Աղվան Հովսեփյան. «Կալանավորումը պետք է լինի բացառիկ խափանման միջոց»

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 12, 2013 16:24

Քողարկված հանցագործությունների թվի նվազումը պայմանավորված է դրանց բացահայտման անբավարար աշխատանքներով, այլ ոչ թե այդ տիպի հանցագործությունների դեպքերի իրական նվազմամբ: Այս մասին ՀՀ դատախազության կոլեգիայի այսօրվա ընդլայնված նիստում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Մասնավորապես, 2012թ. Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1138 դեպք՝ նախորդ տարվա 1525-ի դիմաց:

ՀՀ գլխավոր դատախազը գտնում է, որ խուլիգանության դեպքերը ևս չեն արտացոլում իրական պատկերը: ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման հետևանքով խուլիգանության դեպքերը նվազել են՝ դրանք որոշ դեպքերում գնահատվում են որպես դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու դեպքեր: Ըստ նրա, անհամոզիչ է, որ ամբողջ տարվա ընթացքում մեկ վարչական շրջանում գրանցվի ընդամենը մեկ կամ երկու խուլիգանության դեպք և հանձնարարեց ապահովել պատշաճ հսկողությունն ու վերահսկողությունը, որպեսզի վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից չչարաշահվի՝ տեղիք տալով կամայական մեկնաբանությունների։

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձավ նաև որպես խափանման միջոց կալանքն ընտրելու խնդրին. ըստ նրա, անհարկի կալանավորումը «ոչ մի դրական ցուցանիշ» համարվել չի կարող, կալանքը պետք է լինի բացառիկ խափանման միջոց: Ա.Հովսեփյանը հավելեց, որ նոր քրեական դատավարության օրենսգրքով կնախատեսվեն «բազում այլ խափանման միջոցներ»:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 2172 անգամ:
Print Friendly

Leave a Reply