«Բարգավաճի» փոքր հաղթանակը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 31, 2010 15:53

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը խաղի ժամանակ

Սեղանի թենիսի Հայաստանի ֆեդերացիայի նոր նախագահը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Լևոն Գրիգորյանն է: Ընդ որում, մինչև այս մարզաձևի ֆեդերացիայի համաժողովն անցկացնելը, ոչ ոք չէր կարող գուշակել, որ նա կարող է գլխավորել կազմակերպությունը. այն պարզ պատճառով, որ սեղանի թենիսի, պարզապես մարզական բնագավառի ներկայացուցիչներին նա անծանոթ էր, բացի այդ,  մարզաձևի զարգացման համար մեծ փողեր ներդնելու որևէ հույս չէր ներշնչել:

Վաղուց հայտնի էր, որ Հայաստանի սեղանի թենիսի  ֆեդերացիայի նախագահ, վանաձորցի Սամվել Դիլոյանը մտադիր չէ վերընտրվել այդ պաշտոնում: Առհասարակ, այս մարզաձևի ֆեդերացիան մյուսներից տարբերվում է, թերևս, այն առումով, որ  մասնագետների միջև տարաձայնությունները շատ են: Իսկ այդպիսի պայմաններում  հնարավոր չէ որևէ լավ բան սպասել: Ինչևէ, միայն համաժողովի նախօրյակին էր հայտնի դարձել, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է նոր մարդ, այն էլ` բոլորին անծանոթ: Կազմակերպության ներսում դրան անտարբեր էին նայում: Գուցե պատճառն այն էր, որ ֆեդերացիայի նախագահները շարունակ փոխվել են և խոստումներ տալուց բացի, այդպես էլ ոչ մի բան չեն արել: Ի դեպ, այդ առումով բացառություն չէր նաև Երևանի քաղաքապետ աշխատած տարիներին կազմակերպությունը գլխավորած Ռոբերտ Նազարյանը: Միայն մի հանգամանք էր սրել մթնոլորտը, այն, որ  այդ պաշտոնում ընտրվելու ցանկություն է հայտնել Ռոբերտ Ասատրյանը, ով զբաղեցնում էր ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնը: Ի դեպ, մինչև  համաժողովը թվում էր, թե նա է լինելու միակ թեկնածուն, սակայն վերջին պահին հայտնի էր դարձել, որ այդ պաշտոնը պետք է  զբաղեցնի ԲՀԿ ներկայացուցիչը: Եվ հետաքրքիրն այն էր, որ Ասատրյանը որոշել էր առճակատման գնալ: Ի դեպ, թերևս հաջողութան հասներ, եթե տարաձայնություններ չունենար որոշ մարզիչների հետ: Ընդ որում, Ասատրյանը նախկինում երկու անգամ գլխավորել է ֆեդերացիան, բայց  երրորդ անգամ ընտրվել նույն պաշտոնում նրան չհաջողվեց:

Իսկ Դիլոյանն այդպես էլ հաշվետվություն չտվեց` ասելով միայն, որ  ոչ մեկից չի դժգոհում, և գործին խանգարել են մասնագետների միջև եղած հակասությունները: Նրա փոխարեն դա փորձեց անել Ասատրյանը և բառիս բուն իմաստով կրակն ընկավ, քանի որ ԲՀԿ ներկայացնող,  համաժողովը  նախագահող  ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի նախարարության որոշ պաշտոնյաներ ֆեդերացիայում ստեղծված իրավիճակի հետ կապված բոլոր հարցերը նրան  ուղղեցին: Ի դեպ, բացահայտվեց, որ տարեկան 10 մլն դրամ պետությունից աջակցություն ստացած կազմակերպությունը 2008-09-ին, հիմնականում Ասատրյանի բերած հովանավորչական փողերով, Հայաստանի ներքին ստուգատեսների, մեր մարզիկներին միջազգային մրցումների գործուղելու նպատակով ծախսել է 28 հազար 300 եվրո և 6 մլն 870 հազար դրամ: 2010-ի երեք ամիսներին ծախսվել է 1 մլն 360 հազար դրամ: Ուշագրավ էր, որ ֆեդերացիան 3 համակարգիչ էր գնել, բայց երկուսը, պարզ չէ, թե ինչու, նվիրել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Այսինքն, ռեկետի նման բան է կատարվել, բայց դա չէր հետաքրքիրը: Ֆեդերացիայի աշխատանքը գնահատվեց «անբավարար»:

Վերջում Ասատրյանը ներկայացրեց նոր ծրագիր, խոստացավ, որ, նախագահ ընտրվելու դեպքում ամեն տարի հովանավորչական գումար կհայթայթի` 30 մլն դրամ, բայց չընտրվեց: Մինչդեռ, նրա  մրցակից Գրիգորյանը լռեց մինչև վերջ: Ինչպես ասում են` խոսելն արծաթ է, լռությունը` ոսկի: Նա ոչ մի ծրագիր էլ չներկայացրեց, ոչ էլ ֆեդերացիա փող բերելու խոստում տվեց, բայց ընտրվեց ֆեդերացիայի նախագահ:

Դիտվել է 2406 անգամ:
Print Friendly

Leave a Reply