«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում ունենալ դաշնակից` ի դեմս Հայաստանի»

Հարցազրույց | | February 6, 2013 15:35

ՀՀ վարչապետը “Մոսկովսկիե Նովոստիին” պատմել է  Մաքսային  միություն մտնելու մասին,  Ալեքսեյ Միլերի հետ միասին սովորելու  և Ալֆրեդ Կոխի հետ  կոլխոզներ  գնալու մասին: 

– Ինչպիսի՞ն է եղել 2012 թվականը Հայաստանի համար. ի՞նչ հաջողություններ են գրանցվել, ի՞նչ խնդրներ։

– Մեր քաղաքական համակարգն արդարացրեց իրեն: Դա երևաց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ միջազգային հանրութան կողմից այս ընտրությունները ճանաչվեցին Հայաստանի ժամանակակից պատմության ամենադեմոկրատական ընտրությունները: Գրանցվել է տնտեսական ակտիվության բարձր աճ: ՀՆԱ-ն 2012 թվականին կազմել է 7 տոկոսից բարձր, ինչը լավագույն ցուցանիշն է հետխորհրդային տարածքում: Իսկ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանը գտնվում է խոցելի աշխարհաքաղաքական իրավիճակում, նկատի ունեմ 2 հարևանների հետ ունեցած հարաբերությունները, չկարգավորված կոնֆլիկտները, ապա սա շատ լուրջ թիվ է:

– Ինչի՞ հաշվին է ձեռք բերվել նման ցուցանիշ։

-Առաջին հերթին իր արդյունավետությունն է ապացուցել կառավարության հակաճգնաժամային ծրագիրը: Ուղղությունը հետևյալն էր. առաջինը՝ տնտեսության դիվերսիֆիկացիան է, երկրորդը՝ արդյունաբերական ոլորտին ցուցաբերվող իրական աջակցությունը. կրեդիտներ, բիզնես-կլիմայի բարելավում, կառավարության անմիջական մասնակցությունն այս կամ այն նախագծերում, ինչպես նաև ներդրումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Մենք պայմանավորվել ենք մեր հիմնական ներկրողների հետ Հայաստանում տնտեսական ներդրումների վերաբերյալ: Այդ ամենի շնորհիվ վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ մոտ արտահանումը գերազանցում է ներկրման ծավալները։

– Անցալ տարի Հայաստանը և Ռուսաստանը ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացներ Հայաստանի մասնակցությունը Մաքսային միությունում, հաշվի առնենք նաև, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահմաններ չունի: Արդյոք նորություններ կա՞ն։ Ինչքանո՞վ է հնարավոր Հայաստանի մուտքը Մաքսային միություն։

– 2012 թվականի օգոստոսի 8-ին մեր պետությունների ղեկավարները նման հանձնաժողովի ստեղծման որոշում են կայացրել: Խոսքը սահմանների բացակայության մասին չէ։ Հայաստանի յուրօրինակությունն այն է, որ Հայաստանի տնտեսությունը խիստ տարբերվում է Մաքսային միության անդամ պետությունների տնտեսությունից, որոնք ունեն էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ և որտեղ գոյություն ունեն՝ ի պաշտպանություն տեղական արտադրանքի, բարձր մաքսատուրքեր: Մաքսային միությունում մաքսատուրքերի չափերը երկու անգամ բարձր են Հայաստանի համեմատ։ Հայաստանն ԱՊՀ-ի տարածքում առաջին երկիրն էր, որ դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, ինչը Մաքսային միության հետ հարաբերություններում ևս մեկ առանձնահատկություն է ավելացնում: Այս ամենի հետ հանդերձ մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի տարածքում ներդրումներով, քանի որ մի կողմից Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, իսկ մյուս կողմից՝ դա մեծ և հեռանկարային շուկա է և մենք պետք է բարեկեցիկ պայմաններ ստեղծենք այդ տարածքում բիզնեսի մուտքի համար:

– Ինչպե՞ս կնկարագրեք մեր երկու պետությունների ներկայիս հարաբերությունները։ Որտե՞ղ ենք առաջ անցել, իսկ որտեղ դեռ խնդիրներ կան։

– Հայ-ռուսական հարաբերություններն այսօր դաշնակցային համագործակցություն են, որոնք հիմնվում են մեր ժողովուրդների պատմական մտերմության վրա: Ժամանակ առ ժամանակ առաջանում են որոշ հարցեր, որոնք մենք համատեղ լուծում ենք, սակայն ուրիշ ոչ մի խնդիր այս հարաբերություններում չկա: Վերջերս ի հայտ են գալիս անվտանգության և ապագայի հանդեպ համատեղ պատասխանատվության, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցեր, որտեղ Հայաստանը կարող է վստահ համագործակցել Ռուսաստանի հետ: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում ունենալ դաշնակից ՝ ի դեմս Հայաստանի: Մեր երկրում տնտեսական ներդրումներով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը, իսկ ռազմական ոլորտից խոսելը նույնիսկ ավելորդ է:

– Ասում են` դուք Լենինգրադում սովորել եք Չուբայսի, Միլլերի և Կոխի հետ։ Այն ժամանակ նկատվո՞ւմ էր նրանց ապագա դերը Ռուսաստանի կյանքում:

– Իսկապես, Միլլերի և Կոխի հետ մենք մի խմբում ենք սովորել, իսկ ահա Չուբայսն այլ համալսարանում է սովորել: Այդ ժամանակ Գայդարը և Չուբայսը Մոսկվայում և Պետերբուրգում սեմինարներ էին անցկացնում, որտեղ նոր տնտեսական մոդելներ էին քննարկվում: Ես էլ էի հաճախում այդ սեմինարներին: Ով գիտեր այդ ժամանակ, ինչպես է դասավորվելու յուրաքանչյուրիս կյանքը: Ուսանողական տարիներս անցել են լուրջ մրցակցության մեջ՝ ով ինչպես կսովորեր: Իմիջայլոց, մեր խումբը շատ ուժեղ էր, համալսարանում առաջին տեղն էր զբաղեցնում: Ես բացարձակ գերազանց եմ սովորել, ավարտել կարմիր դիպլոմով և ընդհամենը մեկ 4 ստացել սովետական իրավունք առարկայից: Հենց այդ համալսարանում էլ ընդունվել եմ ասպիրանտուրա և պաշտպանել դիսերտացիա:

– Հունվարի կեսերին Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Հայտնի է, որ նրա հաղթանակի հետ կապում են ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը: Դուք նրա հետ այդ հարցերը քննարկե՞լ եք։

– Իհարկե, մենք չէինք կարող շրջանցել այդ հարցը: Ադրբեջանը և Թուրքիան շրջափակել են մեր սահմանները, իսկ միջազգային սանկցիաները դժվարացնում են մեր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Այդ պատճառով Վրաստանով անցնող երկաթգիծը մեզ համար էլ կարևոր նշանակություն ունի: Վրաստանը նույնպես շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Մենք հույսով ենք, որ մոտ ժամանակներում այդ հարցը կլուծվի:

– Մենք գիտենք, որ Հայաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հնարավորություններ կա՞ն Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար և հայ-թուրքական երկխոսություն լինի։

– Դա առաջին հերթին կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից, քանի որ Հայաստանը միշտ էլ կողմ է եղել հարցը լուծել երկխոսության ճանապարհով: Ցավոք, մեր հարևանները դեռ պատրաստ չեն դրան: Իսկ Թուրքիայի հետ երկխոսության հարցում Հայաստանը նույնպես դուրս էր եկել դիվանագիտական կապեր հաստատելու և սահմանների բացման նախնական պայմանավորվածությամբ: Թուրքիան իր հերթին սառեցրել է այդ գործընթացը և երբ կլինի տեղաշարժ այս հարցում, հնարավոր չէ ասել: Այս հարցում Ադրբեջանը զգալի ազդեցություն ունի Թուրքիայի վրա:

– Հայերը համարվում են աշխարհի լավագույն շախմատ խաղացողները։ Վերջերս Գարի Կասպարովը Հայաստանը անվանել է թիվ մեկ շախմատային գերտերություն։

– Իրոք, Հայաստանը շախմատային գերտերություն է: Մեր հավաքականը 3 անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել: Շախմատը սովորեցնում է ռազմավարություն կառուցել, տակտիկական սխեմաներ ստեղծել, որոշումներ կայացնել: Այդ պատճառով էլ մեր դպրոցներում շախմատ է դասավանդվում:

– Հայտնի է, որ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր հայկական կոնյակ, իսկ ի՞նչ խմիչք եք դուք նախընտրում ըմպել։

– Կախված է նրանից, թե որտեղ եմ, ում հետ և ինչու: Չեմ զարմանում, որ Չերչիլը հայկական կոնյակ էր նախընտրում, չէ որ դա իսկական տղամարդկանց խմիչք է։

Դիտվել է 2974 անգամ:
Print Friendly

Leave a Reply