Զարուհի Փոստանջյանի «զգուշացումը» Սերժ Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 5, 2013 18:42

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ասելով.

«Հարգելի´ պարոն Սերժ Սարգսյան, շուրջ երկու ամիս առաջ Դուք հայտարարեցիք, որ … արդեն սկսում եք վերջնախաղը…: Հասկանում ենք, որ, ցավոք, այդպես էլ չգիտակցեցիք, թե այդ տարիքում և այդ պաշտոնում «խաղեր» խաղալը ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև չափազանց վտանգավոր: Հասկանում ենք նաև, որ շարունակում եք խաղալ: Փաստորեն, երկու հայկական պետությունները վերածելով խաղադաշտի` Դուք Ձեզ և Ձեր սակավաթիվ սպասարկուներին մշտապես փաստացի դիտարկում եք որպես խաղաֆիգուրների, իսկ հայ ժողովրդին` զոհաբերության ենթակա խաղազինվորների»:

Փոստանջայնը  խոսել է նաև «աղետալի արտագաղթի, պետության բյուջեն գերազանցող արտաքին պարտքի, հայ-թուրքական և մադրիդյան հակազգային փաստաթղթերի, Հայոց պետությունում բազմաթիվ անպատժելի սպանությունների» մասին:

Պատգամավորը Սերժ Սարգսյանին «զգուշացրել է»`. «մենք չենք խաղում, և Ձեր համար թվացող ամենահնարավոր «խաղը» չի հանդուրժվելու և դառնալու է անհնար` հարկադրելու ենք ազատությունը, արդարությունը, ճշմարտությունը, դժվարությամբ, սակայն սիրով գործադրելու ենք մեզ պատկանող իրավունքի ուժը, զինված լինելով անսահման հավատով`   ապացուցելու ենք, որ Հայոց պետությունը` ներկայիս շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում երաշխավորելու է  հավասար իրավունքների հիման վրա արժանապատիվ կենսակերպ բոլորիս համար»:

Փոստանջյանն իր հայտարարությունն ավարտել է հետևյալ խոսքով.«Սիրելի հայրենակիցներ, միասին հնարավոր է»:

 

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply