ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգի միջեւ արոտավայրերի վարձակալության փաստաթղթի ստորագրման մասին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 6, 2013 12:29

“Ժողովուրդ” օրաթերթի 06.02.2013թ. “Ժողովրդի թիկունքում” հրապարակման կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2012թ. դեկտեմբերի 28-ին կայացած ասուլիսում (եւ ոչ թե դեկտեմբերի 26-ին, ինչպես գրում է թերթը) ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգի միջեւ արոտավայրերի վարձակալության փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին ի պատասխան բառացիորեն ասել է հետեւյալը (ներկայացնում ենք ասուլիսի սղագրությունը).

“Երեկ ես ստացել եմ նաեւ “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնության բաց նամակն այս հարցի հետ կապված եւ ուզում եմ հանրությանը տեղեկացնել, որ այս պահի դրությամբ որեւէ նմանատիպ փաստաթուղթ շրջանառության մեջ չկա: Նման գաղափարներ, առաջարկություններ առիթից առիթ ծնվում եւ քննարկվում են ոչ միայն Սյունիքի մարզի, այլ նաեւ հանրապետության տարբեր մարզերի վերաբերյալ: Օտարերկրյա տարբեր ներդրողներ, որոնք ցանկություն ունեն Հայաստանում ոչխարաբուծության զարգացմամբ զբաղվելու, այդ առաջարկություններով դիմում են: Սյունիքի մարզի առումով նմանատիպ փաստաթուղթ այս պահի դրությամբ ֆորմալ առումով չկա, շրջանառության մեջ դրված չէ: Մարզպետը Իրան չի այցելել, նմանատիպ փաստաթուղթ չի ստորագրվել”:

Մեջբերված հատվածից հետեւում է, որ

1. Ա. Գեւորգյանն իր խոսքում հաստատել է, որ նման առաջարկություններ եղել եւ քննարկվել են

2. Ինչպես դեկտեմբերի 28-ին, այնպես էլ այսօր` փետրվարի 6-ին, կարող ենք կրկնել, որ ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգի միջեւ Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալության հանձնելու վերաբերյալ որեւէ պաշտոնական փաստաթուղթ գոյություն չունի

3. Սյունիքի մարզպետի այցը Արեւելյան Ատրպատական տեղի է ունեցել 2013թ. հունվարի 14-15-ին, այսինքն, ասուլիսից հետո:

Ինչ վերաբերում է կառավարության անդամների գործելաոճի վերաբերյալ թերթի որակումներին, ապա դրանք առնվազն կոռեկտ չեն եւ ակնհայտ շահարկումների նպատակ ունեն:

Հրապարակման մեջ տեղ գտած մյուս դիտարկումների մասով առաջարկում ենք ծանոթանալ ՏԿ նախարարության փետրվարի 5-իպարզաբանմանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply