Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ-ի միջամտությունը Իսմայիլլիի գործերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 10:38

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը փետրվարի 10-ին հայտարարել է, որ Եվրոպական Միության պաշտոնատար անձանց հայտարարություններն Իսմայիլլի քաղաքում ձերբակալվածների առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիտարկում է որպես հետաքննության վրա ճնշում գործադրելու միջոց և անընդունելի համարում նման տեսակի միջամտությունը քննչական գործընթացին, հաղորդում է ադրբեջանական “Haqqin” թերթը:

«Ոչ ոք նման իրավունք չունի խառնվել այդ հետաքննությանը»,-ասել է նա։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, ինչպես նաև ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն փետրվարի 9-ին անհանգստություն էին հայտնել ընդդիմադիր գործիչներ Թոֆիգ Յագուբլուի և Իլգար Մամեդովի ձերբակալությունների առնչությամբ։

Աբդուլլաևն ասել է, որ ԵՄ-ի նման մոտեցումն Ադրբեջանին պաշտոնական Բաքուն դիտարկում է որպես անարդար և ոչ օբյեկտիվ։

«Ցավոք, ԵՄ որոշ պաշտոնյաներ, ոչ օբյեկտիվորեն գնահատելով առկա իրավիճակը, խեղաթյուրում են այն և անարդար գնահատական տալիս»,- ասել է նա։

ԵՄ-ի հանձնակատարները համատեղ հանձնարարությամբ կոչ էին արել Ադրբեջանին “տվյալ գործով ապահովել արագ, արդարացի, թափանցիկ և անկախ հետաքննություն”:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչները մեղադրվում են Իսմայիլլի քաղաքում հունվարի 23-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, ինչպես նաև իշխանությունների հանդեպ բռնություն գործադրելու համար։

 

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply