Արամ Մանուկյանը լիովին կիսում է ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2013 16:39

Այսօր խորհրդարանում, մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու մասին արած հայտարարությունը, ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ դա չի ենթադրում ՀՀՇ-ի լուծարում: «Օրենքն ասում է, որ կուսակցությունը կարող է վերակազմակերպվել, վերաձևավորվել և վերամիավորվել այլ կուսակցությունների հետ, ինչը բացառում է լուծարումը»,-ասաց Մանուկյանը:

Արամ Մանուկյանը այդ քայլն ադեկվատ է համարում այսօրվա իրավիճակին: «Սա ինձ համար նորություն չէր, և  ես լիովին համաձայն եմ այդ մոտեցմանը»,-ասաց նա՝ նշելով, որ ընտրություններից հետո ընդդիմությունը նոր ասելիքով եւ նոր ֆորմատով պետք է հանդես գա:

Ո՞վ է ղեկավարելու ապագա ՀԱԿ կուսակցությունը; Այս հարցի պատասխանը Մանուկյանը չունի, քանի դեռ չկա նաև կուսակցությունը: Հարցին, թե դուք ում կառաջարկեիք, պատասխանեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հիշեցնենք, որ հարցազրույց տալով «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ժամանակն է, որ Կոնգրեսը վերածվի մեկ միասնական կուսակցության»:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply