Կիսաթաքուն գործելաոճ` կիսագրագետ և սիրողական մոտեցումներով. Աղվան Վարդանյանի գնահատականը հայ-իրանական «համաձայնագրին»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 5, 2013 18:30
Այսօր խորհրդարանում ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը պատգամավորների հայտարարության ժամին անդրադարձել է Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատականի նահանգի ներկայացուցիչների միջև կնքված հուշագրին և համաձայնագրին, ոստ որի Սյունիքի մարզից 52.000 հեկտար վարձակալության է տրվում իրանական կողմին՝ անասուններ տեղափոխելու և արածացնելու նպատակով:
Պատգամավորի խոսքով` ժամկետը 5-ից 10 տարի է: Մեկ հեկտարի վարձավճարը սկզբում անհայտ է, հետագայում աճելով՝ մինչև 25 դոլար: «Գոնե հայերեն տարբերակում կիսագրագետ, դասական ուղղագրությամբ, բազմաթիվ հարցական-անորոշություններով փաստաթղթեր են»,-ասաց պատգամավորը:
Նա հայտնեց, որ վաղը Ազգային ժողովում իրենք կփորձեն պարզաբանումներ ստանալ կառավարությունից: Դաշնակցության Սյունիքի մարզային կոմիտեն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգություններն ու տարակուսանքը հայտնելով: Սոցիալական ցանցերում խնդիրն ակտիվորեն քննարկվում է:
«Ի՞նչ է սա նշանակում: Ի վերջո, հարցը պետության տարածքի մի մասը վարձակալությամբ տալուն է վերաբերում: Որքանո՞վ է տեղին տարածքային մարմինների նման՝ չակերտավոր ինքնագործունեությունը: Եթե կայանա, այդ գործարքից ի՞նչ է շահելու մեր պետությունը, շահելո՞ւ, թե՞ կորցնելու են այդ տարածքների հարակից գյուղացիական տնտեսությունները, ի՞նչ է լինելու քաղաքական, հոգեբանական, բնապահպանական հետևանքը»:
Աղվան Վարդանյանը չանդրադարձավ վարձակալության համար սահմանված անորոշ գումարին. ըստ նրա` ինչ գումար էլ սահմանված լինի, նախ պետք է հաշվի առնել խնդրի ռազմավարական նշանակությունը և մեր երկրին սպառնացող ռիսկերը:
«Ի վերջո, հարց է առաջանում, եթե այս վարձակալությունը ձեռնտու է իրանական կողմին, և մենք ունենք նման մասշտաբի ազատ արոտավայրեր, ինչո՞ւ ինքներս չենք սուբսիդավորում կամ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրում մեր գյուղացիներին, ինչո՞ւ պետությունը չի ապահովում մսամթերքի և կաթնամթերքի երաշխավորված իրացում, ինչո՞ւ մեր գյուղացին կամ տնտեսավարողները իրենց ուժերով չեն կարող զարգացնել անասնապահությունը: Ինչո՞ւ չենք ուզում երկիրը լքել ցանկացող գյուղացու փոխարեն սոցիալապես ավելի ապահով բնակչություն և զարգացած անասնապահություն ունենալ,-հարցերի շարան հղեց պատգամավորը:
Այդուհանդերձ, ըստ նրա կա հարցերի հարցը՝ միջազգային հարաբերությունները ինչպե՞ս կարող են նման կիսագրագետ ու սիրողական մոտեցումներով դրսևորվել և կիսաթաքուն այս գործելաոճը որքանո՞վ է համապատասխանում իրավական, ժողովրդավարական պետության մեր կարգավիճակին:
«Սրանք հարցերն են: Գնահատականը՝ կառավարության պարզաբանումներից հետո»,-ամփոփեց Աղվան Վարդանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
