Ադրբեջանական դիպուկահարները մարդկային կյանքերը վտանգող խաղ են խաղում. Այգեպարի գյուղապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2013 14:47

Ադրբեջանական զինուժի գնդակոծությունների տակ հայտնված Տավուշի մարզի Չինարի, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր համայնքներում կյանքը ընթացնում է իր բնականոն հունով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը, թեեւ իրենք արդեն սովորել են անընդհատ կրակոցներ լսելու «պարտադրված առօրյային», այնուամենայնիվ, փետրվարի 12-ին անտանելի իրավիճակ էր: «Կրակահերթը շատ էր մինչեւ կեսգիշեր, իսկ դրանից հետո ժամը մեկ, երկու ժամը մեկ կրակոցներ էին լսվում: Այժմ էլ թեեւ համեմատաբար հանգիստ է իրավիճակը, այնուամենայնիվ, վտանգը կա»,- նշեց նա: Անդրանիկ Այդինյանը տեղեկացրեց, որ դպրոցները շարունակում են իրենց գործունեությունը: Հնարավոր չէ այժմ անգամ մեքենայով դուրս գալ: Այնուամենայնիվ, բնակիչները գյուղից դուրս գալու մասին չեն մտածում: Համայնքի ղեկավարը նշեց, որ կրակոցների ժամանակ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հակառակորդը խաղ է ուղղակի անում` խաղ մարդկային կյանքերը վտանգի ենթարկելով: «Մեկ այս տան վրա են կրակում, մեկ այն: Ամեն տան վրա կրակել են»,- տեղեկացրեց նա:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նշեց, որ գյուղն ուղիղ գծով նշանառության տակ է: «Կյանքը բնականոն հունով շարունակվում է, մեզ մոտ միշտ էլ այդպես է»,- ասաց նա` նշելով, որ գիշերը ժողովուրդը սառած եւ վախեցած է լինում, իսկ առավոտյան նորից նույն դպրոցը, նույն մանկապարտեզը, նույն սարսափը: «Այսպիսին է մեր իրավիճակը»,- ընդգծեց նա:

Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը եւս նշեց, որ մարդիկ անցել են իրենց սովորական աշխատանքին, երեխաները գնացել են դպրոց: «Սովոր ենք եւ կարող ենք դիմակայել»,- ասաց նա:

Մարզի հիշալ գյուղերը, նաեւ Մովսեսը փետրվարի 12-ին ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ է եղել: Չինարիում կրակել են երեխաների տեղափոխող ավտոմեքենայի, բնակելի տան ուղղությամբ: Վնասել են գազատարը: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է երեկոյան ժամը 6-ի սահմաններում: Սակայն ինտենսիվ կրակել է ժամը 9-ին մոտ, որից հետո ստանալով հակահարված առժամանակ դադարեցրել է կրակը: Կրկին վերսկսել է կրակել կեսգիշերին մոտ և լռել է միայն հայկական կողմի հակահարվածից հետո: Օգտագործվել են տարբեր տրամաչափի, այդ թվում նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքեր: ՀՀ ԶՈւ-երը վերահսկում են իրավիճակը:

Ադրբեջանական զինուժը խաղաղ բնակչության ուղղությամբ գնդակներ է արձակում պարբերաբար: Նախորդ տարի հակառակորդը կրկին նպատակային թիրախավորում էր Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես համայնքների բնակիչներին: Ադրբեջանական զինուժն այն ժամանակ կրակել էր այգեգործի, մանկապարտեզի, հումանիտար նպատակներով գյուղեր ուղեւորված միջազգային կազմակերպության ավտոմեքենայի ուղղությամբ: Հիշյալ համայնքների ղեկավարներն անհանգստացնող իրավիճակի մասին տեղյակ էին պահել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Անթալ Հեդրիչին եւ Իրժի Աբերլեին:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply