Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հիշեցնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 12, 2013 14:43
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով կամ զինվորական գրքույկով, եթե  քվեարկում են զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակով: Ընտրողը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրով կամ նույնականացման քարտով ընտրությանը չի կարող մասնակցել:
Նույն հոդվածի 3-րդ մասի  2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:
Եթե քաղաքացին քվեարկության օրը չի կարող ներկայացնել անձնագիր` այն կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու պատճառով, կարող է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն` ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար:
Քաղաքացին դիմումը պետք է ներկայացնի անձամբ:
Դիմումի հետ ներկայացվում է 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար:
Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար պետական տուրք չի գանձվում: Այն տրվում է դիմում ներկայացնելուց հետո անմիջապես:
Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply