Ըստ հայտարարագրերի` մեծամասնական պատգամավորների մի մասը մեքենա չունի, մի մասն էլ` ո՛չ մեքենա, ո՛չ բնակարան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 12, 2013 7:07

«Անկախը» շարունակում է ներկայացնել ԱԺ մեծամասնական պատգամավորների խորհրդարանական գործունեությունն ու նրանց ունեցվածքի հայտարարագրերը:

Այս անգամ ներկայացնելու ենք Երևանի 13 ընտրատեղամասեր ներկայացնող պատգամավորների գործունեությունը:

Երևանի բնակիչների շահերը ԱԺ-ում ներկայացնող 13 պատգամավորներից 6-ը նորեկներ են` պատգամավորական գործունեությունը սկսել են 5-րդ գումարման ԱԺ-ից:

Այսպես, 1-ին ընտրատարածքի ներկայացուցիչն է  ՀՀԿական Ռոբերտ Սարգսյանը, որը պատգամավոր դարձավ արտահերթ ընտրություններով` ԱԺ-ում փոխարինելով մանդատից հրաժարված Ռուբեն Հայրապետյանին:

Սարգսյանը պատգամավորական գործունեության կարճ ժամանակահատվածում  ակտիվություն և օրենսդրական նախաձեռնություններ չի ցուցաբերել: Նիստերին մշտապես ներկա է եղել` կողմ քվեարկելով: Ներկա գտնված նիստերի 13 տոկոսին, սակայն, Սարգսյանը  չի մասնակցել քվեարկությամբ:

2-րդ ընտրատարածքի  ներկայացուցիչն է ՀՀԿական Սամվել Ֆարմանյանը: Մինչ պատգամավոր ընտրվելը  եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը, ապա Հանրային հեռուստառադիոընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենը:

Ֆարմանյանը բացակայել է նիստերի 34 տոկոսից: Իսկ ներկայության դեպքում մասնակցել է քվեարկությանը` մշտապես կողմ և մեկ անգամ էլ դեմ արտահայտվելով:

Ըստ հայտարարագրի` Ֆարմանյանն ունի 2 բնակարան Երևանում և մեկ հողամաս Կոտայքի մարզում, չունի շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում:

Տարեկան եկամուտը` 9,2 մլն` բաղկացած աշխատավարձից: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունի 10 հազար դոլար գումար:

3-րդ ընտրատարածքը ներկայացնող պատգամավորն է ՀՀԿական Արթուր Ստեփանյանը, որը նույնպես 2012-ին է սկսել պատգամավորական գործունեությունը: Նիստերի ընթացքում հարցեր և ելույթներ չի ունեցել, նախաձեռնություններով հանդես չի եկել: Նիստերից բացակայել է 8 անգամ, մնացած դեպքերում հիմնականում կողմ է քվեարկել:

Ըստ հայտարարագրի` Ստեփանյանն ունի 1 հողամաս, երկու ավտոմեքենա` «Մերսեդես Բենց» Տ 500 և «Պորշ Կայեն»: Թանկարժեք գույք, արժեթուղթ և այլ ներդրում, տարեկան եկամուտ և դրամական միջոցներ, ըստ հայտարարագրի, Ստեփանյանը չունի:

Հաջորդ նորեկ պատգամավորը 5-րդ ընտրատարածքի ներկայացուցիչ Արթուր Գևորգյանն է: ՀՀԿական պատգամավորը նիստերից չի բացակայել, բացառությամբ մեկ դեպքի, մշտապես կողմ է քվեարկել, ակտիվություն չի ցուցաբերել:

Ըստ հայտարարագրի` Գևորգյանն ունի մեկ առանձնատուն` հողամասով, վարձակալության իրավունքով` ավտոտեխսպասարկման կայան,  երկու շինություն,  1 հեկտարից քիչ ավելի հողամաս:  Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի հայտարարագրված անշարժ գույքը  հենց այդ համայնքում է գտնվում:

Ունի 2 ավտոմեքենա` ԲՄՎ-X5-4.8 և ԳԱԶ-24: Տարեկան եկամուտը աշխատավարձից է կազմված` 4,8 մլն դրամ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել  է 43 մլն դրամ, 945 հազար  դոլար, 239 հազար եվրո:  Թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ, ըստ հայտարարագրի, չունի:

ԱԺ-ում 6-րդ ընտրատարածքի ներկայացուցիչը 5-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿական Ռուբեն Հովսեփյանն է: Նա 2006-2009 թթ. եղել է  Երևանի Աջափնյակ համայնքի, 2009-2012 թթ.` Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար:

Նիստերից մեկ անգամ է բացակայել: Մշտապես կողմ է քվեարկել, նախաձեռնություն և ակտիվություն չի ցուցաբերել:

Ռուբեն Հովսեփյանը  հայտարարագրել է 6 անշարժ գույք. 1 բնակարան Երևանում, 1 բնակելի տուն, 1 հասարակական շինություն և 1 հողամաս Արագածոտնի մարզում:  Առանձին տողով հայտարարագրել է նաև  1 հողամաս և ևս 1 հողամասով բնակելի կառույց Երևանում:

Ունի 1 ավտոմեքենա (Toyota land-cruiser 200):  Տարեկան եկամուտը` 3,9 մլն դրամ (աշխատավարձ): Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է  30 մլն  դրամ, 90 հազար  դոլար, 20 հազար  եվրո: Թանկարժեք գույք, արժեթուղթ և այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:

Վերջին նորեկ պատգամավորը 10-րդ ընտրատարածքի ներկայացուցիչ, անկուսակցական Գարեգին Նուշիկյանն է: Վերջինս նիստերից չի բացակայել, 4 անգամ հարց է բարձրացրել, մեծ մասամբ էլ կողմ է քվեարկել:

Գարեգին Նուշիկյանն «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան:

Շարժական և թանկարժեք գույք չի հայտարարագրել: Արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:

Հաշվետու տարվա եկամուտը` 110,39 մլն  դրամ ( աշխատավարձ և շահաբաժին «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ից):

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է  10 մլն ՀՀ դրամ:

Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը պատգամավորի մանդատով է փոխարինել Մհեր Սեդրակյանը. վերջինս ԱԺ-ում ներկայացնում է 13-րդ ընտրատարածքը: Սեդրակյանը պատգամավոր է եղել առաջին գումարման ԱԺ-ում, որից հետո ղեկավարել է Էրեբունի համայնքը: 2012-ին Սեդրակյանը  նորից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր  դարձավ: ՀՀԿ-ական պատգամավորը ԱԺ-ում ակտիվությամբ կամ օրենսդրական նախաձեռնություններով աչքի չի ընկել, մեծ մասամբ էլ կողմ է քվեարկել:

Մհեր Սեդրակյանն «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 առանձնատուն,  1 բնակարան, 3 հողամաս: Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:

Հաշվետու տարվա եկամուտը`113 մլն դրամ (շահաբաժին «Գաջ» և «Ավտոստոպ» ընկերություններից): Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է  73 մլն  դրամ:

Երևանը ներկայացնող մյուս պատգամավորներն արդեն խորհրդարանական գործունեության երկարամյա փորձ ունեն:

Այսպես, 4-րդ ընտրատարածքի պատգամավոր, ՀՀԿական Արտակ Սարգսյանը խորհրդարանում է սկսած 3-րդ գումարման ԱԺ-ից: Սարգսյանը հարցեր ու ելույթներ չի ունեցել, սակայն նիստերից չի բացակայել, մեկ անգամ քվեարկության ժամանակ դեմ է արտահայտվել, մնացած դեպքերում` կողմ:

Արտակ Սարգսյանն «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 3 բնակելի տուն և 1 տարածք:  Թանկարժեք գույք, ըստ հայտարարագրի, չունի:

Հայտարարագրել է 5 ավտոմեքենա («Տոյոտա Պրադո», «Մերսեդես» Տ 550, «Նիսսան Տիդա», «Մերսեդես» Տ 350, «Ռենջ Ռովեր Վոգ»):

Ունի 50% բաժնեմաս «Լանդֆռո», «Սաս-Գրուպ», «Գորտենզա», «Միրնա», «ՍԱՍ հոլդինգ», «Րիտոս», «Սաս Յու Էս Էյ» ընկերություններում, 100% բաժնեմաս` «Լանդ Լորդ» ՍՊԸ-ում:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 645,5  մլն   դրամ և 25 հազար  դոլար:

7-րդ ընտրատարածքի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ևս խորհրդարանում  է սկսած 3-րդ գումարման ԱԺ-ից: Նախկին երկու գումարումներում եղել է անկախ պատգամավոր, այժմ ընդգրկված է ՀՀԿ խմբակցությունում:

Ալեքսանյանը նիստերի 11 տոկոսից բացակայել է, 22 տոկոսին ներկա է եղել, բայց չի մասնակցել քվեարկությանը, մնացած դեպքերում մշտապես կողմ է քվեարկել:  Երբևէ հարցով կամ ելույթով հանդես չի եկել:

Սամվել Ալեքսանյանն «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 4 շենք-շինություն, 6 հողամաս  Երևանում, Կոտայքի ու Շիրակի մարզերում: Թանկարժեք գույք, արժեթուղթ և այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:

Ունի 4 ավտոմեքենա («Մերսեդես Բենց-500», ՎԱԶ- 21 124, «Մերսեդես Բենց -600», «Ռենջ Ռովեր սպորտ» 4.2):

Հաշվետու տարվա  եկամուտն է  17,6 մլն դրամ:  Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է  380 մլն. դրամ, 9 մլն.  դոլար:

8-րդ ընտրատարածքի ներկայացուցիչ, ՀՀԿական  Կորյուն Նահապետյանը պատգամավորական գործունեությունը սկսել է  2009-ից` 4-րդ գումարման ԱԺ-ից: Նա նիստերից հինգ անգամ բացակայել է, ներկա լինելու դեպքում էլ հիմնականում կողմ է քվեարկել: Նահապետյանը 5-րդ գումարման ԱԺ նիստերին նաև ակտիվություն է ցուցաբերել. 6 անգամ հարց է բարձրացրել, 2 անգամ էլ ելույթ ունեցել:

Կորյուն Նահապետյանը անշարժ, շարժական և թանկարժեք որևէ գույք չի հայտարարագրել:  Ըստ հայտարարագրի արժեթուղթ կամ ներդրում ևս  չունի:

Հաշվետու տարվա եկամուտը` 3 ,7 մլն  դրամ:  Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 3 ,5 մլն դրամ և  46 հազար  դոլար:

9-րդ ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Սադոյանը պատգամավոր է 2007-ից: 5-րդ գումարման ԱԺ նիստերից ՀՀԿական պատգամավորը բացակայել է 14 անգամ, ներկա լինելու դեպքում հիմնականում կողմ է քվեարկել: Հարցեր ու ելույթներ չի ունեցել:

Ռուբեն Սադոյանն «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանի կենտրոնում և 1 հողամաս:  Ունի 2 ավտոմեքենա («Տոյոտա Քեմրի» և «Տոյոտա Կրաուզեր»):

Թանկարժեք գույք, ըստ հայտարարագրի, չունի: Ունի 100 տոկոս բաժնեմաս «Պոդո-1» ՍՊԸ-ում:

Տարեկան դրամական եկամուտը` 145,9 մլն  դրամ, 160 հազար  դոլար և 115 հազար եվրո (վարկ):  Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է  252 մլն դրամ, 45 հազար  դոլար, 21 հազար  եվրո:

11-րդ ընտրատարածքի պատգամավորն է անկուսակցական Գրիգորի Մարգարյանը, որն ընդգրկված է ԲՀԿ խմբակցությունում: Պատգամավոր է 2003-ից: Մշտապես ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, եղել է ՕԵԿ, ապա «Գործարար» խմբակցությունների անդամ: Ներկայիս ԱԺ նիստերի 26 տոկոսը Մարգարյանը  բաց է թողել,  24 տոկոսին ներկա է եղել, բայց չի մասնակցել քվեարկությանը: Մնացած դեպքերում հիմնականում կողմ է քվեարկել: Հարցեր, ելույթներ և օրենսդրական նախաձեռնություններ չունի:

Գրիգորի Մարգարյանն «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 50 տոկոս բաժնեմասային սեփականության իրավունքով սննդի օբյեկտ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում և կից հողամասով  սեփական բնակարան Երևանում, 2 հողակտոր Երևանի Բաբաջանյան փողոցում` 2/3 բաժնեմասային սեփականության իրավունքով: Թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ, ըստ հայտարարագրի, չունի:

Ունի 5 ավտոմեքենա («Պորշե Կայեն»,«Դեձվո Դամաս», 2 «Մերսեդես» և 1997 թ. արտադրության ՎԱԶ-2102):

Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 36,5 մլն դրամ, որից 33,4 միլիոնը` գույքի օտարումից (մնացածը պատգամավորի աշխատավարձն է):  Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 2 մլրդ 90 մլն  դրամ, 815 հազար  դոլար:

12-րդ ընտրատարածքի ներկայացուցիչն է ԲՀԿական Լյովա Խաչատրյանը, որը ԱԺ-ում է սկսած 2003-ից: Ակտիվություն և նախաձեռնություններ չունի, բացակայություններ ևս: Նիստերի ուղիղ կեսին կողմ է քվեարկել, մյուս կեսին դեմ, ձեռնպահ կամ չի քվեարկել:

Լյովա Խաչատրյանն «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 սեփական տուն Արագածոտնի մարզում, 1 բնակարան Երևանում, 1 ավտոտնակ և 2 հողամաս:

Շարժական և թանկարժեք գույք, ըստ հայտարարագրի, չունի:

Հաշվետու տարվա եկամուտը` 25,48 մլն  դրամ (3 մլն 121 հազարը՝ պատգամավորի աշխատավարձ, մնացածը` շահաբաժին «Արմավիրի լույս» ՓԲԸ-ից և գույքի օտարումից):

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է  32,9 մլն   դրամ:

 

Նյութը պատրաստելիս օգտվել ենք parliament.am և parliamentmonitoring.am կայքերում առկա տեղեկատվությունից:

Սկիզբը` ԱՅՍՏԵՂ

Դիտվել է 1563 անգամ:
Print Friendly

Leave a Reply