Զբոսանավի փրկանավակով ջուրն ընկած 8 մարդկանցից 5-ը մահացել են, 3-ը՝ տեղափոխվել հիվանդանոց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 11, 2013 13:30
Երեկ Թոմսոն անունով շքեղ զբոսանավի վրա տեղի ունեցած միջադեպի ժամանակ մահացել են անձնակազմի հինգ անդամներ:
Կանարյան կղզիներում կանգառի ժամանակ ստուգումներ իրականացնելու ընթացքում փրկանավակի ճոպանները կտրվել են և այն 19 մետր բարձրությունից ընկել է ջուրը՝ իր հետ տանելով անձնակազմի ութ անդամների:
Ջրի վրա ընկնելուց հետո նավակը շրջվել է՝ խորտակելով մարդկանց, որոնցից հինգը մահացել են, իսկ երեքը՝ տեղափոխվել հիվանդանոց: Թոմսոն քրուիզ ընկերությունը հետաքննություն է իրականացնում միջադեպի կապակցությամբ:
Երեք փրկվածներից երկուսը՝ 30 և 32 տարեկան, կարողացել էին ցատկել ջուրը, սակայն լուրջ վնասվածքներ են ստացել և ներկայումս գտնվում են հիվանդանոցում, իսկ երրորդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Միջադեպի ժամանակ զբոսանավի ուղևորները ափին մասնակցում էին կառնավալի տոնակատարությանը: Կոստա Կոնկորդիայի ողբերգությունից հետո յուրաքանչյուր կանգառում բոլոր զբոսանավերում պարտադիր ստուգումներ են իրականացնում:
1,462 մարդու համար նախտեսված, 17 սպա սենյակներով, երկու լողավազանով և հինգ ռեստորաններով Թոմսոն Մաջիսթի զբոսանավը նոր անվամբ իր առաջին շրջագայությունը կատարել էր անցած տարվա ամռանը:
Սա 1992թ-ից ի վեր շրջագայություններ իրականացնող զբոսանավի երկրորդ միջադեպն է: 2010թ-ի մարտին Միջերկրական ծովում հսկա ալիքի հարվածից երկու ուղևոր էր մահացել այն ժամանակ Լուի Մաջիսթի անունով զբոսանավի վրա:






Facebook
Tweet This
Email This Post
