Մարգարեթ Թետչեր կամ անսանձ սնափառություն

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 31, 2010 15:31

Երկաթյա լեդին անցյալ դարի 80-ականներից սկիզբ առած տասնամյակի ամենատիրական կինն էր, նա ի պաշտոնե ստիպված էր միջնորդել ու նպաստել Ռոնալդ Ռեյգան – Միխայիլ Գորբաչով  փոխհարաբերությունների մեղմացմանը: Նա ուժեղ, սակայն ազնիվ, համառ, բայց հակառակորդի դրության մեջ մտնող, փառասեր, անդրդվելի ու սառնասիրտ գործիչ էր: Նրա մանրիկ ու դանդաղ քայլերով վերելքը իշխանության սանդուղքով սկսվել է Անգլիայի աղքատ դասի միջավայրից. դա անհավանական էր թվում, սակայն Մարգարեթն արեց անհնարինը:

Խանութպանի դուստրը, որ դաստիարակվել էր տարրական հարմարություններից զուրկ տան մեջ, որտեղ հոսող ջուր անգամ չկար, համարձակություն ունեցավ ներխուժելու տղամարդկանց իշխանության հուսալի պաշտպանվող ամրոց և դառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետ:

Խորաթափանցությունն ու նպատակասլացությունն օգնեցին Մարգարեթին  դառնալու անգլիական ԹՕՐԻ կուսակցության առաջնորդ, իսկ փառասիրությունը հնարավորություն տվեց իշխանության մեջ ավելի երկարակյաց լինելու, քան XX դարի որևէ այլ գործիչ: Ձեռք բերած  գիտելիքները հմտորեն կիրառելով, Թետչերն արեց ավելին, քան իր երեք նախորդները` միասին վերցրած: Նա կարողացավ պետական տնտեսության խորտակվող նավի ղեկանիվն  արագ ու արդյունավետ պտտել, և թերևս չգտնվեր մեկ ուրիշը, որ կարողանար այդպես լավ գլուխ հանել ստեղծված իրավիճակից:

Թետչերը համարձակվեց լինել ինքնատիպ, չնմանվեց ոչ ոքի: Հայրն ամեն օր, կաթիլ առ կաթիլ  ներշնչում էր այն համոզմունքը, որ չարժե նմանվել բոլորին: Ձեռներեց Ալֆրեդ Ռոբերտսը, որ հետագայում դարձավ քաղաքական գործիչ ու քարոզիչ, իր աղջկան ներշնչում էր անկախ լինել: Նա ասում էր.«Անկախներն են ղեկավարում, իսկ անբան պորտաբույծները հետևում են նրանց: Երբեք մի գնա ամբոխի հետևից, այլ ամբոխին տար քո հետևից»: Զինվելով հոր խրատներով` երիտասարդ Մարգարեթը դարձավ առաջնորդ, ում աշխարհը երկար կհիշի:

Նա ծնվել է 1925 թ. հոկտեմբերի 13-ին, Անգլիայի Գրենթհեմ քաղաքում, որը հայտնի է որպես մեկ այլ նշանավոր անգլիացու` Իսահակ Նյուտոնի հայրենիք: Ռոբերտսներն ապրում էին սուղ պայմաններում, առանց ավելորդությունների. ո՛չ մանկապարտեզ, ո՛չ հոսող ջուր և ո՛չ նույնիսկ զուգարան տան ներսում: Մարգարեթն իր հոր ու դերձակ մոր երկրորդ դուստրն էր և շատ նման հորը, ով իր երազանքներն աշխատում էր տաղանդավոր դստեր միջոցով իրականացնել: Գործարար,  անհրաժեշտության դեպքում նաև մեթոդիստ-բողոքականը պաշտում էր աղջկան,  նրանից կերտում կատարելություն: Նա տարրական կրթություն ուներ,  բայց նաև` սովորելու ու գիտելիքներ ձեռք բերելու անսահման ձգտում: Հայր ու դուստր միասին հաճախում էին գրադարան ու մեկ շաբաթվա համար երկու գիրք վերցնում` հերթով կարդալու համար: Հայրը չէր հանդուրժում «չեմ կարող» կամ «դա շատ դժվար է» արտահայտությունները: Աղջիկը պաշտում էր հորը ու երկար տարիներ կրկնում նրա պատգամը.«Դու ինքդ ես քո բանականության  արարիչը: Ոչինչ չանես զուտ այն բանի համար, որ այդպես անում են քո ընկերները: Երբեք չհետևես ամբոխին: Տար նրան քո հետևից, սակայն ոչ երբեք` քո առջևից»:

Մարգարեթը լավ է սովորել: Եղել է անհագուրդ ընթերցող և շատ ակտիվ մարզիկ: 5 տարեկանում դաշնամուրի է հաճախել, 9 տարեկանում` հաղթել պոեզիայի մրցույթում: Երբ տնօրենը շնորհավորելով ավելացրել է`«Մարգարեթ, ձեր բախտը բերեց», փոքրիկը հանդարտ տոնով պատասխանել է.«Դա հաջողություն չէ, այլ վաստակ»: Ընկերուհու վկայությամբ, Մարգարեթը գիտեր յուրաքանչյուր խոսքը տեղին օգտագործել այն տարիքում, երբ նրա հասակակիցները միայն  ձայնարկություններ էին արձակում: 10 տարեկանում հոր հետ հաճախում էր խորհրդի նիստերին, ինչի շնորհիվ նրա մեջ մշակվեց քաղաքական սրամիտ պատասխանների ճաշակը:

Շուտով հայրը դարձավ Գրենթհեմի քաղաքապետ: Մարգարեթն այդ ժամանակ սովորում էր միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվեց Օքսֆորդի համալսարան: 1947 թ. համալսարանն ավարտեց քիմիայի բակալավրի գիտական աստիճանով և աշխատանքի անցավ ցելյուլոիդային պլաստմասսաների հետազոտությունների ոլորտում: Նա Անգլիայի միակ վարչապետն է` բնագիտական կրթությամբ:

1951 թ. ամուսնացել է Դենիս Թետչերի հետ և  ունեցել երկվորյակներ: Հենց այդ ժամանակահատվածում էլ ընդունվել է իրավաբանական դպրոց և ավարտել այն 1953-ին` ստանալով իրավաբանի որակավորում: Դրանից հետո 5 տարի իրավաբանական գործունեություն է ծավալել:

Հետագայում նա իր մտածելակերպը բնութագրել է որպես տարաբնույթ կրթության արդյունք.«Սկզբում  ես գիտնական-հետազոտող էի, քանզի գիտության մեջ փաստերը դիտարկում ու եզրահանգումներ ենք անում, ապա դարձա փաստաբան. ուսումնասիրելով օրենսդրությունը` ուսումնասիրում ենք  կառույցները: Ու երբ որևէ գործընթաց ենք հանգուցալուծում, երբեմն հակասություն է առաջանում գործող օրենքների ու ներկա հասարակության միջև: Այդ ժամանակ  ստեղծում ենք նոր օրենքներ»: Անցած ուղին անհրաժեշտ էր ապագա քաղաքական գործչի  դաստիարակության համար, քանի որ նա արդեն ծանոթ էր գործարարությանը, օրենսդրությանը, հարկերին ու գիտական գործընթացներին:

1979-ին, երբ երկիրը հայտնվել էր ծանր կացության մեջ, իշխանությունը կորցրել էր լծակները, չկար մեկը, որ ստանձներ երկրի առաջնորդի պատասխանատվությունը: Սակայն «անհույս միջին դասից» ելած 53-ամյա կինը դժվարությունից վախեցող  չէր: Ստանալով ձայների 43,3 տոկոսը`  վարչապետ դարձավ:

Նա համոզված լավատես էր, գիտեր, թե ուր է գնում և ինչպես: Պառլամենտի նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտում էր Աբրահամ Լինքոլնից փոխառած մտքով.«Դուք չեք կարող ուժեղացնել թույլին` ուժեղին թուլացնելով, չի կարելի, հարուստներին վերացնելով, օգնել աղքատներին: Չեք կարող օգնել մարդկանց` նրանց փոխարեն անելով այն, ինչ կարող են ու պետք է անեն հենց նրանք»:

Մարգարեթն ինտուիտիվ  էքստրավերտ է`  օժտված վերլուծելու ունակությամբ: Ռուսները նրան մեծ ծառայություն մատուցեցին`  կնքելով «Երկաթյա լեդի» մականունով:  Հարգանքի առումով դա փոքր-ինչ խիստ էր, սակայն, մյուս կողմից, նրա կերպարին հզորություն էր հաղորդում, ինչն անհրաժեշտ էր  այդ պարագայում: Մի առիթով ասել է.«Ես պինդ չեմ, հակառակը, սարսափելի փափուկ եմ: Սակայն ոչ ոքի թույլ չեմ տա թունավորել ինձ: Չեմ հանդուրժի, եթե ինչ-որ մեկը փորձի կամքիս հակառակ ուղղորդել ինձ: Ես հոտի առաջնորդն եմ: Էլ ի՞նչ  առաջնորդ, եթե հոտն իր հետևից չի տանում»:

Թերևս ամենաուրույն հաճոյախոսությունը նրա հասցեին արել է Անգլիայի թագուհին` ասելով.«Նա խոսելիս ուղիղ նայում է աչքերիդ մեջ, ինչին քչերն են ընդունակ, եթե հատկապես խոսքը թագավորական տոհմի ներկայացուցչի մասին է»: Հոր խոսքով.«Մարգարեթը 99,5 տոկոսով կատարելություն է, իսկ մնացած 0,5 տոկոսն այն է, ինչին նա կհասներ, եթե փոքր-ինչ մեղմ լիներ»:

Թետչերն ուզում էր  թե՛ ընտանիք ունենալ, թե՛ կարիերա,  և  ունեցավ թե՛ մեկը, և  թե՛ մյուսը: Ընտանիքի մերձավորներից մեկի խոսքով.«Մարգարեթն անհավանական հաջողակ քաղաքական գործիչ էր, սակայն անհաջող մայր, ինչը ինքն էլ էր գիտակցում»:

Ճգնաժամը մղում է սխրագործությունների: Մարգարեթն իր կարիերայի ճանապարհին հաղթահարել է անթիվ խոչընդոտներ: Նա իր աննկուն ոգով և  ամենալավը լինելու նպատակաուղղվածությամբ բարձունքների հասավ:

Նա սիրում էր մեջբերել Սոֆոկլեսին.«Բավական է մեկ անգամ կնոջը դնես տղամարդուն հավասար մակարդակում, որ նա իսկույն սկսի գերազանցել տղամարդուն»:

1979-ին պաշտոնի անցնելուց առաջ կարդացած ճառում Թետչերն ասել է.«Այն ամենի համար, ինչ գիտեմ ու կարող եմ, պարտական եմ հորս: Նա է սովորեցրել ինձ նախ ծանոթանալ այն ամենին, ինչին հավատում եմ, ապա նոր միայն կիրառել: Իսկ ինչ դեպքեր ու պատահականություններ էլ լինեն,  փոխզիջման գնալ»:

Ջին  ԼԱՆԴՐԱՄի

«Տասներեք կին,

որոնք վերափոխեցին

աշխարհը» գրքից

Դիտվել է 3088 անգամ:
Print Friendly

Leave a Reply