Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարողը ձերբակալվե՞լ է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2013 12:19

Այսօր առավոտյան ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է. «Յունվարի 31-ի հանցագօրծութեան՝ մահափորձի վերաբերեալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր՝ դատարկախօս  թափթփուկների համար։
Շատ բան ասել չեմ կարող․  բացայայտումը սկսուած է։ Կարծում եմ Պաշտօնական տեղեկատվութեուն էլ կլինի։
29սմ մարմնովս անցնօղ վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել եւ մնալ անաշխատունակ աջ ձեռքս։ Գիշերը աչք կպցնելու համար 2 անգամ ցավազրկող եմ սրսկուել որին խիստ դեմ եմ։ Հիմա էլ անտանելի ցավը շարունակւում է։  Լավ լինենք»:

ԶԼՄ-ների հաղորդմամբ` տեղեկություն կա, որ ձերբակալվել է Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարողը: Իրավապահ մարմինները, սակայն, ոչ հերքում են լուրը, ոչ էլ հաստատում: ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանն ասել է, որ օրվա ընթացքում պաշտոնական հաղորդագրություն կտարածվի:

Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեի իր բնակարանի մոտ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ էր կատարվել: Աջ ուսին ստացած հրազենային վնասվածքով Հայրիկյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել, որտեղ և գտնվում է մինչ օրս: Փետրվարի 1-ին Հայրիկյանին վիրահատեցին` հեռացնելով գնդակը:

Հայրիկյանի առողջական վիճակը երեկ` փետրվարի 7-ին վատացել է: Վերջինս հայտարարել է, որ հնարավոր  է դիմի ՍԴ ընտրությունները հետաձգելու պահանջով: ՀՀ Սահմանադրության համաձայն  անհաղթահարելի խոչընդոտների առաջացման դեպքում թեկնածուն կարող է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply