Վահան Հովհաննիսյանի պատասխանը Պարույր Հայրիկյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 9, 2013 22:14

Կարծում եմ Պարույր Հայրիկյանի ջղագրգիռ արձագանքը ուրբաթ ակումբում իմ կողմից հայտնած մտքերի կապակցությամբ ոչ մեկի չզարմացրեց: Զայրույթի իրական պատճառը իհարկե ոչ թե ՛՛ռուսական իմպերիալիզմի՛՛ պաշտպանությունն է, որ Հայրիկյանը վերագրում է ինձ, այլ իմ անկեղծ խոստովանությունը, որ Անդրեաս Ղուկասյանի հացադուլն ինձ համար ավելի մտահոգիչ է քան Հայրիկյանի վրա հարձակումը: Բայց Պարույր Հարյիկյանը իհարկե իր դերում չէր լինի, եթե իրեն չվերագրեր նաև ելեւյթիս մեջ հնչած ընդհանուր մտահոգությունն այն մասին, որ քաղաքական պրոցեսը Հայաստանում կանգ է առել ու վերածվել միջոցառումների. դրա համար էլ քիչ հավանական է , որ որևէ երկրի գաղտնի ծառայություն հետաքրքրված լինի մեր հայ նախագահական թեկնածուների սպանությամբ՝ հատկապես այդ թեկնածուի:

Ինչ վերաբերում է շիզոֆրենիայի եզրին հասած հոգու հուզմունքի դրսևորումներին՝ կապված իմ ՛՛տեռորապաշտ՛՛ էության կամ ՛՛ԿԳԲ՛՛-ի գործակալ լինելու հետ ապա թողնում եմ դրանք անպատասխան: Պարույրը Անդրանիկ Մարգարյանին էլ էր ՛՛ԿԳԲ՛՛-ի գործակալի պիտակ կպցնում: Դա նրա համար սովորական բան է, իսկ ինձ և շատ ուրիշների համար բավական է , որ Պարույրի ԱՄԿ-ական ընկերներն են իրեն անվանել ՛՛ԿԳԲ-ի ագենտ՛՛ ՝ շատ հավաստի համարելով ԱՄՆ-ում ապաստան գտած մի ռուս գեներալի վկայությունը:

Խոսել ընդհանուր երազանքների մասին դժվարանում եմ , քանի որ ինձ Պարույր Հայրիկյանի իրական երազանքները հայտնի չեն, բայց մի տարբերություն անկասկած կա. ես չեմ տառապում սիրամարգի բարդույթով , այդ պատճառով էլ անգամ նույն երազանքի նկատմամբ մեր մոտեցումները միշտ տարբեր են եղել ու միշտ տարբեր են լինելու: Այդ է պատճառը, որ ինձ դժվար է հասկանալ մի մարդու, որը կարծես շատ լավ է զգում իրեն իշխանությունների ջանքերով ամայացած, անապատացած քաղաքական դաշտում: Անապատում ամեն թռչուն էլ սիրամարգ է , որը ամեն առիթ էլ կօգտագործի գեղեցիկ փետուրները ցույց տալու համար: Սիրամարգի կոմպլեքսը դժվար բուժվող հիվանություն է:

Անկեղծ ասած ես չեմ հիշում ԱՄԿ 40 ամյակի կապակցությամբ ունեցած իմ ելույթը: Բայց մեկ ուրիշ ելույթ լավ հիշում եմ. 1996 թ., երբ ամբողջ ընդդիմությունը բանտերում էր, իսկ պատգամավորներին ծեծ ու ջարդի էին ենթարկում խորհրդարանի դահլիճում, Պարույր Հայրիկյանը լացակումաց ելույթով գազազած ՀՀՇ-ական իշխանության ներողամտությունն էր հայցում: Այդ ես չէ, որ պետք է ներեղություն խնդրելու մասին մտածեմ:

Բայց այսօր ես Պարույր Հայրիկյանին լավ հիշողություն եմ մաղթում ոչ թե անցյալի այդ (կամ այլ) նոխկալի միջադեպերը հիշեցնելու համար: Ուզում եմ պարզապես հիշեցնել Հին աշխարհի մի ասացվածք. ”Բարկանում ես, ուրեմն ճիշտ չես” : Մի բարկացիր, առավել ևս հրապարակավ, չէ որ այդ դեպքում բոլորն են տեսնում, որ ճիշտ չես: Իսկ ես չեմ ուզում, որ քո անիմաստ բարկության պատճառով այս ընտրություններում ձայներ կորցնես:

Ցանկանում եմ արագ ապաքինում՝ բոլոր իմաստներով:

yerkir.am

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply