Բաց նամակ ՀՀ նախագահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 12, 2013 14:34

Հարգելի պարոն նախագահ,

մի քանի ամիս առաջ մի խումբ մտավորականներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ և մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց մտահոգությունն արտահայտեցին հեռուստաեթերի բարոյական, մշակութային բովանդակության վերաբերյալ և հանդես եկան բաց նամակով, որում առաջարկվում էր քայլեր ձեռնարկել առկա խնդիրները լուծելու համար: Ի ուրախություն նամակի հեղինակների` կարճ ժամկետներում արձագանքեցիք, և հարցն ընթացք ստացավ. սկսվեցին քննարկումներ, լսումներ, որոնք ավարտվեցին առաջարկությունների փաթեթով:
Վերջերս մամուլից տեղեկացանք, որ անդրադարձել եք հեռուստաեթերի բովանդակային վիճակին` մասնավորապես նշելով, որ համամիտ չեք, թե հեռուստասերիալները որակյալ չեն, և որպես դրական ձեռքբերում նշվել է այն փաստարկը, թե հեռուստասերիալները նպաստում են աշխատատեղերի սեղծմանը և դերասանների մասնագիտական փորձին:
Եթե Հայաստանում ու Սփյուռքում հայկական հեռուստասերիալների միջոցով քրեական, հակասոցիալական, հակամշակութային արժեքների քարոզն արդարացվում է մի քանի տասնյակ աշխատատեղերի առկայությամբ, ապա «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնությունն առաջարկում է դրամահավաք կազմակերպել և այդ գումարը բաժանել հեռուստասերիալներ ստեղծողներին, որպեսզի այդ մարդկանց շահույթի հաշվին չդեգրադացվի հայ պատանիների ու երիտասարդների արժեքային համակարգը:
Բացի այդ, Դուք ներկայիս հայկական հեռուստասերիալների գոյությունն արդարացրել եք դերասանների մասնագիտական փորձի ձեռքբերումով: Այդ դեպքում, եթե դերասանները սերիալներում պետք է սովորեն, առաջարկում ենք փակել Թատերական ինստիտուտը:
Պարոն նախագահ, քանի որ հանրային լայն շրջանակները և հատկապես` մտավորականությունը մշտապես դեմ են արտահայտվել հայկական հեռուստասերիալների ներկա բովանդակությանը, ապա սերիալների վերաբերյալ Ձեր նշած ոչ մասնագիտական ձևակերպումները հիասթափեցնող են և կարող են էապես հարվածել Ձեր վարկանիշին, հատկապես նախընտրական այս շրջանում:
«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնությունը հույս է հայտնում, որ Դուք կվերանայեք Ձեր մոտեցումը մեր եթերային քաղաքականության վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ հեռուստասերիալների քննադատության ժամանակ մենք երբեք կոչ չենք արել եթերից վերացնել «սերիալ» ֆորմատը, որը հեռուստատեսության կարևորագույն ժանրերից է և հեռուստաընկերությունների շահույթն ապահովող գլխավոր գործոններից մեկը: Մեր և հանրային լայն շերտերի պահանջը եղել է միայն սերիալների քրեածին, հակամշակութային բովանդակության փոփոխությունը:

Հարգանքով՝
«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնություն

Դիտվել է 1663 անգամ:
Print Friendly

Leave a Reply