Հեռուստամարաթոն-դրամահավաք Լոս Անջելեսում` ի աջակցություն Գյումրու վագոն-տնակներում բնակվող ընտանիքների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 12, 2013 13:46

Լոս Անջելեսում անցած կիրակի օրը` փետրվարի 10-ին, 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հեռուստամարաթոն-դրամահավաք տեղի ունեցավ: Հեռուստամարաթոնը տասնմեկ ժամ շարունակ, Լոս Անջելեսի ժամանակով առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 10-ը, ուղիղ եթերում հեռարձակվեց տեղի AMGA հեռուստակայանի երեք ալիքներով: Այն կազմակերպել էին «AMGA» հեռուստաընկերությունը, բարերար Էլվիս Մադաթյանը, հեռուստալրագրողներ Արմեն Բարսեղյանն ու Ռուդիկ Հովսեփյանը, «Համայնապատկեր» ամսագրի գլխավոր խմբագիր Սարո Գյոդակյանը: Ինչպես հեռուստամարաթոնի ընթացքում, այնպես էլ հետագայում հանգանակված գումարը «Շիրակ կենտրոնի» միջոցով ծախսվելու է Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքների առաջնային խնդիրների լուծման նպատակով: Գումարից զատ, բազմաթիվ անհատների կողմից տրամադրված նյութական օգնությունը ևս հատկացվելու է «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված անօթևան ընտանիքներին:
Դրամահավաք-մարաթոնին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Գլենդելում բնակվող հայ համայնքի ավելի քան 700 անդամներ, ելույթ ունեցել և գյումրեցի անօթևան ընտանիքներին օգնելու կոչով հեռուստադիտողներին են դիմել տասնյակ մտավորականներ, երգիչներ:
Հեռուստամարաթոնի առաջին օրը հանգանակվել է մոտ 40 000 դոլար: Նախաձեռնողների հավաստիացումներով, դրամահավաքն ի աջակցություն Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքների կրելու է երկարաժամկետ բնույթ և տևելու է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ը:
«Շիրակ կենտրոնը» գյումրեցի հարյուրավոր անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների անունից իր խորին երախտագիտությունն է հայտնում հեռուստամարաթոնի և դրամահավաքի կազմակերպիչներին:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply