ՍԵԲԱՍՏԱՑԻ ՄՈՒՐԱԴ. Ես մահ չեմ ուզեր: Ազատությունը կուզեմ տեսնել…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 13, 2013 7:04

«Անե՛ծք, բյուր անե՛ծք անոր, որ թուրքից վրեժը չի լուծեր յոթը պորտեն անդին։ Եթե իմ աչքովս տեսածները ընթերցողը տեսած ըլլա, կարելի է մեռելներին ալ կտակել, որ վրեժխնդիր ըլլան։ Խնայել պետք չէ։ Հայերի գլխին բերած չարիքներեն քարերն անգամ կը դողան»։

Այս խոսքերը պատկանում են անվանի ֆիդայի, հայոց ազատամարտի աննկուն գործիչ Սեբաստացի Մուրադին:

Մուրադ Խրիմյանը ծնվել է 1874 թ. Սեբաստիայի նահանգի Կովտուն գյուղում:

Պատանեկության տարիներից հայդուկը մարզվում և կոփվում էր` իրեն նախապատրաստելով ապագա արհավիրքներին: Իրենց գյուղում անգամ հասակավորներից քչերը կարող էին ֆիզիկական ուժով չափվել Մուրադի հետ: Նրա սիրած զբաղմունքներն էին կոխը, որսորդությունը, ձիավարությունը: Հետագայում ահա թե ինչ խոսքերով է նրան բնութագրել քաղաքական, հասարակական գործիչ, գրող, ՀՀ ապագա վարչապետ Ավետիս Ահարոնյանը. «Բրոնզե, ձուլածո կազմվածք, …խորը, անհանգիստ, կրակ աչքեր։ Խիտ ու շատ սև մազեր, որ տալիս էին առյուծի տեսք։ Մուրադի հեծած երիվարը ուրիշ ոչ ոք չէր կարող սանձել։ Երբ նա քայլում էր, թվում էր, թե մի աշխարհ է շարժվում…»:

Մուրադին վիճակված էր վրիժառուի և «օրենքից դուրս» լինելու ճակատագիրը: Տակավին պատանի` 16 տարեկան հասակում, Մուրադը ուղևորվում է դեպի Սեբաստիա, երբ ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր` թալանելու նպատակով: Մուրադը սպանում է ավազակների պարագլխին, իսկ մյուսները փախչում են:

Փախչելով օրենքի հետապնդումներից` Մուրադը հայտնվում է Պոլսում և այստեղ ապրուստ հայթայթելու համար շալակտարությամբ ու զանազան աշխատանքներով է զբաղվում:

Այս տարիներին Պոլսում էր կենտրոնացած արևմտահայ ազատագրական միտքը: Մուրադը մասնակցում է հայկական հավաքներին, որտեղ Հայաստանի ազատագրության ու արևմտահայության ապստամբության զանազան ծրագրեր էին քննարկվում:

Սակայն, ճակատագրի բերմամբ Մուրադը շուտով լքում է նաև Պոլիսը: Դարձյալ բախտորոշ դիպվածն էր պատճառը: Մի օր փողոցով քայլելիս Մուրադը տեսնում է, թե ինչպես է թուրք ոստիկանը ծեծում մի հայի: Տաքարյուն պատանին հարձակվում է ոստիկանի վրա ու ծեծում նրան: Այս դեպքի առթիվ Մուրադը հայտնվում է ոստիկանության տեսադաշտում և հետապնդումներից խուսափելով` ստիպված լքում է Պոլիսը:

Պոլսո պատրիարքի միջնորդությամբ նա նավով անցնում է Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիա, ապա` Հունաստան, որտեղից էլ ի վերջո հայտնվում է Կովկասի գլխավոր քաղաք Թիֆլիսում: Սակայն տեսնելով, որ Թիֆլիսում անելիք չունի, վճռականորեն որոշելով իրեն նվիրել հայության ազատագրության պայքարին, մեկ շաբաթ անց Մուրադը ոտքով ճանապարհվում է դեպի Կարս, այնտեղից` Բասեն:

Սեբաստացի Մուրադի գործունեությունն աննկատ չի մնում հայ վրիժառուների ուշադրությունից, և նա, ի վերջո, հայտնվում է «Մրրիկ» խմբում, որը պատրաստվում էր հատել ռուս-թուրքական սահմանն ու հաստատվել Երկրում:

1903 թ. աշնանը Մուրադը, 23 այլ ֆիդայիների հետ հաջողությամբ կատարելով առաջադրանքը, հայտնվում է Սասունում: Նրա առաջին գործն էր Գիլեգուզան գյուղում  այցելությունը Աղբյուր Սերոբի շիրմին ու երդումը, որ իր կյանքն անմնացորդ կնվիրի հայության ազատագրության պայքարին: Նույն օրն իսկ Մուրադն ընկերների հետ հանդիպում է Անդրանիկին ու առաջադրանք ստանում նրանից:

1904 թվականը ծանր էր Արևմտյան Հայաստանի համար: Թուրքական կառավարությունը քաջ գիտակցելով, որ Արևմտյան Հայաստանի միջնաբերդը Սասունն է, որտեղ կենտրոնացել էին նաև հայ ազատամարտիկները, ձգտում էր ամեն կերպ ծնկի բերել հայոց այդ միջնաշխարհը:

Թուրքական զորքերն աստիճանաբար սեղմում են պաշարման օղակը Սասունի շուրջ: Ի վերջո, թուրքերը վճռական գրոհի են անցնում: Սկսվում է Սասունի ինքնապաշտպանությունը:

Հայերը կազմակերպված դիմադրություն են ցույց տալիս: Կռիվների հենց սկզբում զոհվում է Հրայր Դժոխքը: Սակայն դա չի հուսալքում հայերին, և նրանք մինչև վերջին փամփուշտը պայքարում են թշնամու դեմ ու թողնում կռվի դաշտը միայն այն ժամանակ, երբ դիմադրությունն այլևս անհնարին ու անիմաստ էր:

Սասունի ապստամբության պարտությունից հետո, Մուրադն ընկերների հետ, Վասպուրականի վրայով հատելով պարսկական սահմանը, հեռանում է Արևմտյան Հայաստանից, ապա անցնում Կովկաս:

Այստեղ էլ Մուրադին արյուն ու պայքար էր սպասում: Ցարական կառավարության սադրանքով Կովկասում սկսվում են հայ-թաթարական ընդհարումները: Ձիավոր հիսնյակի գլուխ անցած` Սեբաստացի Մուրադն անցնում է Նախիջևան, ղեկավարում տեղի հայության ինքնապաշտպանությունը: Ամենուր նրա սուրը և հարվածը կտրուկ էին: Թշնամին մեծ կորուստներով տեղի է տալիս և փախուստի դիմում: Նախիջևանից Մուրադն անցնում է Զանգեզուր, հաստատվում Տաթևի վանքում և այնտեղից ղեկավարում զանգեզուրցիների պայքարը:

Որտեղ էլ լիներ Մուրադը, աչքի էր ընկնում պարզ կենցաղավարությամբ, համեստությամբ և թշնամու դեմ ցասումով: Օսմանյան սահմանադրությունից հետո, Սեբաստացի Մուրադը վերադառնում է հայրենի քաղաք և հաստատվում այնտեղ: 1910 թ. Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում նա պսակվում է Ագապիի հետ, որն ուսուցչություն էր անում Սեբաստիայի հայկական դպրոցներում: Մուրադի հարսանիքին ներկա էր նաև անվանի բանաստեղծ Դանիել Վարուժանը: Իր նորածին որդուն հետագայում Մուրադը կնքում է իր վաղեմի ընկերոջ և կուռքի` Գևորգ Չավուշի անունով:

Լինելով հեռատես գործիչ` Մուրադը չէր հավատում թուրքերի անկեղծությանն ու շարունակ հայությանը սթափության կոչեր էր անում: Նա անգամ մի քանի զինապահեստ ստեղծեց Սեբաստիայում և փորձեց զենք ժողովել: Սակայն թշնամին էլ քնած չէր, և շուտով Մուրադը ձերբակալվում է: Կուսակից ընկերներին հաջողվում է ազատ արձակել Մուրադին, սակայն նա օրենքից դուրս էր և ստիպված էր բարձրանալ սարերը:

Ցեղասպանության ժամանակ զոհ են գնում Մուրադի ընտանիքի բոլոր անդամները: Ինքը` Մուրադը, երկու տասնյակ ընկերներով սարերում շրջելով, իր ցասումն էր արտահայտում թուրքի դեմ` վրեժ լուծելով միլիոնավոր հայերի արյան համար:

Իր զինավառ խմբով հասնելով Սամսուն նավահանգիստ` Մուրադը թուրքական առագաստանավ է բռնագրավում և մեծ դժվարությամբ հասնում է Բաթում:

Կովկասում նա անմիջապես գործի է լծվում` հայ կամավորների հետ կռվի մտնելով թշնամու դեմ: Նա ղեկավարում էր Երզնկայի ճակատը: Շուտով Կայծակ Առաքելի հետ թողնում է կամավորական խմբերն ու զբաղվում է հայ որբ երեխաների փրկագնմամբ: Եղեռնից մազապուրծ հազարավոր երեխաներ օթևան էին գտել օտարների մոտ, և Մուրադն իր ընկերների հետ զբաղվեց այդ երեխաների փրկագնմամբ ու հավաքմամբ:

Երեխաների փրկագնման համար միջոցներ էին հարկավոր, իսկ հայ մեծահարուստները միշտ չէին պատրաստակամ բացում իրենց քսակները: Նման դեպքերում օգնության էր հասնում Մուրադի ցասկոտ բազուկը…

1918 թ. Սեբաստացի Մուրադը անցնում է Բաքու: Այդ տարիներին Բաքուն համարվում էր Կովկասի հեղափոխության կենտրոնը: Բաքվի կոմունայից զատ, քաղաքը թուրքական ուժերից պաշտպանում էին հայկական կամավորական ջոկատները: Երբ Նուրի փաշան թուրքական զորքով մոտեցավ Բաքվին, Բաքվի կոմունան դավաճանաբար փախուստի դիմեց` իր հետ տանելով ողջ զինամթերքն ու ոսկին: Բաքվի տասնյակհազարավոր հայության պաշտպանությունը մնաց  հայկական կամավորական ջոկատների ուսերին:

Հայերը մասսայական պաշտպանության են դիմում: Սակայն ուժերն անհավասար էին: 1918 թ. օգոստոսի 4-ին կռվի ժամանակ Սեբաստացի Մուրադը զարկվեց ճակատից և ընկավ: Հայկական ջոկատը նահանջեց: Միայն օրեր անց հայկական հակագրոհը թշնամուն հետ մղեց ելման դիրքերն ու ազատեց Մուրադի դին:

Մուրադի մարմինը նախ ամփոփեցին Բաքվում, հետագայում աճյունը տեղափոխվեց Թիֆլիս` Խոջիվանքի գերեզմանատուն: Սակայն մեր օրերում արդեն Վրաստանի իշխանությունները բարբարոսաբար ավերեցին Խոջիվանքի գերեզմանատունն, ու Մուրադի գերեզմանը հազարավոր այլ հայորդիների գերեզմանների հետ անհետացավ:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 3520 անգամ:
Print Friendly

Leave a Reply