Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեկընդմիշտ կփակենք Աղետի գոտու հարցը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 11, 2013 3:27

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզչության շրջանակներում այցելեց Շիրակի մարզի Սարատակ, Անուշավան, Գետափ, Ձորակապ, Մարալիկ, Հոռոմ, Վարդաքար, Փանիկ, Ազատան, Աշոցք, Ախուրյան գյուղական բնակավայրերը, Արթիկ ու Գյումրի քաղաքները:

 

Բազմամարդ հանդիպումների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մեկ անգամ ներկայացրեց Շիրակի մարզի վերականգնման եւ զարգացման իր տեսլականը՝ հատկապես շեշտելով գյուղացիության հանդեպ պետական աջակցության անհրաժեշտությունը, գյուղատնտեսական վարկերի, անասնաբուժության սուբսիդավորման ավելացման կարեւորությունը:

 

Քարոզարշավի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ակտիվիստները հերթական խախտումն արձանագրեցին Ազատան գյուղում. 35/01 ընտրատեղամասի պատին փակցված էր ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաստառը:

 

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի լեփլեցուն դահլիճում՝ դիմելով հավաքվածներին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Գյումրին այն քաղաքն է, ուր «Ժառանգությունը» ավանդաբար ստացել է ամենաշատ ձայները: Այսօր ես ներկայացնում եմ ոչ թե «Ժառանգությունը», այլ առաջադրվել եմ որպես ձեր բոլորի շահերի պաշտպան թեկնածու՝ անկախ ձեր կուսակցական համակրանքներից: Ես ասում եմ՝ ժամանակն է վայր դնել կուսակցական դրոշները եւ, վերջապես, այս 20 տարիների ընթացքում առաջին անգամ միասին ապահովել ժողովրդի հաղթանակը: Իմ ծրագրում Աղետի գոտու վերականգնման խնդիրը կարեւոր տեղ է զբաղեցնում: Այս գոտու վերականգնման, բարեկարգման եւ կոմունալ պայմանների բարելավման նպատակով 2014թ. ՀՀ բյուջեով ես նախատեսում եմ հատկացնել հավելյալ 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Պետք է մեկընդմիշտ փակենք աղետի գոտու այս ամոթալի եւ բազմամյա հարցը: Ընդ որում վերականգնում ասելով ես նկատի ունեմ ոչ միայն բնակարանային ֆոնդը, այլեւ Գյումրիի եւ Շիրակի մյուս բնակավայրերի արդյունաբերական եւ գյուղատնտեսական վաղեմի հզորությունները, մեծածավալ ներդրումների ներգրավման միջոցով նորագույն տեխնոլոգիաների հիմքով նոր արտադրական կլաստեռների ձեւավորումը: Գյումրեցիները, բոլոր շիրակցիները պետք է ունենան բարձր վարձատրվող աշխատանքը, որպեսզի այլեւս ոչ մի գյումրեցի չարտագաղթի իր հայրենիքից, իսկ մեկնածները` վերադառնան: Այդ նպատակով մենք կհռչակենք Գյումրին ազատ տնտեսական գոտի: Նաեւ կյանքի կկոչենք այն տեխնոպարկը, որի մասին անընդհատ խոսում են, բայց չեն իրականացնում գործող իշխանությունները»:

 

 

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply