Սյունիքի մարզի պաշտոնյաների «կիսագրագետ» թղթերը որևէ իրավական հիմք չունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2013 18:51

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհդրարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Սյունիքի մարզի 50 հազար հեկտար իրանական կողմին վարձակալություն տալու հնարավոր գործարքի վերաբերյալ հարցը՝ միաժամանակ նշելով, որ երեկ տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է տարածել՝ շեշտելով, որ առայժմ որևէ իրավական գործընթաց գոյություն չունի: “Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կառավարությունն ավելի շուտ այս պարզաբանումը տար, ոչ թե հանրային ակտիվ քննարկումներից ու ԱԺ-ում հարցը բարձրացնելուց հետո: Բայց միևնույնն է՝ հարցականները մնում են:”

Պատգամավորի կարծիքով՝ “կան Սյունիքի մարզի պաշտոնյանների ստորագրությունները այս փաստաթղթերի, ավելի ճիշտ՝ կիսագրագետ թղթերի տակ”: Երկրորդ՝ Տարածքային նախարարության պարզաբանումից հետո aravot.am կայքում հայտնվել է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հարցազրույցը, որտեղ այդ մարդը գովերգում է իրենց նախաձեռնությունը: Երրորդ՝ Տարածքային նախարարության  պարզաբանման մեջ հղում կա կառավարության երկու  որոշման, որոնք էական կապ չունեն խնդրո առարկայի հետ. մեկը վերաբերում է արոտավայրերի օգտագործման կարգին, մյուսը՝ պետական սեփականության արոտավայրերից օգտվելու պայմանների բնույթին: Չորրորդ՝ Հողային օրենսգիրքը, նախատեսում է նման պայմանագրերը կնքել մրցույթով, առանց մրցույթի կարգ կառավարությունը չի սահմանել:

Աղվան Վարդանյանի հինգերորդ՝ բուն հարցը վերաբերում էր նրան, թե ի՞նչ է տալու հնարավոր այդ գործարքը  Հայաստանի Հանրապետությանը և տարածաշրջանի գյուղացիությանը: “Ինչու՞ հնարավոր չէ պետականորեն երաշխավորել մսամթերքի ու կաթնամթերքի  իրացում և անասնապահության զարգացմանը մասնակից դարձնել մեր գյուղացիներին ու տնտեսավարողներին: Կառավարությունը գիտակցու՞մ է պետական և համայնքային հողերը օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վարձակալության տալու քաղաքական, հոգեբանական, տնտեսական, բնապահպանական հետևանքները”,-հարցրեց պատգամավորը:

Քանի որ Տարածքային կառավարման նախարարը բացակայում էր, Աղվան Վարդանյանն ակնկալեց վարչապետի պատասխանը, սակայն հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Վերջինիս վերահաստատեց, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ փաստաթուղթը իրավական որևէ հիմք չունի:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply