Սահմանադրական դատարանը կորոշի Հայրիկյանի դիմումի քննության օրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 11, 2013 11:52

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը փետրվարի 11-ին աշխատակարգային որոշում կընդունի, թե երգ կգումարվի ՀՀ նախագահի` մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանի հայցադիմումը քննելու նիստը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը` տեղեկացնելով, որ դիմումի քննությունը կիրականացվի դռնբաց:

ՍԴ մասին ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` իրենց առնչվող հարցերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները` իրենց համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով: Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով, ՍԴ-ն գործն ընդունում է քննության, գործը քննում եւ գործով որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` չորսօրյա ժամկետում: ՍԴ-ն կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են եւ տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին:

ՀՀ նախագահի մահափորձի ենթարկված և վիրահատված թեկնածու Պարույր Հայրիկյանը փետրվարի 10-ին` ժամը 16.30-ին դիմեց Սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու խնդրով: Հայրիկյանը հայտարարել է, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա նա դիմումը հետ կվերցնի եւ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: Չնայած Հայրիկյանը մահափորձից հետո արդեն մեկ անգամ` փետրվարի 5-ին, հայտարարել է, որ չի պատրաստվում դիմել ՍԴ, սակայն, նրա առողջական վիճակն այդ օրվանից հետո վատացել է: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձն իրականացվել է հունվարի 31-ին: Նրան վիրահատել են, գնդակը հանել մարմնից: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Պողոսյանը և Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Հայտնաբերվել է «Նագան» տե­սակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնա­գետ­ների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply