանը և քննադատության է արժանացել: Թուրք մանեկենուհի և երգչուհի Թուղբա Օզայը ևս քննադատելով  դիզայներ Դիլեք Հանիֆին, նշել է. «Ես բոլորովին  չեմ հավանել դրանք: Կարծում եմ՝ Դիլեք Հանիֆը այսուհետ ոչ թե Փարիզի նորաձևության շաբաթին պետք է մասնակցի, այլ արաբական ցուցադրություններին: Նրանից մենք այսպիսի բան չէինք սպասում»:

Քննադատությունների կապակցությամբ թուրքական ավիաուղիները հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, նշելով, որ հրապարակված հանդերձանքը գոյություն ունեցող տարբերակներից միայն մեկն է, և ընկերությունը շարունակելու է աշխատել հագուստի այլ մոդելներ ստեղծելու ուղղությամբ:

 

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply