Մրցավարներ կհրավիրվեն արտասահմանից

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 31, 2010 16:05

2009-ին ռեգբին դարձավ օլիմպիական մարզաձև: Դա դժվար խնդիր էր: Մարզաձևեր կան, որ տասնամյակներ շարունակ պայքարում են Միջազգային օլիմպիական կոմիտեի ուշադրությանն արժանանալու և չորս տարին մեկ անցկացվող օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվելու համար, սակայն դա ոչ մի կերպ չի հաջողվում: Մասնավորապես, օլիմպիական չեն այնպիսի տարածված մարզաձևեր, ինչպիսիք են` սամբոն, շախմատը և այլն:

Ի դեպ, երբեմն շախմատի վերջին երկու համաշխարհային օլիմպիադաներում չեմպիոն դարձած մեր մարզիկներին մեծարելու համար նրանց անվանում են օլիմպիական խաղերի չեմպիոններ: Սակայն, դա ճիշտ չէ: Իհարկե, ոմանք այդ չիմանալով են ասում, սակայն, երբ շախմատի մասնագետները և լրագրողներն են դա անում, ապա պարզապես աչքակապության և փաստերը խեղաթյուրելու փորձերի ենք առնչվում: Հնարավոր է, որ շախմատն առաջիկայում դառնա օլիմպիական մարզաձև, սակայն առայժմ նման բան չկա: Մինչդեռ, ռեգբին, ավելի շուտ դրա այն մրցաձևը, որ անվանում են «ռեգբի 7», այդ առումով արդեն առաջ է անցել շախմատից և մի շարք այլ մարզաձևերից: Իսկ ամեն բան պայմանավորված է մասսայականությամբ: Կարելի է ասել, որ եթե Հայաստանում թիվ 1 մարզաձև է համարվում շախմատը, ապա մի շարք երկրներում` ռեգբին: Այնպես որ, աշխարհում երկրներ կարող են լինել, որտեղ շախմատիստներ գրեթե չկան, սակայն ռեգբին մեծ տարածում ունի: Ինքնին հարց կարող է առաջանալ, թե ինչպիսին է այս մարզաձևի վիճակը Հայաստանում:

Նախկինում մեր երկրում ռեգբիի ավանդույթներ եղել են, սակայն դրանք հետագայում մոռացվել են: Մարզաձևը սկսեց վերակենդանանալ անկախացումից հետո: Այդ ժամանակ էր, որ օգնության ձեռք մեկնեցին Ֆրանսիայում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները: Հայաստանի հավաքականը կազմավորվեց և հանդես է գալիս միջազգային ստուգատեսներում: Սակայն, երկար ժամանակ է` տեղաշարժ չկար: Եվ ստացվում էր, որ դրսից հրավիրված խաղացողներից կազմված հավաքական ունենք, սակայն մեր երկրում այդ մարզաձևը գոյություն չունի: Թերևս, այդ էր պատճառը, որ մարզական բնագավառի ներկայացուցիչներն անտարբերությամբ էին նայում այս մարզաձևին: Կարելի է ասել, որ ռեգբին թողնվել էր բախտի քմահաճույքին, քանի որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ի տարբերություն մի շարք մարզաձևերի, ռեգբիի աջակցության համար ոչ մի դրամ չէր հատկացնում:

Փաստորեն, Հայաստանի ռեգբիի ֆեդերացիան նախկինում ամեն ինչ անում էր սեփական ուժերով: Ընդ որում, մեր այս մարզաձևի ազգային հավաքականը պարբերաբար մասնակցում է Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարերի. արտագնա խաղեր անցկացնում և մրցակիցներին հյուրընկալում սեփական խաղադաշտում: Ընդ որում, երկու դեպքում էլ դժվար է: Բանն այն է, որ դրսում խաղերի մասնակցելու համար մեծ գումարներ են պահանջվում: Հայաստանում էլ ռեգբիի համար հարմար խաղադաշտեր չկան, քանի որ դրանք ֆուտբոլային խաղադաշտերից առնվազն 6 մ պետք է երկար լինեն, այսինքն` դարպասների հետևում ազատ տարածք ունենան: Իսկ խաղադաշտերը վարձակալելու համար էլ պատկառելի ֆինանսներ են պահանջվում: Մասնավորապես, տարիներ առաջ, երբ Երևանում մեր ռեգբիստները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղ էին ցանկանում անցկացնել, անգամ անկենդան թվացող «Հրազդան» մարզադաշտից օգտվելու համար այնպիսի ֆինանսներ էին պահանջել, որ Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի ներկայացուցիչները ստիպված էին մոռանալ, որ Հայաստանում այդպիսի մարզաբազա գոյություն ունի:

Ինչևէ, թեև Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահ,Հայաստանի հավաքական թիմերի նախապատրաստության Երևանի կենտրոնի տնօրեն Յուրի Բեգլարյանն այն կարծիքին է, որ հատկացված ֆինանսները բավարար չեն նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացնելու համար, այսուհանդերձ, դա նշանակալի օգնություն է և հնարավորություն կտա որոշ աշխատանքներ կատարել: Մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում՝ ապրիլին, սկսել այս մարզաձևի Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները: Մեր երկրում ռեգբիի չորս ակումբ կա: Այժմ աշխատանքներ են կատարվում, որպեսզի դրանց թիվն ավելացվի: Նախատեսվում է խաղերն անցկացնել Աբովյանի և Աշտարակի մարզադաշտերում: Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի ներկայացուցիչները հույս ունեն, որ իրենց կընդառաջեն և խաղադաշտերից օգտվելու համար ֆինանսներ չեն պահանջի:

Բարդ է մնում մրցավարության հարցը: Հայաստանում ռեգբիի մրցավարների պակաս է զգացվում: Այդ բացը լրացնելու համար մտադիր են դրսից մասնագետներ հրավիրել, օրինակ` Վրաստանից և Իրանից: Հարևան երկրներում ռեգբին բարձր մակարդակ ունի: «Դա ամոթ չէ: Այդպես կվարվենք, քանի դեռ մեր սեփական մրցավարները չունենք: Ի դեպ, փորձը ցույց է տվել, որ օտարերկրացի մրցավարները սիրով են արձագանքում մեր հրավերներին, երբեմն նույնիսկ իրենց ճանապարհածախսը չեն պահանջում վճարել: Իսկ առաջնությունները պետք է բարձր մակարդակով կազմակերպել, քանի որ ռեգբիի միջազգային կազմակերպություններից դիտորդներ են գալու հանդիպումների ընթացքին հետևելու համար»,- ասաց Բեգլարյանը:

Ինչ վերաբերում է միջազգային խաղերին, ապա ապրիլի 3-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մերոնք հյուրընկալելու են Անդորրայի հավաքականին, ապա ապրիլի 10-ին Հայաստանի հավաքականը տանը մրցելու է սերբերի հետ: Նույն խմբում են նաև Լիտվայի, Շվեյցարիայի հավաքականները: Այս բոլոր թիմերն ընդգրկված են A դիվիզիոնի 3-րդ խմբում:

Ինչպես նշվեց, տարիներ շարունակ Հայաստանի հավաքականը համալրել են արտասահմանյան երկներում, հիմնականում Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից ռեգբիստները: Բայց չի բացառվում, որ առաջիկայում այդ մարզաձևի մեր երկրի հավաքականում հիմնականում խաղան Հայաստանում բնակվող մարզիկները: Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե դրսից չաջակցեն, Հայաստանի հավաքականը արտասահմանյան երկրների ռեգբիստներով չհամալրեն, մենք կխայտառակվենք: «Իրականում, այդպես չէ, խաղացողներ ունենք: Բացի այդ, Հայաստանի ռեգբիի ֆեդերացիան է կարգավորում բոլոր հարցերը: Ֆինանսական խնդիրները 90 տոկոսով ծանրացած են մեր կազմակերպության վրա: Ֆեդերացիան է փող տրամադրում խաղացողների գիշերելու, սնվելու, ճաշկերույթների համար: Ի դեպ, ռեգբիի հավաքականների ամեն հանդիպումից հետո մեծ ճաշկերույթ է կազմակերպվում, որին 50-60 մարդ է մասնակցում: Դա ռեգբիում պարտադիր է, չգրված օրենք: Բացի այդ, խաղացողների համար մարզագույք և գնդակներ են գնվում: Ի դեպ, ամեն գնդակն առնվազն 27 եվրո արժե, իսկ լավ գնդակների գինը տատանվում է 100-150 եվրոյի սահմաններում»,- պարզաբանեց Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահը:

Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների օգնությանը, ապա ասվեց, որ նրանցից ոմանք Հայաստան են այցելում ավելի շուտ զբոսաշրջիկի կարգավիճակով, ոչ թե գործին հիմնավոր օգնած լինելու նպատակով: Փաստորեն, նրանք թիմի խաղացողների հետ գալիս են և հետ են վարադառնում: Իսկ թե ինչ է արվում բարեգործական նպատակներով հավաքված գումարը, ֆեդերացիայի նախագահը տեղյակ չէ:
Պարզվում է, որ այս մարզաձևի ներկայացուցիչները Հայաստանում հովանավորներ չունեն: Թերևս մեղավորություն ունի նաև ֆեդերացիան, որ այդ հարցում ակտիվություն չի դրսևորում: Մինչդեռ, առանց հովանավորների ակումբները ոտքի կանգնել չեն կարող:

Ի դեպ, Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահն այն կարծիքին է, որ այս մարզաձևին փոքր-ինչ ուշադրություն դարձնելու դեպքում հնարավոր է, որ 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում մասնակից հավաքական ունենանք: Բանն այն է, որ «Ռեգբի 7»-ը, ի տարբերություն դասական ռեգբիի, խաղի անցկացման համար պահանջում է փոքր չափերի` ֆուտբոլային կես մարզադաշտ, իսկ ամեն թիմի կազմում խաղին մասնակցում է ոչ թե 15, այլ 7 խաղացող: Այսինքն` բարձրակարգ քիչ թվով խաղացողներով կարելի է արդյունքի հասնել: Եվ մեր երկրի հավաքականն ուժեղ կազմ հավաքելու, 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու հնարավորություն ունի: «Մինչդեռ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից դեռևս հարցնող չի եղել, թե ինչ կարելի է անել դրան հասնելու համար: Ընդհանրապես, ռեգբին ապագա ունեցող մարզաձև է: Կա նաեւ ռեգբիի լողափնյա մրցաձևը: Իսկ որպեսզի այս խաղաձևը Հայաստանում զարգանա, անհրաժեշտ է, որ այն ավելի լուրջ ուշադրության արժանանա»,- ասաց Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահը:

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply