Թոշակների ու նպաստների բարձրացումը միտված է փոխհատուցելու գնաճն ու գազի սակագնի աճը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 31, 2010 17:22

Ձախից աջ` Տիգրան Դավթյան, Մխիթար Մնացականյան

Մարտի 25-ի կառավարության նիստի որոշմամբ ընթացիկ տարվա մայիսի 1-ից սոցիալական նպաստները բարձրանում են մոտ 15 տոկոսով, իսկ նոյեմբերի 1-ից 11 տոկոսով թոշակները:

Ըստ հաշվարկների` այդ փոփոխությունների արդյունքում նպաստները միջինում կբարձրանան 3500 դրամով, իսկ թոշակները` 2650 դրամով:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանն այսօր լրագրողներին պարզաբանեցին, թե կառավարությունը ինչ միջոցներով և ինչ գործողությունների հաշվին է իրականացնելու այս փոփոխությունները:

Ֆինանսների նախարարն ասաց, որ բոլոր փոփոխություններն էլ արտացոլված են բյուջեում և վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը հաշվարկել և գտել է ռեսուրսների աղբյուրների  ինչպես նաև դրանք ժամանակային առումով իրագործելու օպտիմալ մոտեցում:

Հայասատնում այսօր կա մոտավորպես 110 հազար նպաստառու և 520-530 հազար կենսաթոշակառու:

Տիգրան Դավթյանն ասաց, որ որոշումն ընդունվել է հաշվի առնելով հետճգնաժամային իրավիճակներին բնորոշ  արձանագրված գնաճը, ինչպես նաև գազի սակագնի բարձրացումը: Նախարարն ասաց, որ հաշվարկից հետո պարզվել է, որ ամսվա կտրվածքով գազի սակագնի բարձրացումը ընտանիքի վրա միջինում կազմում է 2500 դրամ, սակայն իրենք որոշել են բարձրացնել 3500 դրամով, որպեսզի այն իր մեջ ներառի նաև տարեսկզբից արձանագրված գնաճը:

«Կառավարության այս որոշումը վերաբերվում է սոցիալապես խոցելի խավերի համար,- ասաց նախարար Դավթյանը,- և բարձրացումները  ընդհանուր առմամբ վերաբերվում են 1 մլն.  քաղաքացու, որոնք այս կամ այն կերպ գտնվում են խոցելի խավում»:

Տարվա կտրվածքով թոշակների և նպաստների բարձրացումը կկազմի մոտ 6-6.5 մլրդ դրամ:

«Այս գումարը ի սկզբանե նախատեսված չէր բյուջեում,- ասաց Դավթյանը,- և այն իրագործելը այդքան էլ հեշտ չի: Սակայն  կառավարությունը, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը անում են ամեն ինչ, որպեսզի կարողանանք մեղմել հետճգնաժամային ընթացքին բնորոշ խնդիրները, որոնք առավել արտահայտված են խոցելի խավի համար»:

Այս տարվա բյուջեում նախատեսված է մոտ 1.3 տոկոս ՀՆԱ աճ: Ֆինանսների նախարարի հավաստմամբ` դա շատ համեստ և զգուշավոր թիվ է, և առաջին եռամսյակի տվյալներով թվերը խոստումնալից են:

Ֆինանսների նախարարը հավաստիացրեց, որ այդ 6.5 մլրդ դրամը չի վճարվելու այլ ծախսային միջոցների հաշվին և մինչև տարեվերջ բյուջեում նախատեսված բոլոր ծախսային հատկացումներն էլ իրականացվելու են ըստ իրենց նպատակի:

«Առաջին երեք ամսվա կտրվածքով մեր հարկային եկամուտների հավաքագրումը գերազանցում է մեր  սպասելիքները. դա աղբյուրներից մեկն է,- ասաց Դավթյանը,- բացի այդ խստացվելու է վարչարարությունը, և վերջապես կառավարությունն ունի պահուստային ֆոնդ` չնախատեսված ծախսերի համար»:

Դավթյանն ասաց, որ թոշակների բարձրացման համար ընտրվել է նոյեմբեր ամիսը, որովհետև հիմնականում այդ ամսվանից սկսված է արձանագրվում գազի ծավալների աճ:

Մանրամասնելով Վետերանների ավանդների փոխհատուցման մասին կառավարության առաջարկած  օրինագիծը` սոցապ նախարար Մխիթար . Մնացականյանն ասաց, որ  օրինագծում 3700 վետերաններից յուրաքանչյուր  համար նախատեսված է 120 հազար դրամ` առողջարանային հանգստի ու բուժման համար:

«Դա մեր բոլորիս պարտքն է, և Ազգային Ժողովի, և կառավարության, և հանրության,-ասաց նախարարը,- և պետք է ամեն ինչ անել, որ այդ հարցը շտապ կարգավորվի»:

Դիտվել է 2555 անգամ:
Print Friendly

Leave a Reply