Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը Կոտայքում շարունակվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2013 22:30

Առավոտյան տված մամլո ասուլիսից անմիջապես հետո ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ, ուր հանդիպում ունեցավ ընտրողների հետ: Կարճ ելույթի ավարտին Հովհաննիսյանը, հանձին պռոշյանցի փառապանծ ազատամարտիկ եւ հրամանատար Կարոտի, հարգանքի տուրք մատուցեց բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հուշարձանին:

Հաջորդ հանդիպումը Եղվարդում էր: Թեկնածուն քայլեց քաղաքի փողոցներով, շփվեց ընտրողների հետ, ընդունեց մարդկանց զորակցությունը եւ լսեց հորդորներն ու առաջարկները:

Այնուհետեւ նա մեկնեց Հրազդան, որտեղ դալիճային հանդիպումը փոխարինվեց բացօթյա հավաքով, քանի որ սկսվեց նախատեսվածից ուշ եւ մասնակիցների թիվը ավելին էր, քան դահլիճի տարողունակությունը: Խոսելով երկրում բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծման մասին, Հովհաննիսյանը հատկապես կարեւորեց Հրազդանի երբեմնի արդյունաբերական հզոր ներուժի վերականգնումը, ինչը պետական հոգածություն է պահանջում: «Ահագնացող արտագաղթի հիմնական պատճառներից մեկը հենց բարձիթողի այս վիճակից ածանցվող գործազրկությունն է»,- համոզմունք հայտնեց նախագահի թեկնածուն:

Իր քարոզչությունը Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց Աբովյանում: Հանդիպումը կայացավ քաղաքի գլխավոր դալիճներից մեկում: Լեփ-լեցուն դահլիճը բազմիցս ընդհատում էր պրն. Հովհաննիսյանի խոսքը ծափահարություններով, որ ակնհայտ հավանություն էր թեկնածուի խոսքին: Հանդիպումն ավարտվեց Հովհաննիսյանի կոչով. «Մեկ անգամ մեզ պահենք սեփական հայրենիքի իսկական տիրոջ պես» եւ «Հայաստան» բացականչություններով:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply