Ղարաբաղյան հակամարտությունը վերսկսման վտանգի առջև է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 8, 2013 7:05

 Օրեցօր թեժանում են կրքերը ԼՂՀ հակամարտության հարցում: Այս անգամ ուշադրության առանցքը Ստեփանակերտի նորաբաց օդանավակայանի շահագործումն է: ԼՂՀ հակամարտությամբ հետաքրքրված բոլոր կողմերն արդեն այս հարցի առնչությամբ հայտնել ու հայտնում են իրենց դիրքորոշումը:

 Թեժանում են կրքերը Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ

 

Միջազգային հանրությունը լրջորեն անհանգստացած է պաշտոնական Բաքվի հայտարարություններից, որ Ադրբեջանի ՀՕՊ ուժերը հրաման են ստացել խոցել ապօրինաբար իրենց օդային տարածքը մտած քաղաքացիական ինքնաթիռները: Իսկ այդպիսի տարածք Բաքուն համարում է նաև Լեռնային Ղարաբաղի երկինքը:  Բաքվի նման դիրքորոշումը  կարող է հանգեցնել պատերազմի:

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին ակտիվացան խոսակցությունները Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ, երբ ՄԱԿ-ում տարածվեց և շրջանառության մեջ դրվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը: Այդ նամակով ԼՂՀ ԱԳՆ-ն դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Միավորված ազգերի կազմակերպությանը և նրա մասնագիտացված գործակալություններին, ինչպես նաև բոլոր խաղաղասեր անդամ պետություններին` Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցում աջակցություն ցուցաբերելու կոչով, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը կարողանա իրացնել իր հիմնարար իրավունքները և ազատությունները:

Այս հարցի շուրջ հնչող տեսակետները դարձյալ ակտիվացան, երբ այս տարի` հունվարի 18-ին,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ եթե Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման մասին վերջնական որոշում լինի, ապա Հայաստանի ՀՕՊ և ռազմաօդային ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռների անվտանգ թռիչքները դեպի այնտեղ և այնտեղից:

Սա, թերևս, հայկական կողմի պատասխանն էր Բաքվի այն քայլի, որով Ադրբեջանի կառավարությունը հաստատել է երկրի օդային տարածքի օգտագործման մասին կանոնները, ըստ որոնց` սահմանվել է օդային տարածքի սահմանամերձ` 25 կմ-անոց շառավիղ, որը օգտագործման հատուկ ռեժիմ կունենա: Այդ արգելված կամ սահմանափակ թռիչքների գոտիներում թռիչքների կանոնները կհամարվեն խախտված, եթե դրանք իրականացվեն առանց հարցման և ռազմաօդային ուժերին տեղեկացման: Այդպիսի թռիչքներն իրականացնող անձնակազմն էլ հարկադիր վայրէջքի հրահանգին չենթարկվելու դեպքում կոչնչացվի:

Մի խոսքով, Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կանխելու նպատակով ադրբեջանական կողմը հանդես է գալիս քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացման սպառնալիքով, որը դատապարտվել է միջազգային հանրության կողմից:

Այժմ Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ միջազգային հարաբերություններում իրարանցում է նկատվում: Մասնավորապես, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը փետրվարի 5-ին ժամանեց Բաքու, ուր հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար Ռոլան Կոբիան հայտարարել էր, որ մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվելու է նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը:

Այս այցը հատկանշական է այնքանով, որ սրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանում էին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, և երկու ռազմավարական դաշնակիցների խոսակցություններում, վստահաբար, խոսվել է նաև օդանավակայանի հարցի մասին: Որովետև այդ օրերին ռուսական վերլուծական ու փորձագիտական շրջանակները լայնորեն սկսեցին ներկայացնել, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը որոշի խոցել քաղաքացիական օդանավերը: Այդ վերլուծաբաններից շատերը, նույնիսկ հենց ադրբեջանական լրատվամիջոցներն էին ոչ ադրբեջանանպաստ  կարծիքներ հայտնում:

Մասնավորապես, ռուս քաղաքագետ Մարկ Ուրնովը, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը, նշել է, որ եթե Ադրբեջանը գնդակոծի քաղաքացիական ինքնաթիռները, ապա միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ չեն բացառվում: Իսկ ռուս քաղաքագետ, քաղաքական փորձաքննությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն vesti.az-ի հետ բլից-հարցազրույցում կարծիք է հայտնել, որ  եթե Ադրբեջանը կատարի քաղաքացիական օդանավերը խոցելու  իր որոշումը, ապա սկզբում միջազգային ճնշումներ կլինեն, հետո` պատերազմ: «Ընդ որում, միջազգային կարծիքն ավելի շուտ հօգուտ Հայաստանի կլինի, իսկ Ադրբեջանը կհամարվի ագրեսոր»,- ասել էր քաղաքագետը:

Այս համատեքստում հատկանշական է, որ փետրվարի 4-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, ըստ ադրբեջանական Trend.az լրատվական կայքի, Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ հարված հասցնել քաղաքացիական օդանավերին: Նա, սակայն, հերթական անգամ նշել է, որ Բաքուն թույլ չի տա, որ «իրենց տարածքների վրայով անօրինական թռիչքներ իրականացվեն»:

Լարվածությունը պահպանվում է

 

Ու թեև այսօր հայկական կողմը Ստեփանակերտի օդանավակայանի չգործարկումը կապում է տեխնիկական հարցերի հետ, այստեղ ակնհայտորեն նաև քաղաքական լուրջ ենթատեքստ կա. թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն այս հարցում բավականին կոշտ ու հակադրվող դիրքորոշումներ ունեն:

Տարբեր կարծիքներ են հնչում, թե արդյոք ադրբեջանական կողմն ի վիճակի՞ է տեխնիկապես իրագործելու իր սպառնալիքները: Տեխնիկապես, իհարկե, կարող է, քանի որ նման տեխնիկական հնարավորություն Բաքուն ստացավ, երբ հրաժարվելով Իրանի հետ համապատասխան պայմանագրից` 2010 թ. հնարավորություն  ունեցավ ՌԴ-ից գնելու ամենաժամանակակից և աշխարհում իր պարամետրերով հավասարը չունեցող «Ֆավորիտ» զենիթա-հրիթռային համակարգերի 2 դիվիզիոն: «Ֆավորիտը» երկու հրթիռով 100-տոկոսանոց հավանականությամբ կարող է խոցել մինչև 150 կմ հեռավորության վրա գտնվող ցանկացած թիրախ:

«Իրանի փոխարեն «Ֆավորիտի» վաճառքը Ադրբեջանին Դմիտրի Մեդվեդևի քաղաքական սխալն էր, ավելի ճիշտ` աշխարհաքաղաքական սխալը»,- նշել է Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը` հավելելով, որ Ռուսաստանի և նրա դաշնակիցների շահերին հակասող այդ պայմանավորվածությունը շատ դժվար է ուղղել:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանն էլ այս շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը, ցավոք, չի կարող բացառել, որ Ադրբեջանը կարող է քաղաքացիական օդանավերի վրա հրթիռներ արձակել:

«Քանի որ պատային իրավիճակ է ստեղծվել, որովհետև հայկական կողմն ասում է, որ քաղաքացիական ինքնաթիռները պետք է թռչեն, և միջազգային ասպարեզում  բավականին անպատվաբեր կլինի, որ այդ ինքնաթիռները չթռչեն: Նույնն էլ Ադրբեջանը, որ հայտարարել է, թե անպայման կխոցի, անգամ` քաղաքացիական ինքնաթիռները, նույնիսկ օրենք է ընդունել և սրանով նաև պարտավորություն ստանձնել»,- նշեց փորձագետը:

Հարցը հետևյալն է. արդյոք ուզո՞ւմ է Ալիևը նման քայլ, թե՞ ոչ, քանի որ հակառակ քայլն էլ հնարավոր է, ադրբեջանական ինքնաթիռներն էլ են թռչում օդային տարածքներով: Այս հարցի առնչությամբ անչափ կարևոր է Հայաստանի ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի դիրքորոշումը: Այդ դիրքորոշումն ակնկալվում էր տեսնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից դեռևս անցած շաբաթ, երբ նա գտնվում էր Երևանում: Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ Բորդյուժան, ճիշտ է, հայտարարություն արեց, բայց ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ լրագրողների հարցին պատասխանելով, ու նշեց, որ լուրջ չի ընդունում Ադրբեջանի` Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռները կործանելու մասին հայտարարությունը:

«Չեմ կարծում, որ որևէ պետություն այսօր իրեն նման քայլ թույլ տա, այդ պատճառով լուրջ չեմ ընդունում նման հայտարարությունները»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` կարծիք հայտնելով նաև, որ դրանք մեկ բացատրություն ունեն` կա՛մ մտքերի սխալ մեկնաբանություն է, կա՛մ անհաջող կատակ:

Այս պատասխանը, իհարկե, ռազմա-քաղաքական  գործչին վայել արտահայտություն չէ, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ռազմավարական գործընկերոջ ազգային անվտանգության խնդիրներին, որի ապահովման պարտավորություն ունի հենց իր գլխավորած կառույցը:

Խակայն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան բավականին կարևոր էր, և վերլուծաբանների կարծիքով` դա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանին պետք է որպես ռազմական խարիսխ:

 Մի բան ակնհայտ է. Արցախի բնակչությունն իրավունք ունի աշխարհի հետ կապ ապահովելու: Ադրբեջանն անտեղի կարող է մկաններ ցուցադրել, ինչին անմիջապես կպատասխանի Հայաստանը: Դա նշանակում է Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսում: Իսկ թե դա ինչի դա կարող է վերաճել, այս պահին դժվար է ենթադրել, անգամ հաշվի առնելով մեր տարածաշրջանի հարևանությամբ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները:

 

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply