Ո՞վ կպաշտպանի վարորդին «տեռորիստ» ավտոստայանշչիկից
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | April 6, 2010 10:24
Բոլոր վարորդներին է ծանոթ այն տեսարանը, երբ կայանման ժամանակ հանկարծ ջինի պես հայտնվում է մի մարդ ու ոտուձեռ ընկած փորձում է ծառայություն մատուցել վարորդին, սակայն ոչ թե օգնում է, այլ խանգարում: Իսկ վերջում, երբ վարորդը փորձում է հեռանալ կայանման վայրից, կրկին ջինի պես հայտնվում է, որպեսզի պահանջի իր «ծառայության» վճարը: Շատերը վճարում են` առանց «խորանալու», շատերը` ավելորդ նյարդեր ու ժամանակ չվատնելու համար, սակայն լինում են նաև վարորդներ (բացարձակ փոքրամասնությունը), որոնք համարձակություն են ունենում պաշտպանելու իրենց իրավունքները և կուլ չգնալու անօրեն պարտադրանքին:
Ավտոճանապարհային ոստիկանները «խնամքով» հանում են սխալ վայրում կամ սխալ դիրքով կայանած վարորդի պետհամարանիշերը, սակայն երբևէ նկատել ե՞ք, որ օրենքի պահապանները հեռացնեն պետական ճանապարհներն ապօրինաբար զավթած և վարորդներին շորթող «հսկիչներին»: Իհարկե ոչ, քանի որ այդ հսկիչներն այդտեղ պատահաբար չեն հայտնվել. նրանք տերեր կամ, այսպես ասած, «կռիշ» ունեն, որոնք, հայտնի չէ` ինչ մութ լծակներով, իշխում են երևանյան փողոցներում, և որոնց ապահով հովանու տակ էլ կատարվում է դրամաշորթությունը:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանն ասում է, որ նախկինում ապօրինի ավտոկանգառների դրամահավաքության վերաբերյալ հաճախ էին բողոքներ ստանում վարորդ քաղաքացիներից, իսկ այժմ բողոքները նվազել են: «Սակայն դա չի նշանակում, որ խնդիրը լուծվել է,- ասում է նա,- երևի վարորդները հարմարվել են կամ պարզապես հոգնել»:
Քանի որ բողոքները նվազել են, կազմակերպությունն այդ ուղղությամբ հատուկ ծրագրեր չի մշակում: Եղոյանն ասում է, որ երբ ժամանակին իրենք ուզում էին հետաքրքրվել, թե ով է կարգավորում այդ ոլորտը, քաղաքապետարանը մատնանշում էր թաղապետարանները, թաղապետարանները` քաղաքապետարանը:
Մի տուժած վարորդ մեզ պատմեց, որ օրեր առաջ իր ավտոմեքենայի ապակին կոտրել են և գողացել կարևոր փաստաթղթերով լի պայուսակը: Դեպքը կատարվել է օրը ցերեկով, վարորդի աշխատավայրի շենքի դեմ դիմաց, որտեղ, ի դեպ, «շատ պարտաճանաչ» իր ապօրինի աշխատանքն է կատարելիս եղել նաև հսկիչը: Վարորդը պատմում է, որ ամեն անգամ հսկիչը մոտեցել է, որպեսզի վարորդը կայանման համար վճարի, սակայն ինքը մերժել է: Հայտնի չէ` ո՞վ պիտի պատասխան տա կատարված հանցագործության համար և ո՞վ պիտի հատուցի տուժած վարորդի ծախսերը: Չնայած դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, նույն տեղում հսկիչների ապօրինի գործունեությունը շարունակվում է:
«Վարորդների կողմից շատ են եղել բողոքներ, որ իրենք չեն վճարել ավտոկայանատեղիի հսկիչին, և իրենց մեքենան դիտմամբ վնասել են,- ասում է Եղոյանը,- փաստորեն, վարորդները տեռորի են ենթարկվում, երբ փորձում են պայքարել ապօրինի դրամահավաքության դեմ»:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Արսեն Գասպարյանը պարզաբանում է, որ այդ ոլորտի խնդիրները ժառանգություն են մնացել նախկինից, երբ 2000 թ. Երևանի խորհրդի որոշման համաձայն` այդ տարածքներն անհատույց, մշտական օգտագործման իրավունքով տրամադրվել են թաղապետարաններին, որոնք էլ դրանք որպես ավտոկայանատեղի օգտագործելու նպատակով վարձով տվել են այս կամ այն մասնավոր կազմակերպությանը: «Երևանի քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում ապօրինի կայանատեղիների ու դրամահավաքության համար,- ասում է նա,- քանի որ քաղաքապետարանն այդ ոլորտում անգամ տեսչական դեր չունի: Դա հանցագործություն է, որի դեմ պետք է պայքարի ոստիկանությունը»:
Ինչպե՞ս պետք է վարորդը տարբերի` տվյալ վայրում թույլատրվու՞մ է կայանել, թե՞ ոչ, կամ ավտոկայանատեղին օրինակա՞ն է, թե՞ ոչ:
«Դեռևս 2000 թ. քաղաքապետը որոշում է կայացրել, ըստ որի` կայանատեղին շահագործող կազմակերպության պարտադիր պարտականությունն է կայանավայրում պահպանել հետևյալ երեք չափանիշները. P նշանը, որը վկայում է կայանման թույլատրելիության մասին, կայանման ձևի ցուցատախտակը (թե ինչ դիրքով պետք է վարորդը մեքենան կայանի) և վճարովի ծառայության վերաբերյալ ցուցատախտակը, որում պետք է նշված լինի ծառայության արժեքը: Բացի այդ, ավտոկայանատեղիի հսկիչը վճարման դիմաց պարտավոր է կտրոն տալ վարորդին»,-նշում է քաղաքապետարանի աշխատակիցը:
ՀՀ ֆինանսների նախարարության շենքի հարակից տարածքում գործող ավտոկայանատեղիի հսկիչը հավատացնում է, որ իրենք օրինական դաշտում են աշխատում.«Ըհը, աղջիկ ջան, էս էլ չեկը,- ասում է նա ու ցույց տալիս դեղին թղթի կտորը, որի վրա գրված է ինչ-որ ՍՊԸ-ի անուն ու հասցե և կայանման արժեքը` ըստ ժամերի: Պարզվում է, որ կայանումը ժամավարձով է` մեկ ժամը 100 դրամ: Հետաքրքիր է, ինչպե՞ս է հսկիչը գրանցում կայանման ժամը: Բնականաբար` ոչ փայլուն հիշողության հաշվին: «է˜, աղջիկ ջան, ի՞նչ ժամավճար, ի՞նչ բան, էդ ուղղակի գրած ա, ըսկի պատահում ա, որ փող էլ չեն տալիս,- դժգոհ ասում է հսկիչը,- իմ մասը շատ վատն ա, անշարժ տեղ ա, հիմնականում էս նախարարության աշխատողների մեքենաներն են. առավոտը գալիս են, իրիկունը գնում»:
Ավտոմեքենաների անվտանգությունը զօրուգիշեր ապահովող հսկիչի աշխատավարձն ընդամենը 29 000 դրամ է, օրական հավաքվող 2000-2500 դրամն էլ հանձնում է կազմակերպությանը:
Շաբաթ-կիրակի օրերին անջյան փողոցին հարակից վերնիսաժի տարածքում աշխուժացող առևտրային եռուզեռին զուգահեռ ակտիվանում է նաև կեղծ ավտոկանգառների աշխատանքը: Նմանատիպ մի ավտոկայանատեղիի հսկիչն ասում է, որ աշխատում է միայն շաբաթ-կիրակի օրերին, քանի որ այդ օրերին «գործը լավ է գնում»: «Իմ հատվածը էս ստոլբից էն ստոլբեն ա, դրանից էն կողմ ուրիշն ա կանգնում,- ասում է նա` մատնացույց անելով 20-30-մետրանոց մի հատված,- իմ վրա պլան ա դրված` օրը 2000 դրամ: Արև լինի, անձրև լինի, գործ լինի, թե չէ, ես պիտի էդ 2000 դրամը տամ, բայց որ գործը լավ ա լինում, մի էդքան էլ ինձ ա մնում»:
Այն հարցին, թե ում է պատկանում ավտոկանգառը, և հսկիչն ում է վճարում «օրական 2000 դրամ պարտադիր պլանը», նա պատասխանում է. «Վերնիսաժին, ու՞մ…»: Մնում է կռահել` վերնիսաժ ասվածը ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձ է…
«Այժմ, երբ Երևանը դարձել է մեկ համայնք և ունի սեփական բյուջեն, քաղաքապետարանը շահագրգռված է, որ այդ ոլորտը շտկվի, և այդ ամբողջ գումարները, որոնք հայտնի չէ, թե ուր են գնում, մտնեն համայնքի բյուջե»,-ասում է Արսեն Գասպարյանը:
Ինչու՞ չեն պահպանվում քաղաքապետի 2000 թ. որոշման պարտադիր պայմանները (P նշանը, կայանման ձևի և վճարովի ծառայության վերաբերյալ ցուցատախտակները), և ո՞վ է պատասխանատու դրա համար. քաղաքապետարանի աշխատակիցը դժվարանում է պատասխանել և խորհուրդ է տալիս դա ճշտել թաղապետարանների հետ:
Փորձեցինք այդ հարցի պատասխանները գտնել Երևանի Կենտրոն թաղապետարանի առևտրի բաժնի պետի տեղակալի հետ հեռախոսազրույցում, սակայն վերջինս, տեղեկանալով քննարկվելիք հարցի մասին, դարձավ «անհասանելի»: Մինչև աշխատանքային օրվա վերջը չկարողացանք նրա հետ կապ հաստատել. կա՛մ տեղում չէր, կա՛մ զբաղված էր: Հաջորդ օրը պարզվեց, որ նա հիվանդ է և աշխատանքի չի եկել: Թաղապետարանի աշխատակիցն ասաց, որ հարցերն իր միջոցով փոխանցեմ պետի տեղակալին: Մի քանի րոպե անց «միջնորդ» աշխատակիցը փոխանցեց պատասխանը. «Այդ հարցերով այժմ զբաղվում է քաղաքապետարանը, և մենք այլևս ոչ մի կապ չունենք դրանց հետ»:
Աշխատակիցը զարմացած էր այն հարցից, թե ինչու ավտոկայանատեղիներում չեն պահպանվում պարտադիր երեք պայմանները: «Բայց մենք բոլոր կազմակերպություններին պարտադիր ասել ենք դրա մասին»,- ասաց նա:
Ձևավորված սխալ ավանդույթները շտկելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը ոլորտը կարգավորելու նպատակով մշակել է օրենքի նախագիծ: Ըստ Արսեն Գասպարյանի` օրենքի նախագծով սահմանվում է տուրքի նվազագույն և առավելագույն չափը, ավտոկայանման վճարի չափը, որը պետք է որոշի ավագանին, ավտոմատացման համակարգի գործունեությունը (յուրաքանչյուր մեքենայի վրա կտեղադրվի սարք, որը վարորդը պետք է միացնի հինգ րոպեից ավելի կայանելու դեպքում, իսկ չմիացնելու համար կտուգանվի): Իսկ նախորդ երեք պարտադիր պայմանները ուժի մեջ կմնան: Օրենքի նախագծում սահմանվում է նաև վարձակալման սկզբունքը, երբ կազմակերպությունը ավտոկայանատեղին վարձակալում է` իր աշխատակիցների համար անվճար ավտոկայանում ապահովելու նպատակով:
Ահա հարց է ծագում` այդ կազմակերպությունն իրավունք ունի իր վարձակալած ավտոկայանատեղին օգտագործելու միայն սեփական աշխատակիցների՞, թե՞ նաև իր բիզնեսի շահերի համար: Ըստ քաղաքապետարանի աշխատակցի` ոչ: Այդ դեպքում տարօրինակ չէ՞, որ կազմակերպությունը վարձակալի մի տարածք, որտեղ կարող են անվճար կայանվել նաև «այլ» ավտոմեքենաներ: Մասնագետը կարծում է, որ սկզբում անպայման վեճեր ու տարաձայնություններ կլինեն, սակայն, աստիճանաբար, ամեն ինչ իր տեղը կընկնի, և «այլ մեքենաները» պարզապես չեն կայանվի նման վայրերում:
Փաստորեն, նորից կգործի չգրված օրենքի «բիրտ» սկզբունքը, որն ի դեպ, գործում է նաև այսօր: Շատ խանութներ, սպասարկման ոլորտի կազմակերպություններ իրենց հարակից տարածքը վարձակալում են և որպես ավտոկայանատեղի օգտագործում իրենց բիզնեսն ավելի շահավետ դարձնելու նպատակով: Օրինակ` Աբովյան փողոցում գտնվող «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի դիմաց կայանման նշանով մի ցուցանակ կա, որի վրա գրված է. «Միայն հյուրերի համար»: Օրինակները շատ են, սակայն դա, ըստ քաղաքապետարանի աշխատակցի, անօրինական է ու անթույլատրելի:
Քաղաքապետարանի աշխատակիցը հույս է հայտնում, որ շուտով օրենքի նախագիծը կընդունվի, և շատ ու շատ հարցեր կկարգավորվեն:
Իսկ թե ինչպես կլուծվի թաղային հեղինակությունների ու «լավ տղերքի» «էս փողոցն իմն է, էս կանգառն իմն է» սկզբունքով գործող ապօրինի բիզնեսի հարցը, առայժմ անհայտ է…






Facebook
Tweet This
Email This Post
