Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետի տեղակալից հետաքրքրվեց Հայրիկյանի գործով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2013 13:06

Այսօր խորհրդարանում “Պետական և ծառայողական գաղտնիքի մասին” օրինագծի քննարկմանը ներկա էր նաև ԱԱԾ պետի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով պատեհ առիթից, հետաքրքրվեց, թե անվտանգության ծառայությունն ինչ քայլեր է իրականացնում ՝բացահայտելու նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը և այս պահին գործն ինչ փուլում է:

Հարությունյանը հավաստիացրեց, որ ամեն բան արվում է գործի շուտափույթ բացահայտման համար՝ նշելով, որ այս պահին այլ բան չունի ավելացնլեու:

Նիկոլ Փաշինյանին չբավարարեց պատասխանը: Նա ընդգծեց, որ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելը շատ ավելի արդյունավետ է, իսկ գործի ձգձգումը հանրության մեջ կառաջացնի մտավախություն, որ սա կարող է դառնալ հերթական չբացահայտված հանցագործությունը, որն է՛լ ավելի կծանրացնի երկրի առանց այն էլ ծանր մթնոլորտը:  “Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե նախագահի թեկնածուների անվտանգությունը ձախողած պետական մարմինը որքանո՞վ կարող է հույսեր ներշնչել հանցագործությունը բացահայտելու տեսանկյունից”,-ասաց  նա:

ԱԱԾ պետի տեղակալը կրկնեց. “Ամեն ինչ անելու ենք, որ այդ ոճրագործությունը բացահայտվի”:

Նշենք նաև, որ “Պետական և ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին  նախագիծի քնարկումը սկսկվել է նախօրեին: Նպատակն է ապահովել արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր նվազեցման և վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պաշարի ֆինանսավորումը այլընտրանքային աղբյուրներից, այդ թվում՝ միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին ձևավորելու հնարավորությունը:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply