Հայ կինը հայրական տուն գնալու համար ենթարկվում է բռնության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 6, 2013 15:24

2012թ.-ին ՀՀ ոստիկանությունն արձանագրել է ընտանեկան բռնության 766 դեպք, որոնցից 621-ը կանանց նկատմամբ, իսկ 145-ը` տղամարդկանց: Անչափահասների նկատմամբ ընտանեկան բռնությունների թիվը եղել է 15-ը:

Չմոռանանք, որ սրանք պաշտոնական թվեր են, իսկ իրականում նման դեպքերը շատ ավելի շատ են:

«Նախորդ տարիների համեմատությամբ ընտանեկան բռնությունների քանակն աճել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ հավելելով, որ սա չի նշանակում, որ ընտանիքում կատարված բռնության դեպքերն են աճել, պարզապես մեր համաքաղաքացիները ավելի շատ են սկսել վստահել ոստիկանությանը և դիմում են նրա օգնությանը:

Այս տարվա ընթացքում անչափահասների նկատմամբ ընտանեկան բռնության 2 դեպք է գրանցվել՝ մի դեպքում 17-ամյա քույրը 15-ամյա եղբորն է մարմնական վնասվածք հասցրել, իսկ մյուս դեպքում հայրը աղջկա նկատմամբ է բռնություն կիրառել:

Ընտանեկան բռնության ենթարկված կինը շատ դեպքերում գերադասում է լռել: Նելլի Դուրյանն այս հանգամանքը ներընտանեկան խնդիր համարեց, ավելացնելով, որ այդ խնդիրը կա բոլոր երկրներում և Հայաստանը ևս անմասն չէ. «Ընտանիքներում ծեծը, կռիվը, բռնությունը համարում են որպես ներընտանեկան խնդիր և չեն ցանկանում, որ ընտանեկան շրջանակներից դուրս գա»:

Հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ ընտանեկան բռնությունները բաժանեց 4 բաղկացուցիչ մասի՝ սեռական, հոգեբանական, ֆինանսական և ֆիզիկական: Պարզվում է, որ հոգեբանական բռնության ենթարկվածը երբեք չի դիմում ոստիկանությանը, և համարվում է, որ հոգեբանական բռնության ավելի շատ ենթարկվում են կանայք, քան տղամարդիկ:

Հոգեբանը որպես օրինակ նշեց, որ տղամարդն անընդհատ դժգոհ է, թե կինը ինչպես է դաստիարակում երեխաներին, ինչպես է հագնվում կամ ինչպես է ուտելիք պատրաստում: Ասուլիսին ներկա տղամարդ լրագրողներն ընդվզեցին՝ ասելով, որ դա տղամարդու բնավորություն է և ոչ թե կնոջ նկատմամբ կիրառված հոգեբանական բռնություն:

Մեկ այլ օրինակ էլ բերեց Նելլի Դուրյանը, երբ կինը գնում է հայրական տուն և ետ վերադառնալով ամուսնու կողմից ենթարկվում բռնության, այս դեպքում ևս տղամարդիկ բնավորություն համարեցին, ասելով, «եթե տղամարդը ասել է չպետք է գնա հայրական տուն, ապա չպետք է գնա»: Ստացվում է, որ հայ կինը հայրական տուն գնալու համար ենթարկվում է բռնության:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply