ԱՆ. Անդրիաս Ղուկասյանի արյան և մեզի անալիզներում շեղումներ են հայտնաբերվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 12, 2013 12:13
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը երեկ երեկոյան պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ երկրորդ անգամ այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` նրա արյան և մեզի լաբորատոր քննությունների պատասխանները ստանալուց հետո։  Այս մասին հաղորդում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ պատախանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար։  Երկարատև հացադուլի նստած ՀՀ նախագահի  թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունը զուտ մասնագիտական դրդապատճառներ ունի։  Առողջապահության նախարարն ու նրա առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին անձամբ են տեղեկացրել, որ երկարատև հացադուլը մարդու առողջությունը վնասող այնպիսի անդառնալի պրոցեսներ կարող է առաջացնել և զարգացնել, որոնց հետագա բուժումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անհնարին լինել։
Այդ իսկ պատճառով նախարարությունը ՀՀ նախագահի թեկնածուին առաջարկել էր կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Երեկ երեկոյան նախարարի առաջին տեղակալը, մտահոգված լինելով Անդրիաս Ղուկասյանի նույն օրն առավոտյան վերցված արյան և մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրված որոշակի շեղումներով, կրկին անգամ հորդորել է համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։
ՀՀ նախագահի թեկնածուն խոստացել է այսօր մինչև ժամը 11-ը հայտնել իր որոշման մասին։
Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply