Նախընտրական հանդիպումներ Արմավիրի մարզում,լուսանկարներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2013 20:23

Սերժ Սարգսյանը շարունակում է նախընտրական հանդիպումները հանրապետության մարզերում: Այսօր ՀՀ նախագահի թեկնածուն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել Էջմիածնի, Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանի ընտրողների հետ:

«Այսօր մեր երկրի հոգևոր մայրաքաղաքում ի լուր բոլորի հայտարարում եմ, որ իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու: Ձեր քվեի ուժով լինելու եմ մեր երկրի բոլոր քաղաքացիների Նախագահը: Ձեր քվեի շնորհիվ լինելու եմ նաև մեր ընդդիմախոսների, մեզ քննադատողների Նախագահը»,-էջմիածինցիներին ասել է Սերժ Սարգսյանը: Այս համայնքում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածուն հայտարարել է, որ սոցիալական արդարությունը մեր երկրի համար ամենալուրջ մարտահրավերներից մեկն է և այն լուծվելու է բոլորի միասնական ջանքերով: Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է սոցիալական խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և նոր քաղաքականության ու ծրագրերի շրջանակներում ավելի արդյունավետ մեխանիզմների, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման մասին:

Ինչպես Էջմիածնում, այնպես էլ Քարակերտ համայնքում, որտեղ ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպում է ունեցել Բաղրամյանի տարածաշրջանի ընտրողների հետ, Սերժ Սարգսյանն առաջարկել է հանդիպումն ավելի անմիջական ու արդյունավետ դարձնելու նպատակով, անցնել հարցուպատասխանի ձևաչափին՝ լսել մարդկանց մտահոգող խնդիրները, հարցադրումներն ու առաջարկները, խոսել հենց դրանց մասին:

Արմավիր քաղաքում Սերժ Սարգսյանն անդրադառնալով իր ելույթներում բարձրացվող և նաև ընտրողների կողմից առաջ քաշվող խնդիրներին՝ վստահեցրել է, որ դրանք բոլորը, նույնիսկ ամենաբարդ հիմնահարցերը լուծելի են: Դրա համար անցած տարիների ընթացքում ստեղծվել են բոլոր նախադրյալները:

«Սիրելի՛ արմավիրցիներ,

Փետրվարի 18-ին յուրաքանչյուրիդ մասնակցությունը հույժ կարևոր է: Հավատացնում եմ` ձեր մասնակցությունը, ձեր տված քվեն շատ ավելի կարևոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Կարևոր է գալիք հինգ տարիների համար, կարևոր է գալիք բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար, կարևոր է մեր երկրի ապագայի հանդեպ մեր վստահությունը ցույց տալու համար: Ես հավատում եմ արմավիրցու հեռատեսությանը և հավատում եմ, որ Արմավիրը կսատարի մեզ:

Այս ամենով հանդերձ մենք պետք է անցկացնենք նաև լավ ընտրություններ, լավագույնը բոլոր ժամանակների համար: Մի կասկածեք, որ այդպես էլ լինելու է: Եվ ես վստահ եմ, որ արմավիրցին լինելու է առաջամարտիկների շարքում: Մենք այլ ճանապարհ չունենք: Բայց վերջերս ես տարբեր տեղերից լսում եմ, սիրելի՛ արմավիրցիներ, թե ինչ-որ տեղեր իբրև թե անձնագրեր են հավաքում, ինչ-որ տեղերում իբր ուսանողներին ներգրավում են, պարտադրում են մասնակցել քարոզարշավին: Ասում են նույնիսկ, որ որոշ դասախոսներ դասաժամերը վեր են ածում քարոզչության: Սիրելի՛ արմավիրցիներ, մեզ դա պետք չէ: Բնավ պետք չէ: Եթե նույնիսկ մեկ տոկոսը ճիշտ է, ապա մենք դա իզուր ենք անում: Իզուր ենք անում, որովհետև դա մեզ օգուտ չի տալու: Մենք ոչ մեկի առաջ հաշվետու չենք, բացի մեր ժողովրդից, բայց մենք ապրում ենք միջազգային հանրության հետ միասին, տարբեր կազմակերպությունների անդամ ենք, մենք մեծ նշանակության հարցեր ենք քննարկում այդ կազմակերպություններում: Եթե ուզում ենք լինել միջազգային հանրության լիարժեք անդամ, ապա պետք է, իրոք, աշխատենք քաղաքակիրթ կանոններով: Եվ ես վստահ եմ, սիրելի՛ արմավիրցիներ, որ փետրվարի 18-ին դուք բոլորդ մեկ մարդու պես գալու եք ընտրատարածքներ, սատարելու եք մեզ, որպեսզի մենք ձեզ հետ միասին գնանք դեպի ապահով Հայաստան»,-Արմավիրում ընտրողների հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

Քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը Էջմիածնում այցելել է նաև փայտամշակման և շինարարության ոլորտներում մասնագիտացած, առաջնակարգ տեխնոլոգիաներով փայտե դռներ արտադրող «Իմպերիալ տուր» ՍՊԸ, շրջել ընկերության արտադրամասերում, ծանոթացել ներդրումային ծրագրին ու ընկերության զարգացման հեռանկարին: ՀՀ նախագահի թեկնածուն ներկա է գտնվել Քարակերտի հիմնանորոգված թիվ 1 միջնակարգ դպրոցի բացմանը, շրջայց կատարել նորաբաց ուսումնական հաստատությունում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply