Րաֆֆի Հովհաննիսյանը Գեղարքունիքում սպասված հյուր էր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 9, 2013 19:26

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի երթուղին այսօր Գեղարքունիքի մարզն էր: Վարդենիսի կենտրոնում հավաքվածները ջերմորեն դիմավորեցին թեկնածուին, իրենց գոհունակությունը հայտնելով նրան՝ մարդկանց հետ անմիջական ու անբռնազբոս շփման մեջ մտնելու, տեղերում հասունացած խնդիրները բարձրաձայնելու եւ արդյունավետ լուծումներ առաջարկելու համար:

«Մեր գերնպատակը մեկն է՝ երկրում ստեղծել նպաստավոր միջավայր, որպեսզի վարդենիսցին, մարտունեցին, քյավառցին, գյումրեցին, սիսիանցին, բոլոր-բոլոր մեր հայրենակիցները սեփական հայրենիքում արժանապատիվ աշխատանքով վաստակեն իրենց հանապազօր հացը: Դրան մենք միասին կհասնենք կոռուպցիան, մենաշնորհները, հովանավորչությունը արմատախիլ անելու, գյուղատնտեսության ու արդյունաբերության զարգացումը խթանելու, ընտանեկան ձեռներեցությանը զարկ տալու միջոցով: Այս ամենի շնորհիվ կապահովվի տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ, որի արդյունքից կօգտվեն յուրաքանչյուր հայ ընտանիք, յուրաքանչյուր հայաստանցի»,- իր ելույթում ասաց Հովհաննիսյանը:

Այնուհետեւ մարզի մի շարք ուրիշ բնակավայրերում՝ Մարտունիում, Գավառում, Սեւանում, Ծովինարում, Վարդենիկում, Ներքին Գետաշենում եւ այլուր թեկնածուն նախընտրական իր ծրագրից ներկայացրեց ընտրողներին հետաքրքրող որոշ դրվագներ: Նա հավաստիացրեց, որ միանգամայն հնարավոր է նոր նախագահության առաջին իսկ տարում պետբյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության եւ պաշտպանության ֆինանսավորումը:

Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումները կաճեն շուրջ 6 անգամ, կստեղծվի 180 հազար նոր աշխատատեղ, էապես կավելանա նվազագույն աշխատավարձը եւ շուրջ 600 հազար քաղաքացի դուրս կգա աղքատությունից: «Սրանք օդից վերցված թվեր չեն, այլ մասնագիտորեն հիմնավորված վերլուծության արդյունք, որի գործնական ապահովումն ընդամենը քաղաքական կամք է պահանջում»,- Սեւանում նշեց ՀՀ նախագահի թեկնածուն:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply