Հենրիխ Մխիթարյանի թիմը`«Շախտյորը», և «Բորուսիան» նոր հակամարտությունից առաջ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 11, 2013 7:06

Փետրվարի 13-ին ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի (ՉԼ)գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ մրցամարտի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը»,  «Դոնբաս արենա» մարզադաշտում կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, քանի որ  երկու թիմերն էլ վերելքով են հանդես գալիս այս ստուգատեսում:

Ուկրաինական և գերմանական ակումբներն էլ հաղթահարել են խմբային մրցաշարի արգելքը և լի են պատվավոր ավարին տիրանալու համար անզիջում պայքարելու վճռականությամբ:

Հիշեցնենք, որ «Շախտյորը» խմբային մրցաշարն (E խումբ) ավարտել էր երկրորդ տեղում: Այն 3 հաղթանակ է տարել, 1 խաղ ավարտել է ոչ-ոքի և կրել է մեկ պարտություն:

Դոնեցկցիները հաղթել են  դանիական «Նորդշելանին» (2:0), (5:2), անգլիական «Չելսիին» (2:1), ոչ-ոքի են ավարտել խաղն իտալական «Յուվենթուսի» (1:1) հետ: Վերջին երկու թիմերին «Շախտյորը» նաև զիջել է համապատասխանաբար 2:3 և 0:1 հաշիվներով: Ի վերջո, ուկրաինական ակումբը խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը (10 միավոր)` առաջ թողնելով միայն «Յուվենթուսին» (12 միավոր): Ի դեպ, «Չելսին» ևս 10 միավոր ուներ, սակայն «Շախտյորից» հետ մնաց լրացուցիչ ցուցանիշներով:

Ինչ վերաբերում է դոնեցկցիների առաջիկա մրցակցին, ապա այն D խմբում փայլուն է հանդես եկել` տանելով 4 hաղթանակ, 2 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և չկրելով ոչ մի պարտություն: Գերմանացիները վաստակել են 14 միավոր` 3 միավորով առաջ անցնելով մերձակա հետապնդողից և գրավել են առաջին տեղը:

Ուշագրավ է, որ «Բորուսիան» առավելության է հասել հեղինակավոր մրցակիցների` հոլանդական «Այաքսի» (1:0, 4:1), Մադրիդի «Ռեալի» (2:1), անգլիական «Մանչեսթեր սիթիի» (1:0) նկատմամբ: Իսկ ոչ-ոքի է գրանցվել գերմանական թիմի և «Մանչեսթեր սիթիի» (1:1), «Ռեալի» (2:2)  հետ հանդիպումներում:

Ինչևէ, այս ամենը հետևում է մնացել, պայքարը շարունակող «Շախտյորը» և «Բորուսիան» այժմ նոր խնդիրներ ունեն լուծելու: Ի դեպ, երկուսն էլ հաջող են պայքարում ազգային առաջնությունների բարձրագույն խմբում:

Ուկրաինական ֆուտբոլում այժմ դադար է: «Շախտյորը» 18 խաղից հետո վաստակել է 38 միավոր և 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Դնեպրից» առաջ է 13 միավորով: Թիմը տարել է 17 հաղթանակ և կրել մեկ պարտություն:

Թիմի լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն է, որը 17 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ:  ՉԼ մրցաշարում 24-ամյա խաղացողը 2 անգամ է աչքի ընկել: Այս ստուգատեսում 4 անգամ մրցակիցներին ստիպել է խաղը վերսկսել կենտրոնից նրա արդեն նախկին թիմակից, բրազիլացի Վիլիանը: 24-ամյա ֆուտբոլիստը մրցելույթները կշարունակի Մախաչկալայի «Անժիում»։ Դաղստանի ներկայացուցիչները Բրազիլիայի հավաքականի հարձակվողի համար որպես փոխհատուցում պատրաստվում են վճարել շուրջ 35 միլիոն եվրո։

Իսկ ահա «Բորուսիան» Գերմանիայի վերսկսված առաջնությունում խաղացված 19 տուրից հետո 36 միավորով 3-րդ տեղում է` 10 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 3 պարտություն: Այն  մեկ միավորով է հետ մնում «Բայերից», իսկ առաջատարին` «Բավարիային», զիջում է 12 միավորով: Թիմի լավագույն  ռմբարկուն լեհ Ռոբերտ Լևանդովսկին է, որը,  մասնակցելով 18 խաղի, մրցակիցների դարպասը գրավել է 11 անգամ:

Անկասկած հետաքրքիր է, թե թիմերը նախկինում առիթ ունեցե՞լ են միմյանց հետ մրցելու:

2001-ի օգոստոսի 22-ին «Բորուսիան» «Վեստֆալենստադիոնում» ՈւԵՖԱ-ի ՉԼ մրցաշարի  3-րդ շրջանում 3:1 (0:1) հաշվով հաղթել է «Շախտյորին»: Արդյունքը պատահական չէր, քանի որ օգոստոսի 7-ին գերմանացիները մրցակցի նկատմամբ առավելության էին հասել հյուրընկալվելիս` 2:0 (1:0):

Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպմանը, ապա գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են գերմանական թիմին: Մասնավորապես, «Շախտյորի» հաղթանակի համար սահմանվել է 2,6, իսկ «Բորուսիայի» համար` 2,5 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվում է 3,35 գործակցով: Ի դեպ, երկու խաղի արդյունքով հաջորդ փուլ դուրս գալու ուկրաինական թիմի հնարավորությունները գնահատվել են 2,7, գերմանական ակումբի` 1,40 գործակցով:

Այդուհանդերձ, ամեն ինչ կպարզվի մարտի 5-ին նախատեսված թիմերի երկրորդ խաղից հետո:

Հայտնի է, որ եթե «Շախտյորը» վերելքով է խաղում, ապա անկասելի է: Բայց ուկրաինական ակումբի համար դժվար կլինի, քանի որ «Բորուսիան» վտանգավոր

թիմ է, հատկապես արդյունավետ է հակագրոհում: Փոխարենը` «Շախտյորի» ֆուտբոլիստները կարողանում են գնդակ «պահել», արագ գրոհել և  ի վիճակի են մրցակցին իրենց կամքը թելադրելու և ստիպելու, որ չդրսևորի իր ներուժը:

Դիտվել է 1878 անգամ:
Print Friendly

Leave a Reply