Շաքարային դիաբետ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 5, 2010 10:23

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում շաքարային դիաբետով տառապող մարդկանց թիվը շարունակում է աճել: Եթե 1990 թ. գրանցված էր 35500 հիվանդ, ապա 2007 թ. հիվանդների թիվը հասել էր 45501-ի:

Շաքարային դիաբետը ներզատական համակարգի հիվանդությունների մի խումբ է, որը բնութագրվում է ինսուլին հորմոնի պակասով կամ դրա լիակատար բացակայությամբ: Ինսուլինը սինթեզվում է ենթաստամոքսային գեղձում և կարգավորում է նյութափոխանակությունը: Ինսուլինի պակասի հետևանքով առաջանում են նյութափոխանակության լուրջ խանգարումներ, և գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ մեծանում է: Հետաքրքիր է, որ շաքարային դիաբետը հանդիպում է նաև որոշ կենդանիների, օրինակ` կատուների մոտ:

Շաքարային դիաբետի ամենատարածված տեսակներն առաջին և երկրորդ տիպի դիաբետներն են:

Առաջին տեսակի դիաբետ

Առաջին տեսակի դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձի էնդոկրինային բջիջները վնասվում են (օրինակ` սթրեսների, վիրուսային ինֆեկցիաների կամ որոշ հիվանդությունների պատճառով) և բավարար քանակությամբ ինսուլին չեն կարողանում սինթեզել: Այս հիվանդներն ինսուլինի մշտական կարիք են զգում: Դիաբետի այս տեսակը, որպես կանոն, զարգանում է մանկական կամ պատանեկան տարիքում և կազմում է դիաբետի բոլոր դեպքերի մոտ 10-15%-ը: Բուժման բացակայության դեպքում առաջին տեսակի դիաբետը շատ արագ է զարգանում և կարող է ծանր հետևանքների, նույնիսկ մահվան հանգեցնել: Հիմնական ախտանշաններն են` սաստիկ ծարավի զգացումը, մշտական հոգնածության զգացողությունը, քաշի կտրուկ կորուստը, ուշաթափությունները:

Երկրորդ տեսակի դիաբետ

Սա ավելի լայն տարածում ունի, քան առաջինը (բոլոր դեպքերի մոտ 85-90%-ը): Ավելի հաճախ է հանդիպում 40-նն անց մարդկանց շրջանում և, որպես կանոն, կապված է սխալ սննդի և քաշի ավելացման հետ: Մասնագետների խոսքերով, դրա ամենակարևոր պատճառներն են ֆիզիկական ակտիվության բացակայությունը և սխալ սնունդը, որը հանգեցնում է նյութափոխանակության խախտումների ու գիրության:

Երկրորդ տեսակի դիաբետի դեպքում բջիջները կորցնում են իրենց զգայունությունը ինսուլինի նկատմամբ, իսկ ինսուլինը սինթեզվում է, երբեմն նույնիսկ նորմից էլ ավելի շատ քանակությամբ:

Ի տարբերություն առաջին տեսակի դիաբետի` երկրորդը զարգանում է դանդաղ, բայց եթե հիվանդը չհսկի իր արյան մեջ շաքարի քանակությունը, կարող են առաջանալ մի շարք խնդիրներ, օրինակ` տեսողության խախտումներ, երիկամների աշխատանքի խախտումներ, մանր անոթների և նյարդերի վնասվածքներ և այլն: Վնասվել կարող են նաև մարսողական, սիրտանոթային և սեռական համակարգերը:

Երկրորդ տեսակի դիաբետի ախտանշանները երբեմն այնքան ակնհայտ չեն, ինչքան առաջին տեսակինը: Հիվանդները զգում են ուժեղ ծարավ, հաճախ են տարբեր տեսակի (մանավանդ միզուղիների) ինֆեկցիաներով տառապում: Երբեմն նկատվում է նաև օրգանիզմի ջրազրկում, քաշի կտրուկ կորուստ, հոգնածություն և այլն: Երբեմն էլ հիվանդներն ընդհանրապես ոչ մի ախտանշան չեն զգում և կարող են  չիմանալ էլ իրենց հիվանդության մասին, մինչև մի օր այն չհայտնաբերվի արյան հետազոտության միջոցով:

Կան նաև դիաբետի այլ տեսակներ (ինչպես, օրինակ, MODY-դիաբետը), բայց դրանք շատ ավելի հազվադեպ են և իրենց հիվանդության ընթացքով հիմնականում նման են առաջին կամ երկրորդ տեսակին:

Բոլոր դիաբետները համարվում են ժառանգաբար փոխանցվող հիվանդություններ: Ավելի ճիշտ, ժառանգաբար փոխանցվում է այս հիվանդության հակվածությունը, իսկ հիվանդանալը կախված է արդեն արտաքին պայմաններից և մի շարք հանգամանքներից:

Բուժումը

Այսօր շաքարային դիաբետն արդեն չի համարվում այնպիսի հիվանդություն, որը զրկում է մարդուն նորմալ ապրելու և աշխատելու հնարավորությունից: Բուժումն, իհարկե, կախված է դիաբետի տեսակից: Առաջին տեսակի դիաբետով տառապող մարդիկ պարտադիր ստանում են ինսուլինի ներարկումներ, մինչդեռ երկրորդ տիպի դիաբետի դեպքում հաճախ բավական է ճիշտ սնվելը և բժշկի նշանակած դեղերն ընդունելը:

Ճիշտ սնունդ հասկացությունն այս համատեքստում շատ հարաբերական և անհատական է: Դիետան կախված է մարդու տարիքից, ֆիզիկական ակտիվությունից, քաշից և շատ ու շատ այլ հանգամանքներից: Ճիշտ սննդակարգը, իսկ որոշ դեպքերում նաև խիստ դիետան, շատ կարևոր է թե՛ առաջին, թե՛ երկրորդ տեսակի դիաբետով տառապող մարդկանց համար:

Դիաբետով հիվանդ մարդու սննդակարգի գլխավոր նպատակը մարդու արյան մեջ շաքարի, ինչպես նաև յուղերի և խոլեստերինի պարունակությունը  չափի մեջ պահելն է: Կերակուրները պիտի լինեն տարատեսակ և պարունակեն բավարար քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և այլ օգտակար նյութեր: Միաժամանակ դիաբետիկի սնունդը պիտի ապահովի բավարար քանակությամբ էներգիայով և նպաստի հիվանդի քաշի կարգավորմանը, այսինքն` ավելացնի, եթե այն պակաս է, և պակասեցնի, եթե հիվանդն ավելորդ քաշ ունի:

Մասնագետներն ասում են, որ դիաբետով հիվանդ մարդու սնունդը պիտի բաղկացած լինի 55-60% ածխաջրերից, 20-25% յուղերից և 15-20% սպիտակուցներից:

Եթե դիաբետով հիվանդ մարդը հետևի իր սննդակարգին, ընդունի բժշկի նշանակած դեղերը և ֆիզիկապես ակտիվ լինի, նրա կյանքը միանգամայն լիարժեք  ու բնականոն կլինի:

Դիտվել է 24824 անգամ:
Print Friendly

Leave a Reply