«Մահացավ մինչև շտապօգնության գալը»

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 2, 2010 10:06

Մարտի 18-ն էր, կեսօրից քիչ անց: Գործընկերոջս  հետ Կոմիտաս փողոցի շուկայի մոտ գտնվող խանութներից մեկն էի մտել: Սովորաբար,  այդ խանութում հաճախորդներ շատ են լինում, վաճառողուհիներն էլ շատ դանդաղաշարժ են: Այդ օրը, սակայն, ինչ-որ բան ուրիշ էր: Բացի մեզանից ուրիշ հաճախորդ չկար, վաճառողուհիներն էլ սովորականից ավելի դանդաղաշարժ էին ու անընդհատ պատուհանի կողմն էին նայում:

«Աման դե ու՞ր են է», – ասաց նրանցից մեկը: Մենք էլ, բնականաբար, հետաքրքրվեցինք, թե ինչ է պատահել: «Էնտեղ մարդ ա վատացել, սկոռին էլ ինչքան ժամանակ ա` չի գալիս», – պատասխանեց վաճառողուհիներից մեկը:

Դուրս եկանք խանութից և միայն այդ ժամանակ նկատեցինք, որ խանութից  քիչ վերև ամբոխ է հավաքվել: Մարդիկ աղմկում էին, իրար մեջ ինչ-որ բան էին քննարկում: Մի քանիսն իրենց բջջայիններով էին խոսում: Երբ լարեցի լսողությունս, շատ զարմացա. երբեք չէի լսել, որ կանայք, այն էլ նման կիրթ տեսքով և լավ հագնված, խոսեին այդպիսի հայհոյանքներով: Բոլորը նույն բանն էին ասում հեռախոսով: Եվ նրանց խոսքերից կարելի էր հասկանալ, որ խոսում են շտապօգնության աշխատակիցների հետ և, կոպիտ թե մեղմ, փորձում էին պարզել, թե ինչու է շտապ օգնության բրիգադն այդպես ուշանում:

Հազիվ կարողացա ճեղքել ամբոխը, որպեսզի տեսնեմ` մեջտեղում ինչ է կատարվում: Գետնին պառկած էր մի կին` տեսքից բավականին երիտասարդ, գանգուր մազերով: Մի տղամարդ, չոքած կողքին, նրա թղթի նման սպիտակած ձեռքերն էր շփում, հետո կռանում էր, որ լսեր կնոջ շնչառությունը և համոզվեր, որ սիրտն աշխատում է: Նրանց կողքին երկու երիտասարդ ոստիկան էր կանգնած: Մեկը խնդրում էր մարդկանց այդքան չաղմկել, քանի որ աղմուկը կնոջ վիճակի վրա հազիվ թե դրական ազդեցություն ունենար: Երկրորդն  անհանգստացած շուրջն էր նայում և ամեն րոպե ռացիայով ինչ-որ բան էր հարցնում:

Գործընկերս վախեցած շրջվեց. «Խեղճ կինը… Արի գնանք, էլի…», – ասաց նա և ձեռքիցս քաշեց: «Ինչքա՞ն եք արդեն սպասում», – հարցրեցի կանանցից մեկին: «Երկար… Կես ժամից էլ ավելի արդեն,- ասաց կինը` շարունակելով նայել, թե ինչպես էր տղամարդն առաջին օգնություն ցույց տալիս:

Հաջորդ օրը նորից գնացի այնտեղ, որ հետաքրքրվեմ, թե ինչ պատահեց այն կնոջը (պարզվեց, որ անունը Շողիկ է): Ամեն ինչ հանդարտ էր արդեն, ամբոխ չկար, և կարելի էր հանգիստ խոսել շրջակա առևտրականների հետ: «Մահացավ մինչև շտապ օգնության գալը», – ասաց շուկայի վաճառողներից մեկը: Տարբեր ականատեսների հարցրեցի, թե երբ եկավ շտապ օգնությունը: Բոլորն ասացին, որ զանգից մոտ 40-50 րոպե հետո:

«Էկան ու շուտ իրանց մեքենան մտցրին, որ չհասկանանք` մեռած ա արդեն: Մենք էլ հարի՞ֆ ենք, որ չհասկանանք», – զայրացած պատմեց վաճառողուհիներից մեկը:

Ես գտա նաև այն տղամարդուն, որը նախորդ օրը Շողիկին առաջին օգնություն էր ցույց տալիս: Անունը Ռոման էր: Նա ասաց, որ դա սրտի նոպա էր. «Ճնշումը լրիվ իջած էր, սիրտը մեկ աշխատում էր, մեկ բոլորովին կանգնում էր… Չէր շնչում, արհեստական շնչառություն էինք անում…»:

Այդ 40 րոպեների ընթացքում կնոջ սիրտը երկու անգամ կանգնել է, և երկու անգամ արհեստական շնչառությամբ ու սրտի մերսումով նրան «հետ են բերել»: Ցավոք, միայն առաջին օգնության հնարավորությունները բավական չէին, որ փրկեին Շողիկին…

Զանգահարեցի շտապօգնություն, հերթապահ աշխատակիցը հարցիս պատասխանելու փոխարեն սկսեց բացատրել, որ եթե ազատ ավտոմեքենա լինում է, բրիգադը մեկնում է անմիջապես, իսկ եթե ոչ… Հարցրի` հաճա՞խ, և ինչքա՞ն ժամանակ չի լինում: Պատասխանի փոխարեն նա խորհուրդ տվեց դիմել ավելի իրավասու աշխատակցի և թելադրեց հեռախոսահամարը:  Այս դեպքում էլ, ցավոք, հստակ պատասխան չստացա, ընդամենը զայրույթի ու դժկամության առիթ տվեցի:

Դիտվել է 1610 անգամ:
Print Friendly

Leave a Reply