Սեզոնի նորաձև շրջազգեստները. Տաբատներն էլ ավելի են զիջում դիրքերը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 31, 2010 15:45

Կանա՞յք են հոգնել տաբատներից, թե՞ նորաձևության թելադրանք է, մի բան պարզ է. տաբատի նկատմամբ կանանց «անուրանալի սերը» նվազել է` տեղը զիջելով զգեստներին ու շրջազգեստներին: Այս գարնանը շրջազգեստներն իրենց հաստատուն տեղը կզբաղեցնեն կանանց ու աղջիկների զգեստապահարաններում:

Նորաձևության հայտնի ցուցադրություններում կարելի է հանդիպել շրջազգեստների անպիսի բազմազանության, որ անկասկած յուրաքանչյուրը կգտնի իր ոճը:

Չնայած ներկայացված բազմազանությանը` գոյություն ունեն մի քանի միտումներ, որոնք ընդհանուր են բոլորի համար. օրինակ` շրջազգեստները հարուստ են պատկերներով, ապլիկացիաներով, մորթե կտորներով, վոլաններով, բոլորածալքերով ու ժապավեններով:
Նորաձևության միտումներից մեկն էլ ոչ սովորական մոտեցումն է. յուրաքանչյուրը կարող է որևէ հետաքրքիր բան ավելացնել շրջազգեստին, օրինակ` կտորին ծաղկի ձև տալ և ամրացնել կոնքին կամ խոշոր զարդ ամրացնել գոտկատեղին:

Այս տարի շատ նորաձև են նեղ, մինչև ծունկը հասնող և ծնկի վրա ավելի կիպ նստող շրջազգեստները: Նույն մոդելը կարելի է տեսնել նաև ոչ թե միդի, այլ մինի տարբերակով: Այս մոդելների ամենանորաձև նյութը կաշին է կամ նուրբ գործվածքը:

Բալոն-շրջազգեստներ. սրանք կարճ են, վերևի հատվածում` կոնքերի մոտ, լայն են, ունեն գրպաններ կամ դարսեր, որոնք ավելի են ընդգծում կնոջ կազմվածքը, իսկ ներքևի հատվածում, ըստ ցանկության, կարող են և մի փոքր նեղանալ: Այս մոդելը շատ գեղեցիկ է, հատկապես, բարձրակրունկ կոշիկի հետ:
Նորաձև են վոլաններով շրջազգեստները: Մի շտապեք ասել` ոչ: Սրանք կանացիություն և նրբություն են հաղորդում, անգամ ամենասառը երանգով շրջազգեստին: Ի դեպ, վոլաններն այս տարի ամենուր են` պիջակների, անդրավարտիքների, զգեստների և անգամ վերարկուների վրա:
Չափազանց երկար շրջազգեստներ. սա նորաձևության ամենահիթային մոդելներից է: Շրջազգեստը հասնում է մինչև ոտքերի ծայրը: Շատ գեղեցիկ է` նուրբ գործվածքով:

Նորաձև են նաև բոլորիս հայտնի գոդե-շրջազգեստները և ազգային տարազի տարրերով (վերաբերում է միայն գույներին ու պատկերներին) շրջազգեստները:

Ավելացնենք, որ ընտրելով ձեր ոճին համապատասխան շրջազգեստ` հագեք այն գոտկատեղին կապված հաստ գոտիով, այն է՛լ ավելի նորաձև ու հմայիչ կդարձնի ձեզ:

Դիտվել է 4108 անգամ:
Print Friendly

Leave a Reply