Հայրիկյանը՝ Բագրատյանին. Դու գո՞ղ ես, թե՞ ավազակ, էդ ի՞նչ բոլշեւիկյան, ՀՀՇ-ական մոտեցում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 12, 2013 20:10

Ես նոր Հրանտ Բագրատյանին բացահայտեցի եւ տխրեցի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ շեշտելով, որ տխրել է, քանի որ ուզում էր մի մարդու օգտակար լինել, սակայն Բագրատյանն իրեն հիշեցրեց, որ իր թիմակիցներին դավաճանել է, իրեն պառլամենատական աթոռ տված Լեւոն Տեր-Պետրոսյանից չի հարցրել կարծիք իր առաջադրվելու մասին:

Հարցին, թե Դուք պատրա՞ստ եք ընտրություներից հետ չշնորհավորել Սերժ Սարգսյանին, եթե նա դառնա նախագահ, քանի որ Հրանտ Բագրատյանի միասնական թեկնածուի ձեւավորման պայմաններից մեկը դա էր, Հայրիկյանը պատասխանեց, որ ինքը նարդի խաղալիս էլ ով հաղթում է, շնորհավորում է:

Խոսելով իր ընդդիմադիր չլինելու մասին Հրանտ Բագրատյանի կասկածների մասին՝ Հայրիկյանը նշեց, որ նախագահի թեկնածուների մեջ երկու հոգի պաշտոն ունեն՝ Սերժ Սարգսյանը եւ Հրանտ Բագրատյանը: «Պաշտոն ունեցող մարդը խոսում է մարդու մասին, ով պաշտոն չունի: Բանուգործ չունես Հրանտ, բա ասում էիր օպոզիցիոներ ես, դու իշխանություն ես, Սերժ Սարգսյանը իշխանություն է, պայքարիր իշխանության դեմ: Եթե օպոզիցիոներ ես, քո միակ խնդիրը իշխանության դեմ պայքարելն է: Եթե իշխանությունը չարիք է, ուրեմն Բագրատյանը չարիք է եղել 4որս տարի, երբ վարչապետ էր»,- ասաց Հայրիկյանը՝ կոչ անելով մանկապարտեզային տարիքից բարձրանալ եւ քաղաքական կյանքը չբաժանել իշխանության եւ ընդդիմության:

Հայրիկյանը նաեւ վրդովվել էր Հրանտ Բագրատյանի՝ բանակցությունները հրապարակային դարձնելու մեղադրանքից: «Դու ով ես, որ ես քո հետ գաղտնի խոսակցություն ունենամ: Իրեն գիտնական համարող մարդը ստանում է գրություն, չի խոսում բովանդակության մասին, այլ ասում է, թե. «Ինչի՞ է հրապարակային ասել»: Դու գո՞ղ ես, թե՞ ավազակ, էդ ի՞նչ բոլշեւիկյան, ՀՀՇ-ական մոտեցում է: Գիտնականը պետք է նյութին ըստ էության անդրադառնա, դա քաղաքական գործչի կեցվածք չէ»,- ասաց նա:

Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ հանդիպմանը բազմիցս անդրադարձավ Հրանտ Բագրատյանին՝ ուղղակի, թե` անուղղակի: «Մարդ, որ եկել եւ ասել է, որ դեռ պետք է պարզենք դա մահափորձ էր, թե` ոչ: Մարդ, որ իրեն թվում է, թե ուզում է դառնալ սովխոզի նախագահ, տնտեսական ծրագրեր է ներկայացնում, այնինչ պետք է երկիրը ղեկավարելու լուրջ ծրագիր ներկայացնի, անգամ այդ մարդու հետ ես պատրաստ էի համագործակցել»,- նշեց նա:

Հայրիկյանը շեշտեց, թե «մարդիկ չեն ուզում հաղթել, հաճույք է պատճառում հրապարակային երեւալը»: «Այդքան տարի վարչապետ աշխատած մարդը պետք է իրեն զսպել էլ իմանա, մարդը վիրավորվում է, որ իրեն հրապարակային առաջարկ է արվել: Առողջ չէ իր մոտեցումը,ես իրեն առողջություն եմ մաղթում»,- դիմելով Հրանտ Բագրատյանին՝ ասաց նա:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ՍԴ, իսկ այսօր նոր դիմում է ներկայացրել եւ հետ վերցրել երեկվա իր դիմումը: Երեկ Հայրիկյանը հայտարարել էր,որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ինքը դիմումը հետ կվերցի եւ ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Հակառակ դեպքում ինքը կհետաձգի ընտրությունները, որպեսզի կարողանա ամբողջական քարոզարշավ իրականցնել: Անդրադառնալով միասնական թեկնածուի ստեղծմանը` Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե դրա համար նախ պետք է յուրաքանչյուրը հայտարարի, որ ընդդիմադիր է, հրաժարվում է ցանկացած պաշտոնից եւ չի շնորհավորելու իշխանության թեկնածուին: «Ես կուզենայի, որ բացի ինձնից, մյուս երկուսը եւս պնդեն, որ հավատարիմ են այդ կետին, որ պաշտոն չեն ստանում եւ չեն շնորհավորելու իշխանության թեկնածուին, եթե նա հաղթի ընտրություններում: Քանի որ ցուցակների վերաբերյալ կետը չհարգվեց եւ ոստիկանությունը չտվեց: Պետք է հասկանամ, որ այդ երեք ստորագրածները ընդդիմություն են»,- ասել էր նա:

Նա նաեւ նշել էր, որ իրենք պայմանավորվածություն ունեին հանդիպումների մասին ոչինչ չհայտնել, քանի դեռ վերջնական արդյունքի չեն հասել, եւ «ինչ կարիք կար հավաքել լրագրողներին եւ հայտարարել»: «Սա միասնական թեկնածուի թեզի տակ եղած ընդդիմադիր դաշտը զրոյացնելու փորձ է, այստեղ տեսնում եմ նաեւ իշխանության խաղը»,- ասել էր նա:

NEWS.am

Դիտվել է 1983 անգամ:
Print Friendly

Leave a Reply