Հայաստանում պահպանվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների աճի միտումը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 31, 2010 20:13
Ըստ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տվյալների, տարեցտարի աճում են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների եւ իրավախախտումների դեպքերի հայտնաբերման ցուցանիշները: Աճի միտումը պահպանվել է նաեւ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Այս մասին նշվեց ՙՀայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը՚ թեմայով մարտի 31-ին կայացած խորհրդարանական լսումների ընթացքում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009թ.-ին հայտնաբերվել է նշված հացագործությունների 1 238 եւ իրավախախտումների 130 դեպք` 2008թ.-ի համապատասխանաբար 763 եւ 22 դեպքերի դիմաց: Հայտնաբերվել եւ առգրավվել է 56 կգ 762 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ` 2008թ.-ի 24 կգ 399 գրամի դիմաց: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 779, իսկ 2008թ.-ին` 493 անձ: Ընդ որում, 779 անձանցից 25-ը կանայք են, 8-ը` անչափահաս, 30-ը` այլ երկրների քաղաքացիներ: Արձանագրվել է նաեւ քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների աճ. գրանցված հանցագործության 142 դեպքերից 119-ը առնչվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, քրեական պատասխանատվության են ենթարկվել քրեակատարողական հիմնարկների 6 աշխատակիցներ:
Գրեթե կրկնակի աճել է իրավապահ մարմինների կողմից Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող Նարկոլոգիական կլինիկա եւ Փորձաքննությունների ազգային բյուրո փորձաքննության ներկայացված, ինչպես նաեւ հաշվառման վերցված եւ բուժում ստացած անձանց թվաքանակը: Նշվեց նաեւ, որ, չնայած այդ հանցագործությունների աճին, իրավապահ համակարգում դրանցում ներգրավվածության դեպքեր չեն հայտնաբերվել, բացառությամբ ոստիկանության կրտսեր խմբի ներկայացուցիչների կողմից թմրամիջոցների օգտագործման, բայց` ոչ տարածման, 1-2 դեպքի, ինչի համար նրանք ենթարկվել են քրեական պատասխանատվության: Ինչ վերաբերում է հայոց բանակին, ապա թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները ՙմեծ տարածում՚ չունեն:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
