Պարույր Հայրիկյանը ՍԴ-ից հետ է վերցրել ընտրությունները հետաձգելու մասին դիմումը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 11, 2013 12:59

Նախագահական ընտրությունները չեն հետաձգվի և կկայանան փետրվարի 18-ին. նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը  հետ է վերցրել ՍԴ ներկայացրած ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու  դիմումը: Լուրը «Անկախ»-ի հետ զրույցում հաստատեցին Պարույր Հայրիկյանի նախընտրական գրասենյակից:

Հայրիկյանը դիմումը Սահմանադրական դատարան  էր հանձնել երեկ` փետրվարի 10-ին: Այսօր ՍԴ-ն պետք է որոշեր հայցը քննելու օրը:

Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածը իրավաչափ է` օրենքը նախատեսում է, որ նախագահի թեկնածուն կարող է և դիմում ներկայացնել ՍԴ, և այն հետ վերցնել:

Հարցին, թե արդյոք Հայրիկյանի առողջական վիճակն արդեն լավ է և նա կարող է մասնակցել քարոզարշավին` Բաղդասարյանը պատասխանեց` ըստ բժիշկների  բավարար է` հավելելով, որ ՍԴ դիմելը միայն առողջական վիճակով չի պայմանավորված:

Նման դիմումի պատճառ էր դարձել Հայրիկյանի ինքնազգացողության վատացումը: Հունվարի 31-ին տեղի ունեցած մահափորձից հետո Հայրիկյանը հրաժարվեց ընտրությունները հետաձգելու պահանջ ներկայացնելու իր իրավունքից: Օրեր  անց, սակայն,  Հայրիկյանը հայտարարեց, որ իր առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել քարոզարշավին, ինչի պատճառով էլ փետրվարի 10-ին ՍԴ  էր դիմել` ընտրությունները 14 օրով հետաձգելու պահանջով:

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply