Հայրիկյանը խառնեց խաղաքարտերը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 7, 2013 14:00

Արդեն հայտնի է, որ փետրվարի 18-ին նախատեսված ՀՀ նախագահի ընտրությունները չեն հետաձգվի: Այս ընտրությունների նախընտրական փուլն աչքի ընկավ մի շարք աննախադեպ երևույթներով` թե՛ Հայաստանի ներքաղաքական իրողությունների առումով, թե՛ ընդհանրապես քաղաքական տեխնոլոգիաների առումով: Նախ` թեկնածուներից մեկն ընտրեց քարոզարշավի մի տարբերակ, որ մինչ օրս ոչ մի թեկնածու աշխարհի որևէ երկրում չէր ընտրել. հացադուլը: Երկրորդ` մեկ այլ թեկնածու հայտարարեց, որ իր նախընտրական ծրագիրն ու քարոզարշավը հիմնված են լինելու ազգային էպոսի վրա, ինչը նույնպես աշխարհում հաճախ հանդիպող երևույթներից չէ: Սա աշխարհում նախադեպը չունեցող երևույթների մասին:

 Առաջին ընգամ ընտրությունների գործընթացի ղեկը Հայրիկյանի ձեռքերում էր

 

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական իրողություններում աննախադեպ երևացող երևույթներին, ապա այս ընտրությունները վերջին 20 տարիներին հավանաբար միակն էին, որ այսքան հանգիստ ու  նույնիսկ աննշան նախընտրական փուլ ունեցան, երբ թեկնածուներից ոչ ոք մյուսի հասցեին ոչ մի ավելորդ բառ անգամ չի ասում: Երկրորդ` այս ընտրություններում այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, երբ իշխանության ներկայացուցիչը, ռեալ մրցակից չունենալով, առաջին անգամ կարող էր առանց լուրջ ընտրախախտումների և ընտրակաշառք բաժանելու վերընտրվել հանրապետության նախագահ:

Բայց հանկարծ հունվարի 31-ի գիշերը Տպագրիչների փողոցում կրակոց հնչեց: Ու գրանցվեց Հայաստանի համար ևս մեկ աննախադեպ իրողություն. մինչ օրս նախագահի թեկնածուներից և ոչ մեկի հանդեպ մահափորձ տեղի չէր ունեցել, այն էլ այսքան տարօրինակ ու անհասկանալի:

Ինչևիցե, այս նախընտրական փուլն արդեն հստակորեն բաժանվում է երկու մասի` մինչ Հայրիկյանի դեմ մահափորձի իրականացումը և դրանից հետո:

Ամենևին չենք փորձի գտնել այս օրերի ամենաարդիական հարցի պատասխանը, թե ում էր, վերջիվերջո, ձեռնտու այս միջադեպը: Բայց քանի որ բոլորը նշում են, թե այն ոչ ոքի ձեռնտու չէր, նշենք, որ փաստ է` ինչ-որ մեկը կրակել է Հայրիկյանի վրա, ասել է թե` գոնե մեկ հոգու այն ձեռնտու էր:

Փետրվարի 5-ին կայացած Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը չի ազդի Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Իր խոսքերը նա հիմնավորեց այն հանգամանքով, որ Պարույր Հայրիկյանն ընտրապայքարում ֆավորիտ չէր համարվում, նույնիսկ ավելին` իր հնարավորություններով չէր հավակնում ոչ միայն առաջին, այլև երկրորդ, իսկ որոշ կանխատեսումներով` նաև երրորդ տեղին: Ուստի, Իսկանդարյանի մեկնաբանությամբ, մյուս թեկնածուները նրա դեմ մահափորձ չէին կազմակերպի մրցակցին խաղից հանելու նպատակով:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն էլ նշեց, որ եթե Հայրիկյանի ուղղությամբ կրակոցները նպատակ ունեին Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնել, ապա դա նրանց չհաջողվեց:

Ի՞նչ ստացվեց: Ակնհայտ է մի բան` այսօրվա դրությամբ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, հասարակությունը միաձայն դատապարտում են այդ արարքը: Այս առումով միջադեպը համախմբեց քաղաքական և հասարակական շրջանակները:

Իսկ ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, եթե Հանրապետականների գլխավոր խնդիրը մինչ կրակոցն այն էր, որ Սերժ Սարգսյանը չհավաքի 90 տոկոս ձայն, ապա ՀՀԿ-ականների գլխավոր խնդիրն այժմ այն է, որ ինչքան հնարավոր է արագ ու փոքրիշատե հանգիստ անցնեն այս ընտրությունները:

Թերևս ճիշտ է Իսկանդարյանը, երբ նշում է, որ այս միջադեպը չի ազդի ընտրությունների արդյունքների վրա: Ասել է թե` Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես կրկին կնստի նախագահի թիկնաթոռին: Բայց ընտրություների ընթացքն ու պատկերն այլևս այլ կլինեն,  գոնե թեկնածուներին ընտրողների տված ձայների հարաբերակցությունը հաստատ կփոխվի:

Այս ընտրություններում Պարույր Հայրիկյանը վերջին 20 և ավելի տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն էր ստացել դիմելու սահմանադրական դատարան և օգտագործելու ընտրությունները հետաձգելու իր իրավունքը: Այդ դեպքում, ինչպես արդեն հաճախ է հնչում, կրակոցը մասամբ կհասներ իր նպատակին` կխաթարվեր ընտրական գործընթացը:

Թե ինչու Հայրիկյանը չօգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից

 

Պարույր Հայրիկյանը փետրվարի 5-ին հայտարարեց, որ չի դիմի սահմանադրական դատարան, չի հետաձգի ընտրությունների անցկացման օրը, առավել ևս` այնպես չի անի, որ այս ընտրությունները չեղյալ համարվեն ու նոր ընտրություներ նշանակվեն: Բայց այս որոշմանը նախորդել էին մի քանի հանգամանքեր: Նախ` միջադեպից անմիջապես հետո իշխանական ամբողջ էլիտան ուղղակի «ձեռք չէր քաշում» Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակից: Նրան այցելեց հանրապետության նախագահը, իսկ հետո` ամենայն հայոց կաթողիկոսը:

Վերջինիս այցելությանը, հանուն անկեղծության ասենք, լրատվամիջոցներից մի քանիսը նաև քաղաքական երանգ հաղորդեցին ու նշեցին, թե նա էլ Հայրիկյանին հորդորել է ընտրությունները չհետաձգել: Տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեին, որ ընտրությունները երկու շաբաթով չհետաձգվեին: Դրա առաջին ու ամենամեծ պատճառն այն էր, որ եթե երկու շաբաթով հետաձգվեին, ապա նոր ընտրությունները տեղի կունենային մարտի 4-ին: Ասել է թե` մարտի 1-ից հետո: Իսկ քանի որ ՀԱԿ-ը, ըստ որոշ լուրերի, մարտի 1-ի զոհերին նվիրված հանրահավաք-երթ է կազմակերպելու, ապա դրանից անմիջապես հետո ընտրությունների դեպքում բազմաթիվ  մարդկանց տրամադրվածությունը սկզբունքորեն այլ կլիներ:

Երկրորդ` սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ օրերս նշեց, որ միջադեպից հետո` մեկ օրվա ընթացքում, Հայրիկյանի ճանաչելիության գործակիցը 20-ից հասել է 80 տոկոսի, այսինքն` հավասարվել է Րաֆֆի Հովհաննիսյանի գործակցին: Սոցիոլոգը նշել է նաև, որ այդ շոկային ազդեցությունը մարդկանց մեջ սովորաբար կարճ է տևում, ու ինչքան Հայրիկյանը ուշացնի ընտրությունների օրը, այնքան ավելի կքչանա նրա հետ պատահած դեպքի շնորհիվ համակիրների ընդլայնված բազմության քանակը: Ուստի Հայրիկյանն ինքը ևս շահագրգռված պետք է լիներ ավելի շուտ ընտրություների անցկացմամբ: Իսկ եթե հաշվի առնենք, որ քաղաքական գործիչները «վաստակում են» իրենց վստահած ընտրազանգվածին համապատասխան, ապա մի քանի կետով սեփական ռեյտինգն ու դիրքը մրցակցային աղյուսակում բարձրացնելն առանձնապես վատ չէր լինի:

Մի խոսքով, դեռևս սպասվում են նոր ու հետաքրքիր զարգացումներ, քանի որ մյուս թեկնածուները, ուզած-չուզած, պետք է վերանայեն իրենց` մինչ Հայրիկյանի միջադեպն ընդունած մարտավարությունը, քանի որ այս ընտրապայքարում իրավիճակը գլխիվայր փոխվել է:

 

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply