Ի՞նչ գցեցինք մաղին… այն, որ մեր շաքարը՝ Արցախ աշխարհը, շան բերանում չմնաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 11, 2013 12:49

2012 թվականն էլ պատմություն դարձավ:  Թե ինչպես  ապրեցինք անցնող տարին, որին,  ի դեպ, պարզ երեսով նայելու համարձակություն միշտ չէ, որ ունեցանք,  դեռ  երկար կամփոփենք, ծանրութեթև կանենք:  Եվ  այդ ֆոնին արդեն 24 տարի է, ինչ անթաքույց հպարտությամբ և որպես պարտադիր պայման արձանագրում ենք  XX դարավերջի ձեռքբերումը: Ժամանակահատված, երբ հայ ժողովուրդը վերջապես ձերբազատվեց զոհի բարդույթից` թուրք-ադրբեջանական բիրտ ուժին հակադրելով իր անպարտելի Թուր կեծակին:  Թեև վրա հասած 1988-ի աղետալի երկրաշարժը  ցնցեց  ողջ հայության ոգին, հայն  անպարտելի մնաց:

Արցախյան գոյամարտի տարեգրությամբ հետամուտ մեր շատ հայրենակիցներ,  անշուշտ, կհիշեն այն օրը, երբ 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո մոսկվաբնակ մի խումբ մտավորականներ՝ Անդրեյ Սախարովի գլխավորությամբ, եղան Բաքվում և հանդիպեցին Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Վեզիրովի հետ, որն էլ  ժամեր շարունակ պատվիրակության անդամների գլխին  երկար-բարակ «քարոզ- դասախոսություն» է կարդում հայ-ադրբեջանական բարեկամության մասին: Իսկ թե այցն ինչ նպատակ էր հետապնդում, մանրամասնելն իմ խնդիրը չէ, Անդրեյ Սախարովը դա արել է ժամանակին, բայց դե, ասողին լսող էր պետք: Իսկ Վեզիրովը  տարերքի մեջ, նույն պաթոսով  «բարեկամության» մասին իր նախկին երգն է  երգում՝ ներկաներին հիշեցնելով, որ «մենք եղբայր ժողովուրդներ ենք»:

«Լինում է, որ եղբայրները վիճաբանում են, բայց դժբախտության պահին մոռանում են անցյալը: Ահա  երկրաշարժն այդպիսի աղետ է, որ հայերին տաք Ղարաբաղը:  Ողջ աշխարհը երախտապարտ կլինի ձեր ժողովրդին»,-  աղվեսի դիմակ հագած Վեզիրովին պատասխանում է  Ելենա Բոնները: «Հողը չեն նվիրում, հողը նվաճում են արյունով, արյունով»,- ներկաներին հիշեցնում է «բարեկամասեր» Վեզիրովը:

Մի հարցնող լիներ՝ այդ  ինչպես է, որ դարասկզբին նույն այդ հողն անարյուն, սկուտեղի վրա ձեզ մատուցեցին:  Էհ, արյուն էին ուզում` հեղեցին. Սումգայիթի, Մարաղայի ողբերգություն, Գետաշենի ու Շահումյանի տեղահանություն: Անգամ չխնայեցին իրենց հայրենակիցներին և  «Խոջալուի սպանդ» «երկնեցին»:  Հիմա՞ ինչ են  ուզում: Չէ՞ որ մենք մեր պապենական հողը մեր իսկ  արյամբ ազատագրեցինք, և արդեն, ի պատասխան  նրանց հոխորտանքների,  արցախցին ասում է. «ԱՐՅԱՄԲ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԸ ԵՐԲԵՔ ԳՐԻՉՈՎ ՉԵՆՔ ՀԱՆՁՆԻ»: Որքան էլ այս ու այն կողմից սպառնալիքներ հնչեն, փաստահավաք խմբերը, դիվանագիտական առաքելությունները փոխզիջումների տարբերակներ մշակեն, Արցախը սառեցված հակամարտության գոտի համարեն, միևնույնն է, որևէ ցունամի չի կարող կոտրել արցախցու  կամքն ու  նրանից խլել արյամբ ու մաքառումներով ձեռք բերած ազատությունն ու անկախությունը: Ի դեպ, այս պարզ ճշմարտությունը, թեև ուշացումով, բայց, ի վերջո, հասկացան նաև օտարները, երբ Ալիևն  անամոթաբար հերոսացրեց ժանիքն արյունոտ մարդասպանին: Աշխարհի աչքն էլ վերջապես բացվեց:

Գաղտնիք չէ,  որ արցախյան զարթոնքից մինչև 1994 թ. հրադադարն ընկած ժամանակահատվածի օրն ու  ամիսը հագեցած է եղել  բազմաթիվ դեպք-իրադարձություններով, այլ խնդիր է, թե այդ ամենից ինչը հասցրեցինք պատմություն դարձնել:  Հեռու չգնամ ու արժանահավատ լինելու համար  թերթեմ այդ պատմության ընդամենը մեկ  էջ՝ դեկտեմբերյանը` միաժամանակ խոստովանելով, որ մեր ոգորումների մասին, այնուհանդերձ,  քիչ չի գրվել:

Այսպես, եթե 1989-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ և ԼՂԻՄ նորաստեղծ Ազգային խորհուրդներն ընդունեցին Արցախի հետ վերամիավորման պատմական որոշումը, ապա 1991 թ. դեկտեմբերի 10-ը նշանավորվեց որպես Արցախի պետական անկախության հանրաքվեի օր: Եվ 2012-ին  նշեցինք այդ անկախության 21-ամյա հոբելյանը, անկախություն, որի համար  շատ թանկ վճարեցինք: Մեծ կորուստ կրեց մեր գենոֆոնդը: Սևազգեստ կանանց ու աղջիկների թիվը երկրում մեծացավ: Մեծացավ որբ երեխաների ողբերգությունը: Պատերազմի ճարակ դարձած Արցախ աշխարհը  տարի առ տարի բուժեց ու դեռ որքան ժամանակ էլ դեռ կբուժի իր վերքերը:

2006 թ. դեկտեմբերի 10-ին էլ նշանավորվեց երկրի մայր օրենքի ընդունմամբ: ԼՂՀ  բնակչության 99 տոկոսը կողմ քվեարկեց և ընդունեց  երկրի Սահմանադրությունը, թեև այդ մասին խոսվում էր դեռևս Անկախության հռչակագրում: Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, Սահմանադրությունն ընդունվեց շատ ավելի ուշ՝ անկախության հռչակագրից 15 տարի անց, որի աշխատանքները լուսաբանեցին ավելի քան 95 միջազգային ու 140 տեղական դիտորդներ և 45 լրագրողներ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե մայր օրենքի ընդունման հարցում հապաղել են անկախ երկրի ղեկավարները, բայց միայն առաջին հայացքից, որովհետև երբ մտաբերում ես մեզ պարտադրված պատերազմի դառնություններն ու հետևանքները,  հասկանում ես, որ Սահմանադրության  ընդունումն առաջին անհրաժեշտությունը չէր, երբ երկիրն ապրում էր պատերազմի օրենքներով:

Հանրագումարի բերելով 24-ամյա տարեգրության անցյալն ու ներկան` նորից ու նորից համոզվում ես, որ ամեն ինչից վեր հայոց աննկուն ոգին էր, որն արթնացավ ի սեր հող հայրենիի: Շատ հայորդիներ անմահացան, որոնց շնորհիվ մեր շաքարը՝ Արցախ աշխարհը, շան բերանում չթողեցինք: Հայացան Շուշին, Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը…

Խոնարհվելով մեր բոլոր նահատակների հիշատակի առջև՝ շնորհավորում եմ մեր բոլոր որդեկորույս մայրերի, կանանց, քույրերի նոր տարին և նրանց մաղթում քաջ առողջություն, խաղաղություն և համբերություն:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 1629 անգամ:
Print Friendly

Leave a Reply