«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի կազմում կլինեն հոգևորականներ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 19, 2009 18:00

voske-ciran«Ոսկե Ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ներկայացնում է 3 մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր: Ֆիլմերը գնահատելու են 5 անկախ միջազգային ժյուրիներ:

Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին նախագահելու է Ճապոնացի հանրահայտ ռեժիսոր և սցենարիստ Կոհեյ Օգուրին: Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը` «Կեղտոտ գետը», 1981թ-ին ներկայացվել է Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Այն ճանաչվել է նաև տարվա լավագույն ճապոնական ֆիլմ ու արժանացել Մոսկվայի կինոփառատոնի 2-րդ մրցանակին:

Ժյուրիի կազմում են նաև «20th Century Fox» ընկերության գերմանական մասնաճյուղի ղեկավար, Եվրոպական կինոակադեմիայի անդամ գերմանացի Ալբերտ Վիդերշպիլը, իսպանացի Պակո Պոշը, ով Պեդրո Ալմադովարի «Փեփի, Լուսի, Բոմ և ուրիշները» ֆիլմի թողարկիչն է ու մի քանի հեռուստատեսային լիամետրաժ և վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր: Նրանց թվում են նաև Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ»-ի մրցանակակիր վրացուհի Նանա Ջորջաձեն, Բեռլինի փառատոնում «Արծաթե արջ» մրցանակին արժանացած ամերիկահայ Էրիկ Պողոսյանը, ով նաև Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի գլխավոր դերակատարն է, և «Խենթ սիրտ» հեռուստասերիալում իր դերակատարման համար «Ջին»-ի մրցանակակիր կանադահայ Արսինե Խանջյանը:

Միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրին նախագահելու է «ՍՏՍ մեդիա»-ի նախագահը` ռուս ռեժիսոր Ալեքսանդր Ռոդնյանսկին: Ժյուրիի կազմում են նաև Յան-Հայդն Սմիթը (Մեծ Բրիտանիա), Մայքլ Վիդեմանը (Գերմանիա), Էնիս Ռիզան (Թուրքիա) և Արտյոմ Մելքումյանը (Հայաստան):

Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրիի բոլոր անդամները հայեր են, որոնցից 3-ը ծնվել և ստեղծագործել են արտերկրում:

Փառատոնին լինելու են նաև Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՊՐԵՍՍ) և Էկումենիկ կամ եկեղեցիների անկախ ժյուրիներ: Վերջինները պետք է դիտեն և գնահատեն հոգևոր արժեք ունեցող այն ֆիլմերը, որոնք «ծառայում են մարդու էության բարելավմանը»:

Հրապարակվեցին նաև փառատոնի պատվավոր հյուրերի անունները` ամերիկացի ռեժիսոր Ռոբ Նիլսոն , Լեհաստանից Յեժի Սկոլիմովսկի, ֆրանսահայ կինոպրոդյուսեր Ալան Թերզյան, ԱՄՆ-ից Անահիտ Նազարյան, ռուս կինոդերասանուհի Տատյանա Դրուբչին և ռուս ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայան:

Դիտվել է 1946 անգամ:
Print Friendly

Leave a Reply