Հայաստանում է ԻԻՀ զինվորական պատվիրակությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | February 8, 2013 15:56

2013թ. փետրվարի 7-ից 9-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությունը:

Փետրվարի 8-ին իրանական պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Նույն օրը Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հանդիսավոր պայմաններում բացել են պարսկական կողմի աջակցությամբ կահավորված պարսկերենի ուսուցման լսարանը:

Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և իրանական պատվիրակության միջև հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմաուսումնական կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման հարցեր:

Այցի շրջանակներում նախատեսվում է իրանական պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երևանի Կապույտ մզկիթ, Մատենադարան և այլ վայրեր:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply