Ոչ թե ձևի համար, այլ իսկապես կին քաղաքական գործիչներ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | February 12, 2013 21:38

Անկախ“-ի լրագրող Մարիամ Մուղդուսյանի այս հոդվածը փետրվարի 12-ին կայացած Նա/Նե ամենամյա հինգերորդ մրցույթի ամփոփման ժամանակ արժանացել է երկրորդ մրցանակի ՛՛Լավագույն տպագիր նյութ՛՛ անվանակարգում: Ներկայացնում ենք հոդվածը ստորև.

«Կինը ստեղծված չէ ընդամենը անկողնում տղամարդու մխիթարությունը լինելու համար: Այս սեռական թյուրիմացության վրա էլ կառուցվել է կանանց և տղամարդկանց հարաբերությունների ողջ կեղծ համակարգը, որը լրջորեն խոցում է մեր սեռի ինքնասիությունը»:

Մերի Ուոլսթոնքրաֆթ,1792 թ.

Միշտ էլ կանայք պայքարել են տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու համար, սակայն պայքարը զգալի արդյունքներն է տվել և իրավաբանական ձևակերպումներ ստացել համեմատաբար վերջերս: Հարկ են եղել հարյուրամյակներ, որպեսզի կանայք ձեռք բերեն տղամարդկանց հավասար իրավունքներ, ընդ որում, այդ իրավունքները նրանց չեն տրվել, դրա համար նրանք ստիպված են եղել լուրջ խնդիրներ հաղթահարել: Նույնիսկ ժամանակակից աշխարհում կանայք պայքարում են իրենց իրավունքների համար, և նույնիսկ XXI դարում կանանց իրավունքների պաշտպանությունը մնում է խիստ արդիական, հատկապես ու նաև այս տարածաշրջանի համար:

Տաբուներով ու կարծրատիպերով ամուր հայրիշխանությունն իր ամենաբիրտ դրսևորումներով դեռ շարունակում է ապրել: Չէ՞ որ դա գալիս է անհիշելի ժամանակներից. «Երեք բան կարելի է համարել երջանկություն. դու վայրի կենդանի չես, դու հույն ես, ոչ թե վայրենի, դու տղամարդ ես, կին չես» (Սոկրատես, մ. թ. ա. IV դար):

Հնագույն աղբյուրներ կան, որոնցում  գրված է, թե կանայք ցածր են տղամարդկանցից: Հին աշխարհի մտածողների և գիտնականների մեծ մասը լայնորեն քննարկել է` արդյոք կինը  մա՞րդ է, թե՞ ոչ: Նրանց նկատմամբ բռնություններն արդարացրել են այն պնդմամբ, թե կինը հոգի չունի, հետևաբար նա ավելի համահավասար է կենդանուն, քան տղամարդուն, ուստի նրա նկատմամբ բռնությունն արդարացվում է:

Այս խտրականությունը կանանց նկատմամբ մնաց անփոփոխ ոչ միայն հին աշխարհում, այլև քրիստոնեության ընդունումից հետո. դեռ ավելին, քրիստոնեության ընդունումից հետո կանանց ազատություններն ավելի սահմանափակվեցին, քանի որ քրիստոնեության  ողջ գաղափարախոսությունն ակնհայտ հայրիշխանության դրսևորում է:

Այսպես, շոտլանդացի կրոնական բարեփոխող Ջոն Նոքսը գրում է. «Կինը ստեղծված է աստծո կողմից, որպեսզի հոգ տանի և ծառայի տղամարդուն, ոչ թե ղեկավարի և օրենքներ հնարի» (1558 թ.): Երկար դարեր կանանց նկատմամբ հենց այս մոտեցումն է իշխող եղել Եվրոպայում:

Ավելի ուշ` արդեն XX դարում, շատ գիտականներ սկսեցին ֆիզիոլոգիական արդարացումներ բերել կնոջ` ավելի ցածր և շատ բնագավառներում անկարող լինելու համար. այս առումով Ֆրոյդն ասում է, որ լիիրավ հավասարություն չի կարող լինել, քանի որ սեռական կյանքում առավել ակտիվ  է տղամարդը, հետևաբար սա անդրադառնում է նաև կենցաղում, ինչպես նաև քաղաքական կյանքում: Ավելին, նա պնդում է, թե  «անատոմիան ճակատագիր է» (1925 թ.): Հետագայում կանանց իրավունքների պաշտպանները  լուրջ քննադատության ենթարկեցին Ֆրոյդի այս պնդումները և հիմնավոր հակափաստարկներ բերեցին այս տեսության դեմ, սակայն դա քննարկման այլ թեմա է:

Իսկ ինչո՞ւ այսքան ժամանակ պահանջվեց, որպեսզի կանայք վերջապես սկսեն պայքարել  իրենց իրավունքների համար: Շատ տեսաբաններ այս երևույթը կապում են պատերազմների ձևի փոփոխման և կրճատման, ինչպես նաև տեղեկատվության հոսքի հետ:

 Օրենքը կա, կիրառումը` ոչ

Գալով հայկական իրականությանը` փաստենք, որ մեր հասարակությունը դեռևս առաջնորդվում է կանաց նկատմամբ սեփականատիրական դրսևորումներով: Ավելին, մեր հասարակությունը դեռևս մնում է ամուր կառչած կարծրատիպերից, և որ ամենահետաքրքիրն է, այս կարծրատիպերի ամրապնդմանը մեծապես նպաստում են հենց կանայք:

Կանայք կան, որոնք խորապես համոզված են, որ աշխարհին կանանց իրավունքներն անհրաժեշտ չեն, չպետք է փոխել աշխարհի դրվածքը. այո, կինը չի կարող հավասար լինել տղամարդուն, և միայն պետք է ծառայի ընտանիքին ու տղամարդուն: Այս նույն գաղափարն է մատուցվում պետական մակարդակով: Չէ՞ որ անգամ պաշտոնյաների ու նրանց կանանց փոխհարաբերությունները, որոնք ուշադրության կենտրոնում են,  թելադրում են որոշակի մշակույթ նաև կին-տղամարդ հարաբերություններում:  Եթե անընդհատ մատուցվում է, որ կանայք միայն պետք է մանկապարտեզներ հաճախեն, դաշնամուր նվագեն, բարեգործական համերգների մասնակցեն, ցուցահանդեսներ այցելեն, ապա ստեղծվում է տպավորություն, որ ընտանեկան մոդելի դեպքում ևս այդպես պետք է լինի. տղամարդը պետք է կարևոր, լուրջ աշխատանքները կատարի, կինն էլ էդպես գեղեցիկ-սիրուն հարցերով զբաղվի:

Այո, բայց ո՞ւր է այդ դեպքում ընտրության ազատությունը: Չէ՞ որ ազատությունն այն բարիքն է, որից անհատն ինքը պիտի որոշի` օգտվե՞լ, թե՞ ոչ: Հենց սրա բացակայությունն է մեր քաղաքական մշակույթում, որ թելադրում է անհավասար հարաբերություններ:

Հայաստանում ղեկավար պաշտոններում հիմնականում տղամարդիկ են: Այո, ունենք նաև  ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք, սակայն նրանք հիմնականում առաջնորդվում են հենց տղամարդկանց կանոններով, տղամարդկանց օրենքներով ու նրանց նման:

Այսինքն` տղամարդիկ նրանց թույլ են տալիս այդ դիրքը զբաղեցնել, քանի որ իրենց նման են, ուրիշ չեն:

Ի դեպ, կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարության տեսանկյունից մեր Սահմանադրությունը շատ ավելի մարդասիրական է. մենք դեռ առաջին հանրապետության օրոք կին պատգամավորներ ենք ունեցել, իսկ Շվեյցարիայում, օրինակ, կանայք ընտրական իրավունք են ստացել միայն անցյալ դարի յոթանասունականներին:

Այլ հարց է, որ եվրոպական երկրներում իրավական գիտակցությունը բարձր մակարդակի է, մինչդեռ նույնը չես կարող ասել Հայաստանի մասին. այստեղ օրենքը վաղուց կա, սակայն դրա կատարումից դեռ շատ հեռու ենք:

Կին-անհատականություն-քաղաքական գործիչ օրինակի գրեթե չես հանդիպի, կարող ենք հանդիպել քաղաքական գործիչ կնոջ միայն: Սա էլ գալիս է ապացուցելու, որ կին քաղաքական գործիչների առկայությունն ուղղակի ֆորմատ է, որին ընդամենը պետք է հավատարիմ մնալ` ելնով ինչ-ինչ միջազգային չափանիշներից:

Այսքանով հանդերձ այս խորհրդարանական ընտրություններում իրենց թեկնածությունն են դրել նաև  մեծ թվով կանայք: Սա հույս է ներշնչում, որ գոնե այս քանակի մեջ կզգացվի նաև որակը` վերջապես խորհրդարանում լսելի դարձնելով հենց կանանց ձայնը, նրանց անհանգստացնող խնդիրները:

Հետաքրքրական դիտարկում ևս. կանանց տոնին նվիրված շնորհավորական ուղերձներից և ոչ մեկում չխոսվեց օրվա իրական նշանակության` կանանց իրավունքների մասին: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ սրանով կուսակցությունների ղեկավարները ուղերձ հղեցին կանանց` կանաչ լույսն իրենցն է, թող կանայք շատ առաջ չանցնեն, թե՞ գուցե չգիտեին օրվա իրական խորհուրդը: Նման մտքի կարելի է հանգել, քանի որ նախորդ տարիներին խոսվել է հենց իրավունքների պաշտպանության մասին, և ոչ միայն ու հատկապես` կանանց դերի, նրանց կարևորագույն նշանակության ու հմայքի մասին:

Տխուր է գիտակցելը, որ պետական լուրջ պաշտոններ զբաղեցնողները կանանց դիտում են զուտ իբրև կնոջ, ոչ իբրև համահավասար անհատականությունների. չէ՞ որ, երբ հարցը վերաբերում է  իրավահավասարությանը, կինն արդեն պետք է մնա գեղեցկության ու քնքշության շրջանակների մեջ` չփորձելով հավակնել տղամարդու կողմից սեփականացված դիրքերին:

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

Դիտվել է 3535 անգամ:
Print Friendly

Leave a Reply