Երգ, պար, ծես և ուրախություն… Բարեկենդանը` «Նարեկացիում»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 10, 2013 20:28

«Վան» ազգագրական համույթը իսկական տոն բերեց «Նարեկացի» արվեստի միություն: Նախ հնչեցին Կոմիտասի ոչ շատ հայտնի ժողովրդական երգերից, այնուհետև համույթը հանդիստեսին ներկայացրեց Բարեկենդանի ծեսերը` երգ ու պարով, կատակներով, ավանդական ծիսակատարության բեմադրությամբ` մեծ ոգևորություն ու դրական լիցքեր հաղորդելով հանդիսատեսին:
Բարեկենդանը դա մեր հայկական դիմակահանդեսն է…, – ասում է համույթի խմբավար` Գայանե Բադալյանը,- մենք ուրախ ազգ ենք եղել, այսօր մենք մոռացել ենք , չգիտենք և տեղեկացված չենք այդ մասին և ուրախանալու համար նախընտրում ենք օտար տոները:

Համերգին իր ծիսական տիկնիկերով մասնակցեց նաև նկարիչ, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Լուսիկ Ագուլեցին հանդիսատեսին ներկայացրեց իր պատրաստած տիկնիկները, պատմեց, թե յուրաքանչյուր տիկնիկ ինչ դեր և նշանակություն է ունեցել Բարեկենդանի տոնի ծիսական արարողություններում` հին հայկական ավանդական ընտանիքներում և համայնքներում :
«Վան» ազգագրական համույթն այսօր գործում է իր հիմնադիր նվիրյալների և հայ ավանդական երգ ու պարը գնահատողների ու սիրողների շնորհիվ, քանի որ նույնիսկ բեմական հագուստները` տարազները, համույթի անդամներն իրենք են կարում: Սակայն, այդքանով հանդերձ, հայ երգի սիրահարների թիվը չի պակասում, դեռ ավելին` երիտասարդներին նույնպես հետաքրքրում է մաքուր, անխառն հայ ավանդական երգը:
Ես 58 տարեկան եմ, – ասում է «Վան» ազգագրական համույթի գեղ. ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանը, – իմ կողքին այսօր կանգնած է 18 տարեկանը:

Համերգի ավարտին «Վան» ազգագրական համույթի անդամները ներկաներին հյուրասիրեցին իրենց պատրաստած հայկական ավանդական գաթայով, հալվայով և տոնական այլ աղանդերով:

Այնքան ենք ոգեշնչվել, ազդվել , ուրախացել, որ դուք չգիտեմ ինչպես, բայց ես հիմա ինձ զգում եմ Արևմտյան Հայաստանում…Վանում եմ եմ ինձ զգում, – համերգի ավարտին ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը և համույթին նվիրեց «Նարեկացիի» խորհրդանշական նվերները:

«Վան» ազգագրական համույթը հիմնադրվել է 1979 թվ.-ին, Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ ՀՊՃՀ) հայ ազգագրական երգի մի խումբ նվրյալների կողմից: Համույթի հիմնադիր ղեկավարներն էին հայ երգի անզուգական վարպետ Հայրիկ Մուրադյանը և Հարություն Փանոսյանը: Համույթը 1980 թվ.-ից հյուրախաղերով հանդես է եկել Կիևում, Ստավրոպոլում, Ռումինիայում, Մոսկվայում, Չերնովցիում, իսկ 1996թ.՝ Իտալիայում: Տարիներ շարունակ բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում, սահմանամերձ շրջաններում:
2005 թվ-ին Հայրիկ Մուրադյանի 100-ամյա հոբելյանն առիթ հանդիսացավ համույթի վերածնունդին: Համույթը մի շարք ելույթներ նվիրեց հայ երգի անզուգական կատարող Հայրիկ Մուրադյանի հիշատակին:
2011-ին «Վան» ազգագրական համույթը հիմնեց Հայրիկ Մուրադյանի անվան Հայ երգի ակումբը, որտեղ հնչեցնում է հայ ազգագրական երգ ու պարը, սովորեցնում ցանկացողներին: «Վանը» այսօր շարունակում է գործել շնորհիվ իր խմբի հիմնադիրների ու նվիրյալների: Այսօր համույթի երգացանկում կա շուրջ 150 երգ, նաև 20 -25 պար:

«Նարեկացի» արվեստի միություն

Դիտվել է 1588 անգամ:
Print Friendly

Leave a Reply